Հիշո՞ւմ ես, «Նեմոյին որոնելիս» մուլտում որդուն գտնելու համար հայր ձկնիկը լողում էր դեպի Սիդնեյ: Եվ հաճախ երևում էր այս գեղեցիկ շինությունը:
Սիդնեյն Ավստրալիայի ամենահին ու խոշոր քաղաքներից է: Իսկ այս անսովոր կառույցը՝ Ավստրալիայի հետաքրքիր շինություններից մեկը:
Օպերային թատրոնը երեք կողմից ջրով է շրջապատված: Ողջ շենքն ասես ափին մոտեցած հսկա առագաստանավ լինի: Հենց այս գաղափարով էլ ճարտարապետը ստեղծել է շենքը:
Վաթսուն տարի առաջ, երբ մտահղացումների մրցույթ եղավ, բոլորին զարմացրեց այս գաղափարը: Ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչպես կարելի է իրագործել շատ համարձակ ու բարդ այս մտահղացումը:
Շենքի կառուցումը տևեց մոտ 23 տարի: Քանի որ այն ժամանակ աշխարհում նման շինություն չկար, մասնագետներն իրենց ամեն քայլը երկար փորձարկում էին: Տանիքի «առագաստները» հավաքել են բետոնե 3000 առանձին մասերի վրա: Իսկ դրանք կանգնեցնելու համար օգտագործել են 350 կիլոմետր երկարության պողպատե (սա ամենաամուր մետաղն է) մետաղալարեր: «Առագաստների» համար էլ օգտագործել են մեկ միլիոն հախճապակե սպիտակ սալիկ:
Թատրոնի շենքը տեսնելու համար աշխարհի տարբեր ծայրերից Ավստրալիա են գալիս միլիոնավոր մարդիկ՝ հիանալով օվկիանոսի ափին հավերժ կանգնած այս գեղեցկուհի «առագաստանավով»: