Չիչեն-Իցա

Մայաները հին ժողովուրդ են: Նրանք ապրել են Կենտրոնական Ամերիկայում: Շա՜տ հին ժամանակներում մայաներն ունեցել են գիր, ինքնատիպ ճարտարապետություն, իմացել են աստղագիտություն և մաթեմատիկա: Նույնիսկ իրենց օրացույցն են ստեղծել:

Մայաները կառուցել են քարե քաղաքներ: Չիչեն-Իցան դրանցից ամենամեծն ու հայտնին է. այն գտնվում է Մեքսիկայի տարածքում: Քաղաքը հիմնադրել են մոտ 1500 տարի առաջ:

24 մետր բարձրություն ունեցող բուրգի վերին հարթակում տաճար կա: Տաճարը նվիրված է արևին:

Բուրգը 4 կողմից լայն աստիճաններ ունի, որոնց թիվը 365-ն է, ճիշտ տարվա օրերի քանակով: Տաճարը որպես աստղադիտարան է ծառայել: Տարին երկու անգամ` գարնանային և աշնանային գիշերահավասարի օրերին, ցերեկվա ժամը 3-ին, արևն այնպե՛ս է լուսավորում տաճարը, որ լույսն ու ստվերը խորհրդավոր պատկերներ են ստեղծում. թվում է` մի օձ է սողում աստիճանների վրայով: Սա խորհրդանշում է գարնան և աշնան գալը: Օձը սուրբ է մայաների համար. քաղաքի շինությունների վրա օձի պատկերներ շատ կան:

Զարմանալի ուրիշ բաներ էլ կան այս քաղաքում: Պատկերացնու՞մ ես` բուրգի մոտ ծափ ես տալիս, իսկ բուրգի գագաթին ծափի արձագանքը մի քանի անգամ ավելի ուժեղ է լսվում:

Չիչեն-Իցայում կա 9 խաղադաշտ` գնդակով խաղերի համար:

Խաղադաշտերից ամենամեծը գտնվում է երկու տաճարների արանքում:

Խաղադաշտը զարմանալի հաշվարկով են կառուցել. երկու մարդ, կանգնելով իրարից հեռու, ամեն մեկը մի տաճարի մոտ (իսկ տաճարների միջև հեռավորությունը 150 մետր է), կարող են ազատ զրուցել ու առանց բղավելու լսել միմյանց: Ամենազարմանալին այն է, որ եթե նրանց միջև կանգնի երրորդ մարդը, ապա չի լսի այս երկուսի խոսակցությունը: Սա անհավանական է թվում, ուղղակի հրաշք…

Այսօր էլ կարելի է գնալ և փորձարկել այս զարմանահրաշ հեռախոսը:

Քաղաքում մի հսկայական ջրհոր կա. այն ունի մոտ 60 մետր տրամագիծ: Անհնար է պատկերացնել, բայց այս հսկա ջրհորն ինքն իրեն է առաջացել: Դրա համար էլ երևի մայաների համար այն սուրբ վայր է եղել:

Մեզանից մոտ 1000 տարի առաջ քաղաքը խորհրդավոր կերպով դատարկվեց: Պատճառը գուցե իսպանացիներն էին. գրավելով Չիչեն-Իցան՝ նրանք այրել են մայաների հին ձեռագրերը: Այդպես մայաների պատմության մեծ մասը ոչնչացել է:

Հին հնդկացիները հանելուկային կերպով անհետանալու սովորություն ունեն: Մաչու Պիկչուի ինկերը նույնպես խորհրդավոր ձևով անհետացել էին իրենց քաղաքից:

Հավանեցի՞ր. տարածիր