Հապա պատկերացրո՛ւ. դու ապրում ես մոտ 130 տարի առաջ: Տանն ես: Դասընկերդ ապրում է կողքի փողոցում: Դու ուզում ես նրանից իմանալ դասի տեղը, բայց հիվանդ ես և տնից դուրս գալ չես կարող: Գուցե գրությո՞ւն ուղարկես փոստային աղավնու միջոցով: Թե՞ սուրհանդակին խնդրես` վազքով գնա հարևան փողոց և ընկերոջիցդ հարցնի դասի տեղը: Բայց ո՛չ փոստային աղավնի ունես, ո՛չ էլ սուրհանդակ: Բա ի՞նչ անել:
Ահա այսպիսի բարդ կացության մեջ էին այն ժամանակի մարդիկ, քանի դեռ չէր ստեղծվել հեռախոսը:
Հրաշքների հրաշք անվանեցին հեռախոսը, երբ առաջին անգամ տեսան, թե ինչպես է մի մարդը խոսում լսափողի մեջ, իսկ մյուսը լսում` գտնվելով հարևան սենյակում:
Ալեքսանդր Բելլ անունով մի մարդ հայտնագործեց այդ սարքը, որով հնարավոր էր ձայնը փոխանցել մի կետից մյուսը: Ձայնը սկզբում վատ էր լսվում` ցածր ու խռխռոցով: Բացի այդ, հեռախոսով հնարավոր էր խոսել մինչև 250 մետր հեռավորության վրա: Բայց միևնույն է` մարդիկ հիացած ու ապշած էին այդ սարքով:
Հետագայում հեռախոսը շատ փոփոխվեց, մինչև ի վերջո ընդունեց մեզ ծանոթ հեռախոսի տեսքը: Իհարկե, ավելի լավացավ ձայնի որակը, մեծացավ խոսելու հեռավորությունը:
– Մի՛ստր Վաթսըն, եկեք այստե՛ղ, ես ուզում եմ տեսնել Ձեզ:
Սրանք են առաջին բառերը, որոնք Բելլն ասել է առաջին հեռախոսով: Ի դեպ, իր տան մի սենյակից մյուսը զանգելու համար Բելլը հեռախոսահամար չի հավաքել. այդ պահին աշխարհում գոյություն ուներ ընդամենը երկու հեռախոս. մեկով խոսում էին, մյուսով` միայն լսում:
«Ալլոն» անգլերեն «hello» (հե՛լոու) բառն է, որը նշանակում է «ողջույն»:
Աշխարհում առաջին հեռախոսագիծը ամերիկացի մի հարուստ գործարարի տնից հասնում էր մինչև նրա աշխատանքի վայրը:
Այսպիսին է հեռախոսի` այսօր աշխարհում ամենաանհրաժեշտ սարքերից մեկի պատմությունը: