Սանկտ Պետերբուրգ

Սանկտ Պետերբուրգը քաղաք-նավահանգիստ է: Այն կառուցված է 42 կղզիների վրա: Քաղաքով հոսում է ավելի քան 40 գետ ու վտակ: Քաղաքի խորհրդանիշը բացվող կամուրջներն են, որոնք որոշակի ժամերի բացվում են ու ճանապարհ տալիս հսկա նավերին:

1703 թվականի մայիսի 16-ին` Սուրբ երրորդության տոնի օրն է ծնվել այս զարմանալի քաղաքը: Այդ օրը Պետրոս 1-ին ցարը Նևայի գետաբերանին հիմնադրեց մի ամրոց, որը Պետրոս և Պողոս առաքյալների պատվին անվանեց Պետրոպավլովյան ամրոց:

Իսկ գիշերվա ժամը 2-ին բացվում են քաղաքի բոլոր կամուրջները, և եթե դու չես հասցրել մինչ այդ մյուս ափն անցնել, ապա ստիպված ես ողջ գիշեր սպասել, սպասել մինչև լուսաբաց, երբ կամուրջները նորից փակվեն: Ա՜յ թե հրաշալի կլինի, եթե դա պատահի ամռան սկզբին, երբ Պետերբուրգի վրա սպիտակ գիշերներն են իջնում: Դու կշրջես մթնշաղի մեջ պարուրված քաղաքով ու կհիանաս նրա գեղեցկությամբ:

Սանկտ Պետերբուրգը տարբեր ժամանակներում եղել է Ռուսաստանի մայրաքաղաքը:

Նևայի ափերը գրանիտապատ են, գեղեցիկ արձաններով զարդարված: Գետն ասես քաղաքի գլխավոր պողոտան լինի. այն քաղաքը բաժանում է մասերի, որոնք միմյանց են միանում հարյուրավոր մեծ ու փոքր կամուրջներով: Իսկ գիտե՞ս, թե որն է սպիտակ գիշերը: Սպիտակ գիշերվա ընթացքում այդպես էլ մութը լիարժեք չի ընկնում: Ողջ գիշեր լուսավորությունն այնպիսին է, ինչպես մեզ մոտ լինում է երեկոյան ժամը 7-ին: Այդպիսի բան տեղի է ունենում երկրագնդի բևեռներին մոտ գտնվող վայրերում: Եվ քանի որ Պետերբուրգն էլ հյուսիսային քաղաք է, սպիտակ գիշերներ լինում են նաև այնտեղ:

Պետերբուրգն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է: Այն ասես թանգարան լինի բաց երկնքի տակ: Շենքերը զարդարված են քանդակներով ու արձաններով: Ամենուր տեսնում ես անվանի մարդկանց հուշարձաններ: Պետերբուրգում է գտնվում աշխարհի ամենանշանավոր թանգարաններից մեկը` Էրմիտաժը, որտեղ ցուցադրվում է արվեստի մոտ 3 միլիոն ստեղծագործություն:

Լինելով մշակութային քաղաք` այն միշտ ձգել է հայտնի գրողների, նկարիչների, քանդակագործների: Նրանք ապրել են այնտեղ, ներշնչվել քաղաքի գեղեցկությամբ և ստեղծագործել:

Հիմա՛ էլ Սանկտ Պետերբուրգը մշակութային կարևոր քաղաք է. այն ասես արվեստով է շնչում: Մարդիկ էլ այստեղ բարեկիրթ են ու ազնվաբարո:

Հավանեցի՞ր. տարածիր