Եկեք օգնենք, որ բարին էլ ավելի ուժեղանա

Դավիթ Աթասունց

Գորիսի Ակսել Բակունցի անվան համար 1 դպրոց

5-րդ դասարան

Ողջո՛ւյն,  բարեկա՛մ.

Ես շնորհակալ եմ քեզ, որ շուրջ մեկ ամիս է՝ նվիրածդ առցանց գրքերով հաճելի ժամանակ եմ անցկանում: Սկզբից ուզում էի ընդամենը մասնակցել մրցույթին և կարդալ սահմանված քանակի (4 հատոր) գիրք, բայց արդեն չեմ հաշվում, թե քանիսն եմ կարդացել ու կշարունակեմ կարդալ մինչև վերջին գիրքը: Բոլոր հեքիաթներն էլ հետաքրքիր են և մեկ շնչով ընթերցվող: Սա այն դեպքն է, երբ ասում են՝ օգտակարը հաճելիի հետ: Շատ բան սովորեցի: Մեծ եղբորս հետ հաճախ ենք վիճում ամեն դատարկ բանի համար: Անկեղծ եմ գրում,  հեքիաթները կարդալուց հետո փորձում եմ ավելի հանդուրժող լինել, ներել, ավելի նրբանկատ լինել: Դա այնքան հեշտ է, չէ՞  որ անգամ մարդակերի աղջիկը կարող է բարի լինել և փրկել իր հոր ընթրիք հանդիսացող մարդուն («Մարդակերի աղջիկն ու խորհրդավոր վարպետը»):

Ես գիտեմ, որ աշխարհում չկա ծնող, որ իր երեխային չսիրի, բայց սիրելով հանդերձ՝ պետք է երեխաների մեջ լավ ու դրական հատկանիշներ դաստիարակեն, պետք է սովորեցնեն սիրել աշխատանքը, հասկացնեն, որ այդպես չեն կորցնի իրենց գեղեցկությունը, չէ՞ որ ասում են՝ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն: Մեկ ուրիշ խոսք էլ կա. «Գեղեցկությունն աշխատանքի մեջ է»: Ես սովորեցի, որ պետք է սիրել և հարգել ծնողին և եթե նա մի խնդրանքով դիմում է, պետք է անպայման կատարել և ոչ թե այն փոխանցել մեծ եղբորդ, որովհետև դու ծուլանում ես: Մինչ «7 կղզիների առասպելը» հեքիաթը կարդալը, անկեղծ ասած, այդպես էի վարվում. Ինչ ինձ ասում էին, որ անեմ, եղբորս ասում էի՝ դո՛ւ արա:

Սովորեցի, որ մարդը պետք է նպատակասլաց լինի, նպատակին հասնելու համար շատ սովորի, շատ չարչարվի: Սա էլ  «Խորամանկ սարդից» սովորածս: «Մանգոն» ինձ սովորեցրեց լինել ավելի ուշադիր հարազատներիս նկատմամբ, օգնել մարդկանց և չսպասել հատուցման: Ես բոլոր հեքիաթներից սովորեցի ուժեղ լինել, ուժեղ լինելու համար մի չնչին բան է պետք՝ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ: Մինչ այդ կարծում էի, որ եթե ես հանդուրժող լինեմ, ուրեմն վախկոտ եմ, եթե ինձ խփում են, ես ավելի ուժեղ պետք է խփեմ, որ չմտածեն, թե թույլիկ եմ ու վեհերոտ, ուզում էի՝ ամենալավը ես սովորեմ դասարանում, մրցակցում էի մյուս Դավիթի հետ, բայց հասկացա, որ սխալվել եմ: Բոլոր հեքիաթներում հաղթում է ԲԱՐԻՆ, ուրեմն բարին է ամենաուժեղը: Ընկերներիս խորհուրդ կտամ կարդան այս հեքիաթները, իրենք էլ սովորեն այն ամենը, ինչ ես, իրենք էլ իրենց օրը դարձնեն հետաքրքիր և օգտակար, իրենք էլ իմանան ուժեղ լինելու՝ հեքիաթների օգնությամբ իմ բացահայտած խորհրդավոր գաղտնիքը՝ ԲԱՐԻ ԼԻՆԵԼԸ,  չէ՞ որ ես արդեն ուզում եմ լինել բարի: Եթե բոլորը բարիանան, էլ կռիվ չի լինի հեքիաթներից դուրս՝ իրական աշխարհում: Բարիանալով, բարի գործեր կատարելով՝ մենք ավելի կուժեղացնենք մեր բարի հերոսին, եկեք օգնենք մեր ԲԱՐԻ ԲԱՐԵԿԱՄԻՆ: 

Հավանեցի՞ր. տարածիր