Ինչ է պատահում երեխաների հետ, երբ նրանք սկսում են ստել: Մեկի ականջներն են կարմրում, մյուսն սկսում է կակազել: Իսկ մեր հերոսի’ Պինոքիո անունով տղայի քիթը ստելիս երկարում էր: Եվ որքան շատ էր ստում, այնքան ավելի էր երկարում:
Այս հեքիաթը հրապուրիչ և միաժամանակ հուզիչ պատմություն է կախարդական աշխարհի մասին, որտեղ ապրում են բարի վարպետ Ջեպետոն, Խոսող Ծղրիդը, խորամանկ Կատուն և Աղվեսը, տխուր Առլեքինոն, բարի Փերին և շատ ու շատ այլ հերոսներ: Փայտե տիկնիկը երազում է իսկական տղա դառնալու մասին, սակայն մինչ կապտածամ փերին կկատարի Պինոքիոյի երազանքը, վերջինս պետք է անցնի ծանր փորձություններով, ունենա զարմանահրաշ արկածներ և շատ բան սովորի:
Հեքիաթի հերոսների և մանկական պարզ սյուժեի միջոցով հեղինակը անդրադառնում է բոլոր ժամանակների համար կարևոր թեմաների’ կրթությանը, սեփական խելքով ապրելու կարողությանը, պարտքի զգացումին, հարազատներին հոգ տանելուն և դժվարություններին դիմակայելու ունակությանը’ առանց թևաթափ լինելու կամ հանձնվելու: Գիրքը ներկայացնում է հասունացման բարդ խնդիրը, իսկ Պինոքիոյի արկածների հեքիաթային հանգամանքները, նրա վարքը, հանդիպումները և ոչ հեշտ տրվող որոշումներն ընթերցողին կսովորեցնեն պատասխանատվություն կրել սեփական արարքների համար, տարբերել ճիշտը ստից: Այս հրաշալի գրքի ընթերցումը միշտ ուրախություն է պարգևում երեխաներին և մեծահասակներին: