Մարիա Հակոբջանյան
Գ. Ստեփանյանի անվան համար 135 հիմնական դպրոց
9-րդ դասարան
Յուրաքանչյուրին ի վերուստ տրված է հնարավորություն կառուցելու և անցնելու իր կյանքի ու ճակատագրի ճանապարհը: Դրանք շատ տարբեր են: Ոմանք ընտրում են հարթ ու անխոչընդոտ ճանապարհներ, ոմանք քարքարոտ ու բարդ ճակատագրերի սիրահար: Լինում են նաև ճիշտ կամ սխալ ճանապարհներ: Բոլոր դեպքերում էլ՝ մենք ենք մեզ ու մեր ընտրությունների համար պատասխանատու և կրում ենք այն հետևանքները, որոնք առաջացրել են մեր ընտրած ճանապարհները: Պետք է ընտրել այնպիսի ուղի, որ հետագայում չզղջանք դրա համար ու այդ ընտրությամբ իսկ պիտանի կլինենք մարդկությանը:
Ես նույնպես ընտրության իրավունք ունեմ: Ընտրությունս կախված է բացառապես իմ բնավորությունից, նախասիրությունից, պատկերացումներից ու նպատակներից: Ես ինձ համար որդեգրել եմ մի սկզբունք. պարտավոր եմ ճիշտ ընտրություն կատարել, քանի որ գիտակցում եմ, որ մարդկության մի մասնիկը լինելով՝ բացի ինձ և հարազատներիս համար բարենպաստ պայմաններ ստեղծելու իմ նպատակը բավարարելուց, պետք է իմ ներդրումն ունենամ մարդկության զարգացման գործում: Հենց ճիշտ ընտրությունից կշահի ոչ միայն մարդկությունը, այլև ես: Չէ՞ որ մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է ապրել բարեկեցիկ և ապահովված կյանքով ինքնազարգանալու և ինքնակրթվելու ներքին բավարարման հետ մեկտեղ: Ճիշտ ճանապարհը հնարավորություն կտա ստանալու այն բոլոր նախադրյալները, որոնք թույլ կտան ապրել կյանքով, որի մասին երազում է ամեն ոք: Իհարկե, ի՜նչ կյանք, որտեղ չլինեն դժվարություններ: Կյանքն առանց դժվարությունների կորցնում է իր իմաստն ու նշանակությունը: Ոչինչ հեշտությամբ չի տրվում: Անհրաժեշտ է պատվով հաղթահարել ցանկացած փորձություն ու դժվարություն, որոնք քայլ առ քայլ հասցնում են մարդուն այն բարձունքին, որն ուղենիշ էր դեռևս ճանապարհի սկզբին: Ամեն մի փորձություն իր մեջ թաքցնում է կյանքից տրված մրցանակ, որին անհրաժեշտ է հասնել՝ այն հաղթահարելով: Շատերը փորձում են հույսը դնել իրենց հաջողության վրա, բայց ոչ բոլորին կարող է հաջողությունը օգնել: Հաջողությունը կգա միայն այն դեպքում, երբ ճանապարհի հարցում կատարվի ընտրություն և արվի այն անցնելու առաջին քայլը: Հաջողությունը կժպտա այնժամ, երբ ինքնազարգացումն ու կամքի ուժը բույն դնեն մարդու հոգում: Հարվարդի համալսարանը կոչ է անում իր ամեն մի ուսանողի. «Վայելի՛ր շարունակ աճելու հնարավորությունը»: Այս կոչը պետք է հնչի յուրաքանչյուրիս ականջին: Այն մարդիկ, որոնք կկարողանան կյանքում իրենց ներդրումն ունենալ այսօր, վաղը կհանդիպեն հաջողությունների անսպառ շարասյան, որը կուղեկցի նրանց կյանքի տարբեր իրավիճակներում: Ձեռքերը ծալելով, թևաթափ լինելով կամ ծուլության գայթակղությանը տրվելով՝ անհնար է որևէ արժեք ստեղծել: Մոլորություն կլինի, եթե մտածենք, որ արժեքը ստեղծվում է որևէ բանի հասնելով: Այն ստեղծվում է ճանապարհն անցնելու ընթացքում, ճանապարհ, որն իր մեջ պարունակում է իմաստալից դասեր, խորունկ արժեբանություն, որն իրականացվում է ուսուցչի անփոխարինելի առաքելությամբ:
Սա գիտակցող մարդկանց համար կյանքն արժեք կունենա, ու ամեն քայլափոխի նրանք կուզենան սովորել, կատարելագործվել, դառնալ ավելի լավը, քան երեկ էին: Ժամանակն արագ է անցնում, ու կգա մի պահ, երբ մարդը կգիտակցի իր անզորությունը նրա առջև: Այնպես որ գնահատենք մեր ժամանակն ու այն կառավարենք այնպես, որ չհասցնի փախչել մեզանից: Այն ամենաթանկ հարստությունն է, որը երբևէ կարող է ունենալ մարդն իր ճանապարհի ստեղծման ու անցման համար: Ժամանակ պետք չէ վատնել անցյալի սխալների վրա անդադար լալով, քանի որ ոչ մի օր այլևս չի կրկնվի: Անցյալի սխալներից են խոլացի մարդիկ հասկանում ճիշտը ու դրանով առաջնորդվում հոտգայում:
Բացի դժվարություններից՝ մեզ համար նախատեսված ճանապարհը, անշուշտ, լի է նաև հրաշքներով և անակնկալներով: Ինչպես արևն է շողում հորդառատ անձրևից հետո, այնպես էլ կյանքի ճանապարհն է հրաշքներով լցվում դժվարությունները հաղթահարելուց հետո: Բայց ոչ բոլորին է հաջողվում տիրանալ կյանքի տված անակնկալներին: Նրանք, ովքեր համառ են, պայքարող, չնահանջող, ունեն կամքի ուժ, անպայման կհասնեն իրենց նպատակին և, իհարկե, կպարգևատրվեն, իսկ բոլոր նրանք, ովքեր նպատակներն ու ծրագրերը թողել են բախտի քմահաճույքին, չեն կարողանա իրենց տունկից քաղցր պտուղներ քաղել: Պետք է միշտ պայքարել, կյանքի ինչպիսի իրավիճակում էլ հայտնվենք. ճանապարհի ցանկացած հատվածում պայքար պետք կգա: Պայքարելով են ձեռք բերում երազածն ու ամենաթանկ գանձերից մեկը՝ իմաստնության պտուղները:
Իսկ ինչ վերաբերում է իմ ընտրած ճանապարհին, ապա ասեմ, որ այն հեշտ չի լինելու, այլ պայքարներով լեցուն քարքարոտ մի ճամփա՝ մարդկանց օգնելու, անարդարությունը ոտնակոխ անելու համար: Իմ կարծիքով՝ ամեն մարդ պետք է ընտրի իրեն հոգեհարազատ ճանապարհը, որ կարողանա այն անարգել ու հաճույքով անցնել: Կարողանա իր ընտրությամբ օգնել շրջապատին ու երբեք հետ չկանգնել իր ընտրածից: Դրանից է կախված մարդկության հետագա զարգացումը: Ահա, օրինակ, բժիշկը․ նրանից է կախված մարդու ապաքինվելը, ապրել-չապրելը: Նա մեծ պատասխանատվություն է կրում հիվանդի կյանքի նկատմամբ: Չնչին սխալի դեպքում անգամ մարդը կարող է մահանալ: Կամ իրավաբանը․ օրենքի այս պաշտպանի ձեռքերում է մարդու ազատությունը, նրա հետագա ճակատագիրը: Նա կարող է բանտարկել կամ ազատ արձակել մարդուն: Դա նույնպես շատ մեծ պատասխանատվություն է: Բայց եկեք չմոռանանք, որ այդ նույն բժշկի, իրավաբանի և այլ մասնագիտության տեր մարդու կյանքը ամբողջովին պատկանում է Աստծուն: Նա է միայն Երկիր մոլորակում Աստծո և բնության սահմանած օրենքների պատվիրակն է:
Իմ ընտրած ճանապարհից ես ակնկալում եմ իմաստնության այն չափաբաժինը, որը ինձ հնարավորություն կտա ճշմարիտ ու արդարացի որոշումներ կայացնելու: Ես տենչում եմ փոխել աշխարհը, ըստ հնարավորին նվազեցնել այն անօրինությունները, որոնք մարդկությունը ստեղծել է՝ դեմ գնալով բնության օրենքներին: Սեր ու խաղաղություն եմ ուզում տեսնել մարդկանց աչքերում, որոնք Մոդիլիանիի բնորոշմամբ, «հոգու հայելին» են: Ուզում եմ ներդաշնակություն տեսնել մարդու և բնության մեջ, քանզի միայն բնությանը հնազանդվելով՝ կարող ենք տիրել ու միաձուլվել նրան: Այն զգացողությունը, որ մարդը, լինելով բնության մի մասնիկ, օտարանում է նրանից, ինձ ստիպեց ընտրել մի ճանապարհ, որի իմաստնության դասերն ինձ հնարավորություն կտան առավելագույնս կյանքի կոչել ցանկություններս: Ես վայելք կապրեմ այս ճանապարհն անցնելիս:
Վերջում կցանկանայի ասել, որ կյանքը շատ արագ է անցնում, պետք է վայելել ամեն մի վայրկյանը, բարի արարքներ գործել, զգալ կյանքի շունչն ու համը, քայլել նրան զուգընթաց: Դուք եք ձեր ապագայի շինարարը և ձեզանից է կախված նրա հիմքի ամրությունը: Թույլ մի՛ տվեք, որ սխալ արարքները հետք թողնեն ձեր ապագայի վրա: Մի՛ հեռացեք բնությունից: Դեմ մի՛ գնացեք նրա օրենքներին: