Սթոունհենջ

Այսպես է կոչվում Անգլիայում գտնվող առեղծվածային վայրը: Հսկա քարերն այստեղ կանգնած են անհիշելի ժամանակներից։ Մարդիկ չեն կարողանում պարզել, թե ով, ինչպես և ինչու է դրանք կանգնեցրել: Հետաքրքիր է, չէ՞…

Քարերից ամեն մեկը մոտ 4 մետր բարձրություն ունի (ձեր առաստաղից էլ բարձր) և կշռում է մոտ 25 տոննա, իսկ որոշները՝ 50 տոննա: Հաշվարկել են, որ այդ քարերը հեռվից բերելու համար պահանջվել է 1000 մարդ և 7 տարի: Պատկերացնո՞ւմ ես: Իսկ ինչպե՞ս են քարերը դրել մեկը մյուսի վրա. հարցե՜ր, անվերջ հարցեր, որոնց պատասխանները գիտնականները դեռևս փնտրում են:

Այս հուշարձանը բաղկացած է 112 հսկա քարից (հնում Սթոունհենջն անվանել են «հսկաների պար»):

Պարզել են, որ այն անչափ հին է` մոտ 4 հազար տարեկան: Պարզել են նաև, որ որոշ քարեր բերվել են մոտ 380 կմ հեռավորությունից:

Հիմա հասկացա՞ր բարդությունն ինչն է. հին ժամանակներում մարդիկ չունեին հզոր տեխնիկա, որ կարողանային այս քարերը հեշտությամբ հեռվից բերել ու կանգնեցնել այդտեղ, այն էլ` ոչ կամայական ձևով. քարերը շարված են շրջանաձև՝ հաստատ ինչ-որ հատուկ նպատակի համար:

Կարծիք կա, որ այստեղ հնագույն աստղադիտարան է եղել՝ մի վայր, որտեղից մարդիկ կապ են հաստատել Տիեզերքի հետ; Անհավանական է, չէ՞:

Աստղագետ-գիտնականները կարծում են, որ Սթոունհենջը եղել է լուսնային և արեգակնային օրացույց, որ այն Արեգակնային համակարգի մակետն է երկրի վրա: Փաստորեն հազարավոր տարիներ առաջ մարդիկ այդքա՜ն բան են իմացել Տիեզերքի մասին… Եվ շատ լավ տիրաապետել են աստղագիտությանը, մաթեմատիկային, աշխարհագրությանը, ճարտարապետությանը: Հակառակ դեպքում չէին կարողանա կանգնեցնել այս կառույցը…

Եթե Անգլիա հասնելու ու Սթունհենջը տեսնելու համար դու դեռևս փոքր ես, ապա մի ուրիշ վայրում հաստատ կարող ես հայտնվել, եթե ցանկանաս… Հայաստանում` Սիսիանից 3 կմ հեռու, կա նման մի վայր, որի անունն է Քարահունջ:

Հավանեցի՞ր. տարածիր