ՋԵՅՄՍ ԹՈՒՐԲԵՐ / Գիշերը, երբ մեր տուն ուրվական մտավ

Ուրվականը, որ մտավ մեր տուն 1915 թ. նոյեմբերի 17-ի գիշերը, այնպիսի իրարանցում ու շփոթ առաջացրեց, որ ցավում եմ նրա ոտնաձայները չանտեսելուս ու քուն չմտնելուս համար: Նրա հայտնվելը պատճառ դարձավ, որ մայրս կոշիկը նետի դիմացի տան պատուհանին, իսկ պապս կրակի ոստիկանի վրա: Դրա համար էլ, ինչպես ասացի, ցավում եմ, որ ընդհանրապես ուշադրություն դարձրի ոտնաձայներին:

Դրանք սկսվեցին գիշերվա մոտ մեկն անց քառորդ րոպեին. ռիթմիկ, արագ քայլք ճաշասենյակի սեղանի շուրջը: Մայրս քնած էր վերևի հարկի սենյակներից մեկում, եղբայրս՝ Հերմանը՝ մյուսում: Պապս ձեղնահարկում էր՝ հին, ընկուզենու փայտից մահճակալի վրա, որը, կհիշեք, ինչպե՛ս մի անգամ ընկավ հորս վրա: Ես նոր էի դուրս եկել լոգարանից ու ջանասիրաբար սրբվում էի ցամքոցով, երբ լսեցի ձայները: Դրանք նման էին մի մարդու ոտնաձայների, որը, թվում էր, արագորեն պտտվում է ճաշասենյակի սեղանի շուրջը: Լոգասենյակի լույսը իջնում էր աստիճաններով և ընկնում ուղիղ ճաշասենյակ: Ես տեսնում էի ամանակալի մեջ շարված ափսեների աղոտ փայլը, բայց ոչ՝ սեղանը: Քայլերը շարունակվում էին սեղանի շուրջը: Ամեն քայլափոխի հետ հատակը ճռռում էր: Սկզբում կարծեցի, թե հայրս է կամ եղբայրս՝ Ռոյը, որ գնացել էր Ինդիանապոլիս, և ամեն վայրկյան սպասում էինք վերադարձին: Հետո մտածեցի՝ գող է: Միայն որոշ ժամանակ անց հասկացա, որ ուրվական է:

Երեք րոպե այդպես ոտնաձայները լսելուց հետո ոտքերիս ծայրերի վրա գնացի Հերմանի սենյակ:

– Է՛յ,- շշնջացի՝ մթության մեջ թափահարելով նրան:

– Հը՛,- ասաց ընկճված շան ցածր, հուսահատ տոնով:

Հերմանը միշտ վստահ էր, որ վաղ թե ուշ իր հետ ինչ-որ բան է կատարվելու գիշերը: Նրան ասացի՝ ես եմ:

– Ներքևում ինչ-որ բան է կատարվում,- ասացի:

Նա վեր կացավ և հետևեց ինձ մինչև աստիճանները: Ոչ մի շշուկ. ոտնաձայները դադարել էին: Հերմանը մի փոքր անհանգստացած ինձ նայեց. միայն մի ցամքոց էր կապած գոտկատեղիս: Նա ուզում էր վերադառնալ քնելու, բայց ես բռնեցի ձեռքը.

– Ինչ-որ բան է կատարվում ներքևում:

Նույն պահին ոտնաձայները վերսկսվեցին. կարծես մի մարդ վազելով պտույտներ գործեր ճաշասեղանի շուրջը, ապա սկսեց ծանր քայլերով բարձրանալ դեպի մեզ: Լույսը դեռևս աղոտ լուսավորում էր առաջին հարկը: Մենք ոչ մի եկողի չտեսանք, միայն լսեցինք ոտնաձայները: Հերմանը վազեց իր սենյակ ու շրխկոցով փակեց դուռը: Ես շրխկոցով փակեցի աստիճանների վերևում գտնվող դուռը և ծունկս հենեցի նրան: Երկար ու ձիգ րոպեից հետո դանդաղորեն նորից բացեցի այն: Ոչինչ չկար: Ոչ մի ձայն: Մեզանից ոչ ոք այլևս չլսեց ուրվականի ձայնը:

Դռների շրխկոցներն արթնացրին մորս: Նա գլուխը դուրս հանեց սենյակից.

– Այդ ի՞նչ եք անում, տղանե՛ր,- հարցրեց:

Հերմանը, սիրտ առնելով, դուրս եկավ սենյակից.

– Ոչինչ,- ասաց կոպիտ ձայնով, բայց դեմքին գույն չկար:

– Այդ ի՞նչ աղմուկ էր աստիճանների վրա,- հարցրեց մայրիկը:

Փաստորեն նա էլ էր լսել: Մենք պարզապես նայեցինք նրան:

– Գողե՜ր,- հանկարծակի ճչաց մայրս:

Ես փորձեցի հանգստացնել նրան՝ սկսելով դանդաղորեն իջնել աստիճաններով:

– Արի՛, Հե՛րման,- ասացի եղբորս:

– Ես կմնամ մայրիկի հետ․ նա շատ հուզված է:

Կրկին բարձրացա դեպի սանդղահարթակ:

– Ոչ մեկդ մի քայլ անգամ առաջ չգնաք, -ասաց մայրիկը:- Մենք ոստիկան կկանչենք:

Քանի որ հեռախոսը ներքևում էր, ես չէի պատկերացնում՝ ինչպես պետք է ոստիկան կանչենք: Ոչ էլ ուզում էի՝ կանչենք: Բայց մայրիկը կայացրեց իր խելամիտ, անզուգական որոշումներից մեկը: Նա նետվեց դեպի իր ննջասենյակի պատուհանը, որը նայում էր հարևան տան ննջասենյակի պատուհաններին, վերցրեց կոշիկը և թափով նետեց դեպի դրանցից մեկը: Պաշտոնաթող փորագրիչ Բոդվելի ու նրա կնոջ ննջասենյակի պատուհանի ապակին զնգզնգաց: Բոդվելը երկար տարիներ վատառողջ էր ու հաճախ թույլ նոպաներ էր ունենում: Մեր բոլոր հարևանները ժամանակ առ ժամանակ մի որևէ տեսակի նոպա ունենում էին:

Անլուսին գիշեր էր, մոտ ժամը երկուսը: Սև ամպեր էին կախվել երկնքից: Բոդվելն անմիջապես հայտնվեց պատուհանի մոտ՝ բղավելով, փրփրելով ու բռունցքը թափահարելով:

– Մենք կվաճառե՛նք տունը ու կվերադառնանք Պեո՛րիա,- լսում էինք նրա ձայնը:

Որոշ ժամանակ անցավ, մինչ մայրիկին հաջողվեց բացատրել Բոդվելին՝ ինչ է պատահել։

– Գողե՜ր,- գոռաց նա,- գողեր կան տանը:

Հերմանն ու ես չէինք համարձակվում նրան ասել, որ դրանք գողեր չեն, այլ ուրվականներ, քանի որ նա առավել ևս ուրվականներից էր վախենում: Բոդվելը սկզբում կարծեց, թե գողերն իր տանն են, բայց վերջապես հանդարտվեց ու իր մահճակալի կողքին դրված հեռախոսով ոստիկան կանչեց մեզ համար: Երբ նա անհետացավ լուսամուտի մոտից, մայրիկը կարծես ուզում էր նետել նաև մյուս կոշիկը. ոչ այն բանի համար, որ դրա կարիքը կար, այլ, ինչպես հետո բացատրեց, որովհետև կոշիկը լուսամուտից նետելը չափազանց դուր էր եկել իրեն: Ես արգելեցի նրան:

Զարմանալի կարճ ժամանակից ոստիկանները տեղում էին. մի խումբը՝ «Ֆորդով», երկուսը՝ մոտոցիկլետներով, մի ութ հոգի էլ երկու լրագրողների հետ՝ պարեկային մեքենայով: Նրանք սկսեցին ուժեղ խփել մեր շքամուտքի դռանը: Լուսազդանշանները վազվզող լույսի շերտեր էին գցում պատերի ու գետնի վրա:

– Բացե՛ք,- լսվեց մի կոպիտ ձայն,- ոստիկանությունն է:

Ես ցանկանում էի իջնել ու բաց անել դուռը, բայց մայրիկը չէր էլ ուզում լսել այդ մասին:

– Դու ամբողջովին մերկ ես,- հիշեցրեց ինձ։- Դու կգտնես քո մահը:

Ես նորից ցամքոցը փաթաթեցի վրաս: Ի վերջո՝ ոստիկաններն ուսերով ուժգին խփելով կոտրեցին մեր մեծ ու ծանր նախադուռը՝ հաստ ապակիներով հանդերձ: Ես լսեցի՝ ինչպես է ճեղքվում փայտը, և ապակին թափվում միջանցքի հատակին: Նրանց լույսերը խաղացին հյուրասենյակում և ջղայնորեն խաչաձևվեցին ճաշասենյակում, ապա ծակեցին անցան միջանցքներն ու աստիճաններով բարձրանալով՝ հասան մեզ: Անմիջապես աստիճանների վերևում կանգնած էի ես՝ փաթաթված ցամքոցով: Մի խստադեմ ոստիկան, աստիճաններով բարձրանալով, հարցրեց.

– Ո՞վ ես:

– Ես ապրում եմ այստեղ,- ասացի:

– Լավ, իսկ ի՞նչն է խնդիրը․ շո՞գ է,- հարցրեց նա:

Պետք է խոստովանեմ, որ մրսում էի: Գնացի սենյակս ու տաբատ հագա: Երբ դուրս էի գալիս, մի ոստիկան հրացանը մխրճեց կողս:

– Ի՞նչ ես անում էստեղ,- հարցրեց նա:

– Ապրում եմ,- ասացի:

Գլխավոր սպան զեկուցեց մայրիկին.

– Ոչ մի նշան չկա, տիկի՛ն,- ասաց,- փախած կլինի: Ինչպիսի՞ տեսք ուներ:

– Երկու կամ երեք հոգի էին,- պատասխանեց մայրիկը,- աղմկում էին ու շրխկացնում դռները:

– Ծիծաղելի է,- ասաց ոստիկանը,- ձեր բոլոր լուսամուտներն ու դռներն ամուր կողպված էին:

Ներքևից լսվում էին մի այլ ոստիկանի ծանր քայլերը: Ոստիկաններն ամենուր էին. դռներն ու դարակներն աղմուկով բացվում էին, պատուհանները՝ վերուվար լինում, կահ-կարասին՝ դրմբում գետնին: Շքամուտքի միջանցքի մթության միջից հայտնվեց ոստիկանների մի խումբ: Բարձրանալով վեր՝ նրանք սկսեցին հետախուզել տարածքը. պատերից հեռացրին մահճակալները, պահարանի կախիչներից քաշեցին հանեցին զգեստները, դարակներից դուրս բերեցին ճամպրուկներն ու արկղերը: Նրանցից մեկը գտավ մի հին զիդեր*, որ Ռոյի ստացած պարգևն էր լողի մրցումից:

– Մի էստե՛ղ նայիր, Ջո՛,- ասաց նա՝ ծնգծնգացնելով այն իր մեծ թաթերով:

Նա, ով Ջոն էր, վերցրեց զիդերը և սկսեց շուռումուռ տալ:

– Սա ի՞նչ է,- հարցրեց:

– Մի հին զիդեր է, որի վրա քնում էր մեր ծովախոզուկը,- ասացի ես:

Ճիշտ էի ասում․ մեր ծովախուզուկը, որ մի ժամանակ ունեինք, ոչ մի ուրիշ տեղ չէր քնում․ միայն զիդերի վրա, սակայն ես չպետք է դա ասեի: Ջոն և մյուս ոստիկանը երկար ինձ էին նայում, ապա զիդերը դարձյալ դրեցին իր տեղը:

– Ոչ մի նշան չկա,- ասաց այն ոստիկանը, որ սկզբում խոսել էր մայրիկի հետ:- Այս տղան,- հաղորդեց նա մյուսներին՝ մատնացույց անելով ինձ,- մերկ էր: Տիկինը պատմական տեսք ունի:

Բոլորը գլխով համաձայնության նշան արեցին, բայց ոչինչ չասացին, այլ միայն նայեցին ինձ: Կարճ լռություն տիրեց, որի ընթացքում բոլորս լսեցինք ճռռոց ձեղնահարկից. պապս էր շուռ գալիս անկողնում:

– Սա՞ ինչ է,- տեղից պոկվեց Ջոն:

Հինգ-վեց ոստիկան թռան դեպի ձեղնահարկի դուռը, մինչ ես կհասցնեի միջամտել կամ բացատրել՝ ինչն ինչոց է: Գիտեի, որ լավ բան դուրս չի գա, եթե նրանք ներխուժեն պապիս սենյակ առանց զգուշացնելու կամ նույնիսկ զգուշացնելով: Նա մի այնպիսի փուլում էր, որ հավատացած էր, թե գեներալ Միդի մարդիկ Սթոնվել Ջեքսոնի անդադար հարվածների տակ նահանջ էին սկսել ու նույնիսկ դասալքում էին։

Երբ ես ձեղնահարկ հասա, խառնաշփոթ էր տիրում: Պապս աներկբայորեն եզրահանգել էր, որ ոստիկանները Միդի բանակի դասալիքներն են, ովքեր փորձում են թաքնվել իր ձեղնահարկում: Նա դուրս էր թռել անկողնուց՝ հագին երկար ֆլանելե գիշերանոց երկար բամբակե ներքնազգեստի վրայից, կաշվե ժակետ, գլխին գիշերային թասակ: Ոստիկանները երևի միանգամից գլխի էին ընկել, որ այդ զայրացած ալեհեր ծերունին տան անդամ է, բայց առիթ չունեցան դա ասելու:

– Հե՜տ գնացեք, դո՛ւք, վախկո՛տ շներ,- որոտաց պապս,- հե՛տ գնացեք շարքեր, դո՛ւք, երկչո՛տ անասուններ:

Այդ ասելով՝ ձեռքով ուժգին հարվածեց այն ոստիկանի գլխին, ով գտել էր զիդերը, ու նրան փռեց գետնին: Մյուսները սկսեցին նահանջել, բայց ոչ շատ արագ: Պապս «Զիդերի» պատյանից դուրս քաշեց հրացանն ու կրակեց: Թվաց, թե տանիքի գերանները ճայթեցին: Ծուխը լցրեց ձեղնահարկը: Ոստիկաններից մեկը մռթմռթալով ձեռքը տարավ ուսին: Բոլորս շտապեցինք ներքև ու դուռը կողպեցինք ծեր ազնվականի դեմ: Նա մի երկու անգամ էլ կրակեց մթության մեջ ու պառկեց քնելու:

– Դա պապս էր,- շնչակտուր բացատրեցի ես Ջոյին,- նա կարծում է՝ դուք դասալիքներ եք:

– Երևաց,- ասաց Ջոն:

Ոստիկանները հեռանում էին մի տեսակ դժկամորեն, որովհետև բացի պապիցս՝ ձեռքները ոչ ոք չէր ընկել: Այդ գիշերը բացարձակ պարտություն էր նրանց համար: Համ էլ ակնհայտ էր, որ նրանց դուր չէր եկել դեպքերի ընթացքը. ինչ-որ բան անբնական էր թվում, և ես հասկանում էի նրանց: Նրանք նորից սկսեցին պրպտել իրերը: Լրագրողներից մեկը՝ նիհարադեմ, փոքրամարմին մի մարդ, եկավ դեպի ինձ: Ես հագել էի մայրիկի շապիկներից մեկը՝ չկարողանալով գտնել ավելի հարմար բան: Լրագրողը նայեց ինձ կասկածանքով ու հետաքրքրությամբ:

– Եղբա՛յր, ի վերջո՝ էստեղ ի՞նչ էր կատարվել:

Ես որոշեցի անկեղծ լինել.

– Ուրվականներ էին տուն մտել:

Նա երկար ինձ էր նայում մի հայացքով, որով մեկը նայում է սլոտ մեքենային**, որի մեջ իզուր մետաղադրամ է գցել: Հետո դուրս եկավ: Ոստիկանները մռթմռթոցով հետևեցին նրան:

– Ես հրազենս հետ կվերցնեմ այդ ծեր թռչունից,- ասաց զիդեր-ոստիկանը:

– Հա՛,-ասաց Ջոն:- Դու, բա էլ ո՞վ:

Ես նրանց ասացի, որ հաջորդ օրն այն կտանեմ ոստիկանական բաժանմունք:

– Ի՞նչ էր պատահել այն մի ոստիկանին,- հարցրեց մայրիկը նրանց գնալուց հետո:

– Պապիկը կրակեց նրա վրա,- ասացի ես:

– Ինչի՞ համար:

Ես պատասխանեցի՝ քանի որ նա դասալիք էր:

– Համենայն դեպս,- ասաց մայրիկը,- նա այնքա՜ն հմայիչ երիտասարդ էր:

Հաջորդ օրը նախաճաշին պապս թարմ էր ինչպես մարգարտածաղիկը ու անդադար կատակում էր: Մենք սկզբում կարծեցինք՝ մոռացել է կատարվածի մասին, բայց այդպես չէր: Երրորդ բաժակ սուրճը խմելիս նա բարկացած նայեց ինձ ու Հերմանին․

– Իբր ի՞նչ էին այդ ոստիկանները խլրտում տնով մեկ անցած գիշեր։

Ա՜յ քեզ մարդ:

«Իմ կյանքն ու դժվար ժամանակները» պատմվածքների ժողովածուից

Թարգմանությունը անգլերենից՝ Տաթևիկ Ստեփանյանի

* Զիդերը լարային երաժշտական գործիք է։

** Սլոտ մեքենան սարք է հատուկ բացվածքով՝ մետաղաղադրամները մեջը գցելու համար, որ օգտագործվում է վաճառելու ծխախոտ, շոկոլադային սալիկներ և այլն:

Հավանեցի՞ր. տարածիր