Իմ մոլորակում

Կիրիլլ Խաչատրյան

Ա. Չեխովի անվան N55 դպրոց

5-րդ դասարան

Իմ մոլորակում՝ հոգուս խորքում,

Կա մի աշխարհ՝

Կա մի փոքրիկ, գողտրիկ անկյուն՝

Հստակ, պայծառ, ուրախ աշխարհ՝

Լի ջերմությամբ ու բարությամբ,

Լի գույներով ու երգերով,

Նվիրումով ու մեծ սիրով:

Լռությամբ ու խաղաղությամբ,

Իմ մոլորակում՝ սրտիս խորքում,           

Սակայն անթիվ բարդ հարցերով…

Անծայրածիր տիեզերքում իմ մոլորակը՝ իր բնական միջավայրերի բոլոր բաղադրամասերի միասնությամբ, իր բազմազանությամբ՝ լեռներով ու հարթավայրերով, օվկիանոսներով ու ծովերով, գետերով ու լճերով, բույսերով ու կենդանիներով, ջինջ ու պայծառ երկնքով, արծաթե երկնակամարում երևացող պայծառ աստղերով, արևացոլ մայրամուտներով ու լուսաբացներով և, իհարկե, մարդկանցով ու կյանքով, անկրկնելի է և յուրահատուկ:

Իմ կարծիքով՝ մեր մոլորակը փոփոխությունների կարիք չունի: Այն իր հանելուկային կառուցվածքով, դեռևս չբացահայտված առեղծվածներով և չքնաղ գեղեցկությամբ անթերի է: Իսկ այն թելերը, որոնցով այդ բոլորը կապված են միմյանց, այնքան նուրբ են ու խոցելի, որ պահանջում են միայն առանց վնասելու պահպանել, հոգատար վերաբերմունքով խնամել ու գնահատել, չքանդելով ու չփչացնելով բարելավել մոլորակը:        

Այո՛, մենք ապրում ենք շատ հետաքրքիր ու յուրահատուկ մոլորակում, որի բնության բազմազանությունն ամբողջ մարդկության հարստությունն է: Ամեն մարդ պետք է իր հերթին հոգ տանի շրջակա միջավայրի մասին, բնության նկատմամբ լինի սրտացավ, պահպանի ու խնամի այն, ինչը տրվում է բնությունից:         

Մեր մոլորակում է մեր ծննդավայրը, հայրենիքը, որտեղ կերտել ենք մի ամբողջ պատմություն, ունենք կենցաղ, ձևավորել ենք մարդկային և բարոյական բարձր արժեքներ: Հենց այստեղ են իմաստավորվում գեղեցիկն ու յուրահատուկը, սիրելու, սիրվելու ու կարոտելու, տխրելու և ուրախանալու, միմյանց կարեկցելու և օգնելու զգացմունքներն ու ցանկությունները:

 Սա այն մոլորակն է, որտեղ ես ապրում եմ, բայց և ուզում եմ պատմել, որ հոգուս խորքում կառուցել եմ խոր մի աշխարհ՝ գաղտնի մոլորակ:

Երբ խոսում եմ այդ «գաղտնի մոլորակի» մասին, միանգամից լցվում եմ անսահման սիրով, պարտքի գիտակցմամբ և նվիրվածությամբ: Ուզում եմ սրբացնել ու երբեք չաղավաղել ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԾՆՆԴԱՎԱՅՐ գաղափարները: Ուզում եմ այս գաղափարներին միշտ արժանի լինել և կարողանալ ամուր ու բարձր պահել այս կարևոր արժեքները:

Իմ պատկերացրած երևակայական մոլորակում կան բազում ու անհամար հարցեր, որոնց պատասխանները ես փորձում եմ գտնել և ամեն անգամ ինձ համար նորովի բացահայտել դրանք:

Իմ մոլորակում ամեն ինչ ուրախ է ու գունավոր, պայծառ է, մաքուր ու պարզ, խաղաղ է ու բարի: Իմ հոգու խորքում և սրտիս մի փոքրիկ անկյունում պատկերացրած մոլորակում սերն է իշխում, ամեն ինչ գեղեցիկ է թվում ոչ միայն արտաքինից, այլ իսկական գեղեցիկը իմ մոլորակում թաքնված է: Այդ գեղեցիկը կարող է տեսնել և զգալ միայն նա, ով իսկապես կցանկանա նկատել, ով ունակ կլինի նրբորեն թափանցել իմ մոլորակի ամեն անկյունը, ով նրբանկատորեն կկարողանա լսել լռության ձայնն ու շրշյունը: Հիմա կհարցնեք՝ հնարավո՞ր է արդյոք լսել լռության ձանը, ինչպե՞ս կարող է լռությունը ձայն ունենալ: Իսկ ես կասեմ, որ միայն լռության մեջ մենք կարող ենք զգալ երփներանգ ծաղիկների անուշաբուրությունը, լսել այդ դրանց վրա նեկտար հավաքող մեղուների բզզոցը, վայելել թռչունների դայլայլը: Այդ փոքրիկ, բայց ուրախ մոլորակում ամենուր բարությունն է տիրում և մեղմ քամու նման անընդհատ տարածվում շուրջբոլորը: Մոլորակի ամեն փողոցի ու այգու անկյունը լցված է հոգատարությամբ, ջերմությամբ ու մարդասիրությամբ: Իմ մոլորակում ինձ համար կարևոր է այն, որ անընդհատ ձգտում եմ սովորել ավելին, ընդօրինակել օրինակելին, լավ ու բարի արարքները, խնամքով աճեցնել ու փայփայել ազնվությունն ու համեստությունը:

Հավանեցի՞ր. տարածիր