Հայկական կոխը

Կոխն աշխարհի ամենահին մարտարվեստիներից է։ Այն զուտ հայկական է սպորտաձև է՝  ըմբշամարտի հայկական տեսակը, իսկ որոշ առումներով նման է նաև սամբոյին։ Կոխի մասին վկայություններ կարդում ենք Հայաստանով անցած շատ ճանապարհորդների հուշագրություններում։

Կա կոխի երկու տեսակ՝ Լոռվա և Շիրակի։ Լոռվա կոխի ժամանակ ըմբիշները հագնում էին հատուկ հանդերձանք և գետնելու կամ հրելու հնարքների ժամանակ կարող էին բռնել հակառակորդի հագուստից։ Իսկ Շիրակի կոխի ժամանակ ըմբիշները մրցում էին միայն հատուկ վարտիքով, և նրանց թույլատրված էր բռնել հակառակորդի ոտքերը։

Կոխում ըմբիշները գոտեմարտում են 7-9 մետր տրամագծով մրցագորգի վրա։ Մրցման տևողությունը 8 րոպե է։

Հաղթանակը տրվում է մի քանի դեպքում․
ա) երբ ըմբիշը մրցակցին գցում է թիակների վրա․
բ)  երբ մրցակցի թիկունքի և մրցագորգի միջև եղած անկյունը հասնում է 90 աստիճանի․
գ) երբ ըմբիշը մրցակցին դնում է «կամուրջ» դրության մեջ․
դ) երբ մրցակիցներից մեկը մյուսի նկատմամբ ձեռք է բերում 10 կամ ավելի միավոր։

Եթե մինչև մարտի ավարտը մաքուր հաղթանակ չի գրանցվում, ապա այն պարզապես շնորհվում է ավելի շատ միավորներ վաստակած մարզիկին։

Համաձայն ֆրանսիացի հետազոտող Հենրի Չարդինի ուսումնասիրությունների՝ կոխը հայ իրականության մեջ տարածված է եղել շատ հնուց։ Հայտնի է, որ դեռևս հեռավոր 281 թվականին հայոց Տրդատ Երրորդ արքան որպես ըմբիշ մասնակցել է Օլիմպիական խաղերին և դարձել չեմպիոն։

Կոխը մեծ ժողովրդականություն է վայելել և անգամ կազմել է շատ արարողությունների բաղկացուցիչ մասը։ Օրինակ՝  հարսանիքների ժամանակ կոխ էին բռնում հարսի ու փեսայի հարազատները։

Գյուղական վայրերում մինչև վերջերս էլ՝ դեռ մի քանի տասնամյակ առաջ, կոխը շատ տարածված էր։ Սակայն այն այսօր էլ ամբողջությամբ չի մոռացվել․ կանոնները հայտնի են, հանդերձանք միշտ էլ հնարավոր է կարել, այնպես որ ցանկացողները կարող են շարունակել իրենց պապերի ավանդույթը։ 1957 թ․ Գ. Թումանյանն անգամ ուսումնական ձեռնարկ է հրատարակել՝ «Կոխ։ Հայկական գոտեմարտ»։ Ներկայումս կոխի մրցամարտեր կազմակերպվում են որևէ ազգային-ավանդական տոնակատարության, փառատոնի ժամանակ՝ ավելի շատ իբրև հանդիսության մաս։ Բայց կա նաև կոխի հայկական ֆեդերացիա։

Հավանեցի՞ր. տարածիր