Մեծ պանդա

Ո՜վ չի զմայլվում սևուսպիտակ արջանման այս կենդանուն տեսնելիս, որ ասես փափուկ խաղալիք լինի:

Մեծ պանդաներ աշխարհում շատ քիչ են մնացել. ասում են՝ մոտ 1600, պատկերացնո՞ւմ եք: Ու հիմա ողջ աշխարհում բնությունն ու կենդանիներին սիրող մարդիկ պայքարում են, որ չբռնեն կամ վնասեն նրանց, որ այս հրաշք կենդանու տեսակը պահպանվի ու չվերանա երկրի երեսից…

Իսկ կար ժամանակ, երբ մարդկությանը հայտնի էլ չէր, որ այսպիսի կենդանի գոյություն ունի: Պանդաների մասին մարդիկ իմացել են միայն շուրջ մեկ դար առաջ, երբ լուրեր տարածվեցին, որ Չինաստանի բարձր լեռնային անտառներում ապրում են սևուսպիտակ արջանման փամփլիկ արարածներ:

Մեծ պանդաները ապրում են միայն Չինաստանում և քիչ են ուսումնասիրված: Նրանք մոտ մեկուկես մետր հասակ ունեն: Հիմնականում եղեգ են ուտում, թեև երբեմն մսով սնվելուն էլ դեմ չեն: Պանդաներն անսովոր թաթեր ունեն` ուժեղ ճանկերով ու 6 մատով: Այդ «ավելորդ» մատի օգնությամբ նրանք բռնում են իրենց կերակուրը:

Այս կենդանիների ձագեր են ծնվում երկու տարին մեկ անգամ: Նրանք լույս աշխարհ են գալիս կույր և մինչև մեծանալը միշտ կախված են լինում մայրիկից:

Այսօր պանդան Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի խորհրդանիշն է։

Հավանեցի՞ր. տարածիր