Մանե Ժամխարյան
Ս. Դարբինյանի անվան համար 2 հիմնական դպրոց
4-րդ դասարան
Ողջո՛ւյն, ես Մանեն եմ։ Շուտով կլրանա իմ տասը տարին։ Ես շատ երազանքներ ունեի, հետո լսեցի՝ ինչպես է արկը երկնքում պայթեցնում թշնամական անօդաչու թռչող սարքը։ Արկի՝ երկինք սլացող ձայնի հետ ինձանից հեռու-հեռու էին գնում իմ բոլոր երազանքները, մանկական երազանքները։
Ձեռքս եմ վերցնում գլոբուսը, պտտում և աչքերս փակ՝ ցուցամատով կանգնեցնում։ Եմենում եմ։ Այստեղ է ապրում իմ հասակակից Ահմեդը։ Ահմեդը ևս շատ երազանքներ ուներ։ Նա երազում էր նոր հողաթափերի մասին, հներն ամբողջությամբ մաշվել էին և ոտքերը պատվել էին վերքերով՝ ճամբարից ճամբար տանող ճանապարհներին։ Իսկ հիմա նա հույս ունի, որ մարդասիրական օգնությունը՝ սնունդը, ժամանակին տեղ կհասնի։ Աշխարհի մեծերը չեն մոռանա իր և իր նման հարյուրհազարավոր եմենցի երեխաների մասին, ովքեր տառապում են թերսնուցումից, կամ, որ ավելի վատ է, մահանում են սովից։ Ահմեդն ուզում է ողջ մնալ, որ կարողանա իրականացնել իր երազանքը։
Ապահով և խաղաղ կյանքի մասին խոսելիս ծնողներս հաճախ նշում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, կարծես թե այն երազանքների դրախտային երկիր է։ Որոշում եմ այս անգամ գլոբուսով «տեղափոխվել» ԱՄՆ։ Իմ տարեկից Աշլին ընտանիքով բնակվում է Կալիֆոռնիա նահանգում։ Չնայած իր տարիքին՝ Աշլին բավականին ծանրաքաշ է (դասընկերները նրան գեր, իսկ երբեմն նաեւ «խոզ» են կոչում)։ Ամեն ուրբաթ ամբողջ ընտանիքով նրանք պիցցա են ուտում և ֆիլմ դիտում։ Աշլին ևս շատ երազանքներ ուներ, անհամբեր սպասում էր ծննդյան օրվան, երբ նվեր կստանար ամենավերջին մոդելի հեռախոս։ Բայց ծնողներերի սովորական վիճաբանությունները գնալով ավելի հաճախակի դարձան և մի ուրբաթ՝ պիցցա ուտելու փոխարեն, իմացավ, որ հայրիկն ու մայրիկը պատրաստվում են ամուսնալուծվելու։ Հայրը բացատրում էր, որ տխրելու պատճառ չկա, այսուհետ նրա կյանքում ամեն ինչ կրկնակի է լինելու. կունենա երկու տուն, ծննդյան տարեդարձը երկու անգամ կնշի և բացի նոր հեռախոսից՝ այլ նվեր էլ կստանա։ Աշլիի համար աշխարհում ամենապահով վայրն իր տունն էր, իսկ հիմա այն չկա՝ ծնողներն «ավելի կարևոր» գործերով էին զբաղված։ Աշլին արդեն նոր երազանք ունի։
Ռիո դե Ժաներիոյի մարդաշատ փողոցներով արագ այսուայնկողմ վազող մուլատ տղան՝ Կառլոսը, ևս իմ հասակակիցն է, թեև չգիտի իր ծննդյան հստակ օրը։ Կառլոսը բրազիլիացի հազարավոր ընկեցիկ երեխաներից մեկն է, ով ապրում է փողոցում և իր կյանքը միայն ողջ մնալու պայքար է։ Կառլոսը ևս ունի երազանքներ։
Տատիկս հեռուստանովել էր դիտում, երբ զարմանքից աչքերս քարացան։ Ինձից փոքր աղջիկն արդեն ամուսնացած էր։ Հնդկաստանի և աշխարհի շատ այլ երկրներում երեխաների ամուսնությունը սովորական բան են համարվում։ Այդպիսի մի աղջիկ էլ Պրիանկան է։ Նա իր ընտանիքի առաջին զավակն էր, որ դպրոց էր գնում և արդեն տառաճանաչ էր, բայց մի օր տուն վերադառնալիս պարզում է՝ այլևս ուսանել չի կարող. նա նշանված է իրենից մեծ տղամարդու հետ, ում երբեք չի էլ տեսել։ Պրիանկան ևս շատ երազանքներ ուներ և կարծում էր դպրոց գնալով՝ հետզհետե կհասնի դրանց իրականացմանը, բայց հիմա այլ բանի մասին է երազում։
Իմ ամեն հաջորդ տարեդարձին տան մեծահասակներն ինձ հիշեցնում են, թե արդեն մեծ եմ և իմ պարտականությունները ևս շատանում են. պետք է ավելի ուշադիր լինեմ կրտսեր քույրիկիս և եղբորս նկատմամբ։ Ահա աֆրիկացի Մալեքը ևս պարտականություններ ունի իր փոքր եղբայրների և քույրերի հանդեպ։ Թեպետև դեռ ընդամենը տասը տարեկան է, հոր մահից հետո, որպես ընտանիքի ավագ աշխատում է կակաոյի պլանտացիայում ։ Նա դպրոց չի հաճախում, ոչ մի անգամ հեռախոս չի տեսել։ Մալեքն անգամ չգիտի՝ ինչ համ ունի շոկոլադը: Առաջ նա կարող էր իրեն շատ երազանքներ թույլ տալ, հիմա մեկ երազանք ունի միայն։
Ես՝ պատերազմ տեսած Մանեն, սովից տառապող Ահմեդը, անտեսված և ծաղրվող Աշլին, ապրելու համար ամեն օր պայքարող Կառլոսը, իր կամքին հակառակ ամուսնության պարտադրված Պրիանկան, ապրուստը ծանր աշխատանքով վաստակող Մալեքը դիմում ենք մեծերին և ասում. դուք ստեղծել եք բազմաթիվ կանոններ, օրենքներ, որոնցով պարտավորվում եք մեզ՝ երեխաներիս համար հոգ տանել, բայց մենք շարունակում ենք ձեր եսասիրական գործողությունների զոհը դառնալ։ Ձեր քայլերը մեզանից խլում են մեր մանկական երազանքները:
Անկախ պետությունների սահմաններից, անկախ նրանից, թե ինչ լեզվով ենք մենք խոսում, մեզ՝աշխարհի երեխաներիս, միավորում է երազելու կարողությունը, իսկ եթե երազում ես, ուրեմն քո մեջ դեռ ապրում է երեխան։