Հասմիկ Գալստյան
Գավառի համար 5 հիմնական դպրոց
4-րդ դասարան
Կար-չկար, մի փոքրիկ աղջիկ կար: Նրա անունը Հասմիկ էր, ճիշտ այնպես, ինչպես սպիտակ, անուշահոտ հասմիկ ծաղիկը: Նա շատ էր սիրում ճամփորդել հեքիաթների աշխարհում: Մի օր էլ զբոսնելիս նա նկատեց մի կախարդական ծառուղի, որից ճյուղավորվում էին այլ ծառուղիներ և յուրաքանչյուրի մուտքի մոտ ցուցանակ էր կախված: Հասմիկը կարդաց առաջին ծառուղու ցուցանակը, որի վրա գրված էր «Զարմանահրաշ հեքիաթներ» և անհամբերությամբ ներս մտավ: Նա հերթով ուսումնասիրեց այս ծառուղու հեքիաթները: Երազկոտ Իերգից և Բարձր փետրավորից նա սովորեց երազել և ամեն գնով հասնել իր երազանքներին, անգամ եթե դրանք ամենաանհավանականն են թվում, և ոչ ոք չի հավատում, որ դրանք կարող են իրականանալ: Ջրահարսից նա սովորեց սիրել անձնուրաց և առանց ակնկալիքի: Արծաթե դրամից նա իմացավ, որ այս կյանքում կարելի է երջանիկ լինել միայն այն դեպքում, երբ քեզ հարգված ես զգում: Կապույտ լուսացույցը Հասմիկին սովորեցրեց մտածել ավելի խորը և տեսնել երևույթների էությունը, այլ ոչ թե միայն արտաքինը: «Թիթեռնիկը» հեքիաթի շնորհիվ Հասմիկը հասկացավ, որ պետք չէ շարունակ կենտրոնանալ մյուսների թերությունների վրա, քանի որ դա ի վերջո լավ բանի չի բերի, չէ որ թերություններ ունեն բոլորը: «Մարդակերի աղջիկն ու խորհրդավոր վարպետը» հեքիաթից նա սովորեց, որ այն, ինչը քեզ է պատկանում, վաղ թե ուշ քոնը կլինի, ինչքան էլ որ չար մարդիկ խանգարեն: Հետո Հասմիկը մտավ մյուս ծառուղին, որի ցուցանակի վրա գրված էր «Կախարդական հեքիաթներ»: Իրոք որ կախարդական էր այս ծառուղին. հեքիաթները մեկը մյուսից ավելի հիասքանչ ու մոգական էին: «Տան հաջողությունը» հեքիաթից Հասմիկը հասկացավ, թե որքան հաշտ պետք է լինի իր փոքրիկ եղբոր հետ, չէ՞ որ տան վեճերը կարող են վախեցնել Հաջողությանը, որն ընդմիշտ կհեռանա ընտանիքից: Վասիլիսան Հասմիկին ցույց տվեց, թե որքան հզոր է մայրական օրհնանքը՝ ասես մի հզոր վահան, որ պահպանում է չարից: Ուրաշիման Հասմիկին ասաց, որ պատրանք է կարծելը, թե մահը հեռու է իրենից ու դեռ մի ամբողջ հավերժություն կա մինչև իր այն: Հասմիկը այնքան էլ չէր սիրում այս թեմայով խոսել ու արագ անցավ Ուրաշիմայի մոտով: Իսկ Մա Լյանը նրան շատ դուր եկավ, չէ՞ որ իր պես լավ էր նկարում: «Մի զույգ մաշիկ» և «Մա լյանը և կախարդական վրձինը» հեքիաթները Հասմիկին սովորեցրին, որ պետք է գոհանալ եղածով, այլապես կզրկվես նաև քո ունեցած քչից: Իսկ «Բարի գործը» հեքիաթի հերոսը աղջկան մի շատ կարևոր գաղտնիք բացեց՝ եթե անգամ մի աննշան բարի գործ անես, այն ավելի մեծ չափով կվերադառնա քեզ: Հազարան Բլբուլը Հասմիկին ասաց, որ ոչ ոք չի կարող խլել մարդուց այն, ինչ ինքը իր սեփական ուժերով ու ջանքերով է ձեռք բերել: Հանկարծ մի թփի հետևից դուրս ցատկեց փոքրիկ Սիսեռիկը և պատմեց, թե ինչ մեծ գործեր է արել ինքը ծնողների և ժողովրդի համար: «Մի տես, է՛, ճստիկ է, բայց պստիկ է»,- մտածեց Հասմիկը: Աղջիկը դուրս եկավ այդ ծառուղուց և մտավ «Իմաստուն հեքիաթներ» կածանը: Այստեղի հեքիաթներից Հասմիկը սովորեց, որ պետք չէ եսասեր լինել, քանի որ դա վերջում լավ բանի չի բերի, ինչպես եղավ «Կտցահարված սիրտը» հեքիաթում. ավելի լավ է Եսասեր հսկայի պես ժամանակին հասկանալ դա և ուղղել սխալը, իսկ շատ ավելի լավ կլինի ապրել «Մարդն իր համար չի ծնվում» հեքիաթի հերոսի՝ Դավադորժիի պես և բարիք գործել ուրիշների համար, որպեսզի կյանքը տասնապատիկ ավելի վերադարձնի հետ: Հասմիկը հանդիպեց իմաստուն կռունկին և երկու թագավորներին՝ Սողոմոնին և Սուլեյմանին, որոնք նրան պատմեցին, որ մարդկային կյանքը քաղցր է, երբ շրջապատված ես մտերիմներով ու հարազատներով: Իմաստուն Անահիտը Հասմիկին բացատրեց, որ անկախ նրանից՝ մարդն ինչ պաշտոն ունի, նա պետք է տիրապետի ինչ որ արհեստի, որպեսզի ամենածանր պահին այդ այն օգնի նրան: «Չկա չարիք՝ առանց բարիք» հեքիաթից Հասմիկը սովորեց, որ անգամ այն ժամանակ, երբ ամեն բան շատ վատ է, պետք չե տխրել, չէ՞ որ գուցե դրա շնորհիվ ազատվես մի մեծ փորձանքից: Այս ծառուղում էին նաև երկու իմաստուն այրերը «Հայրական երեք խորհուրդ» և «Թե ինչպես հայրը որդուն խելք սովորեցրեց» հեքիաթներից, որոնք իրենց կյանքի փորձով անբան որդիներին սովորեցրին աշխատել, սիրել աշխատանքը, հասկանալ, որ ազնիվ աշխատանքից լավ բան չկա: «Անգին քարը» հեքիաթի Սայիդը Հասմիկին սովորեցրեց պայքարել անարդարության և անազնիվ մարդկանց դեմ, իսկ նույն հեքիաթի Իբրահիմն ասաց, որ պետք է միշտ գոհ լինել ունեցածից, քանի որ ավելի շատի ձգտելով՝ կարող ես զրկվել նաև քչից: «Իմաստուն տղան» հեքիաթից Հասմիկը հասկացավ, որ անգամ դատավորը շատ բան կարող է սովորել մի փոքրիկ երեխայից: Հասմիկը այս ծառուղուց դուրս եկավ և մտավ «Հեքիաթային ճամփորդություններ» ծառուղին: Այստեղ նա հանդիպեց «Ոսկե քաղաքը» հեքիաթին, և իմացավ, որ երջանկությունը բոլորովին առնչություն չունի ոսկու հետ, քանի որ ոսկին հողից են հանում, իսկ երջանկությունը սրտից է բխում: «Վուշը» հեքիաթից Հասմիկն իմացավ, որ անգամ ամենադժվարին իրավիճակներում պետք է լինել լավատես, համբերատար և չհուսահատվել: Լյու եղբայրները աղջկան սովորեցրին, որ միասնությունը ամենամեծ ուժն է: Իսիմբոսիի շնորհիվ Հասմիկը սկսեց հավատալ իր ուժերին և գնալ իր նպատակների ու երազանքների հետևից: «Անճոռնի բադիկը» հեքիաթից նա հասկացավ, որ միայն ազնիվ ու բարի սիրտն է, որ զարդարում է մարդ էակին և նրան դարձնում ամենագեղեցիկը: Հասմիկը շատ հավանեց «Ճամփորդները» հեքիաթի աքաղաղի սրամտությունը և մեկ անգամ ևս համոզվեց, որ միասնական լինելը շատ փորձանքներից կարող է ազատել: «Տղան և օձը» հեքիաթը աղջկան սովորեցրեց, որ կյանքում լինում են դեպքեր, երբ նույնիսկ ամենամեծ լավությանը կարող են չարությամբ հատուցել՝ երախտամոռ օձի պես: «Կարմրատամ Աինը» հեքիաթից փոքրիկ Հասմիկը մեկ կրկին ականատես եղավ, որ մայրական օրհնանքը հզոր պաշտպան է չարից ու փորձանքից, իսկ «Հայրական տան մեխը» հեքիաթից նա սովորեց հետևյալը. հաջողությունը միշտ ժպտում է նրանց, ովքեր նվիրված են իրենց տանը և հայրենիքին:
Հասմիկը որոշեց, որ երբ տուն հասնի այս հեքիաթների մասին կպատմի իր ընկերներին ու եղբորը, որպեսզի նրանք էլ հարստանան ու ավելի իմաստուն դառնան:
Աղջիկը ծանոթացավ նաև մյուս վեց ծառուղիներին, որոնք հիացրին նրան, հարստացրին ներաշխարհըն, սակայն այստեղ մեր թանաքը սկսում է վերջանալ և պատմությունը մնում է կիսատ… կամ՝ շարունակելի…