Վերլուծություն

Կնյազ Սալոյան

Ջրարբիի միջնակարգ դպրոց

6-րդ դասարան

Ջոն Գրին, «Թղթե քաղաքներ»։ Ես այս ստեղծագործությունը կարդալիս հասկացա, որ մարդիկ պետք է լինեն պայքարող: Ասեմ ինչու․ գրքում մի հատած կա, որտեղ հերոսները պայքարում են՝ գտնելու Մարգոյին: Ընկերները շատ են փնտրում նրան, սակայն չեն հանձնվում, չեն հուսալքվում: Նրանք մոտավորապես 21 ժամ պետք է գնային, որպեսզի գտնեին Մարգոյին, բայց դա էլ նրանց չստիպեց նահանջել: Բարությունն ու կամքի ուժը ինձ գերեցին այս գրքում:

Զարմանալի էինՌադարի մաթեմատիկական ունակությունները. նրա հաշվարկները խենթանալու աստիճան ոգևորեցին ինձ: Գիրքը սովորեցրեց պայքարել, առաջին հերթին ունենալ այդ ցանկությունը և ապա անպայման գործադրել: Սովորեցրեց ընկերասեր լինել, օգնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Սովորեցրեց բարեկամաբար ընդունել մեզ շրջապատող մարդկանց։ Հերոսները այնքան մտերիմ ընկերներ էին, որ դժվար պահին միմյանց չլքեցին, այլ օգնեցին և հաղթահարեցին շատ փորձություններ: Գիրքը սովորեցրեց նաև սովորել, սովորել ամեն ինչ և ամեն ինչի մասին իմանալ, որովհետև չգիտես՝ այս կամ այն գիտելիքը որտեղ պետք կգա, կամ դու ինչ իրավիճակում կհայտնվես:

Խորհուրդ եմ տալիս ընկերներիս կարդալ այս գիրքը, որպեսզի նրանք ևս հասկանան, որ միայն պայքարելով, չհուսահատվելով կարելի է ինչ-որ բանի հասնել: Եվ կուզենայի, որ նրանք էլ իմանային․ ովքեր հանձնվում են, ոչնչի չեն հասնում: Կցանկանամ, որ նրանք ևս լցվեն անսահման ընկերասիրությամբ և իրենց շրջապատեն ճիշտ ընկերներով:

Ժյուլ Վեռն, «Տասնհինգամյա նավապետը»։ Հետաքրքիր, արկածային և ոգևորիչ մի գիրք է «Տասնհինգամյա նավապետը»: Երբ սկսեցի կարդալ այն, ափսոսացի, որ ավելի վաղ չեմ կարդացել․ կղզիներ, կապույտ ծովեր, նավարկություններ, արկածներ, որոնումներ… Ո՞վ չի սիրում: Դիկ-Ռիչարդ Սենդը գրքային լավագույն հերոսներից մեկը դարձավ ինձ համար: Այդ տարիքում այդպիսի ուժ, քաջություն և համարձակություն ոչ բոլորին է հատուկ: Գիրքը ինձ սովորեցրեց պայքարել, չհանձնվել, լինել մարդասեր, սիրել մեր ազատ ու գեղեցիկ կյանքը, արժևորել յուրաքանչյուր ակնթարթը: Սկսեցի հարմարվել նաև անտանելի թվացող մի քանի երևույթի, ինչպես Դիկ Սենդը: Իհարկե, ինձ վրա շատ ազդեց ստրկավաճառությունը: Ես գիտեի ստրուկների, նրանց վաճառքի, նրանց կյանքի մասին (դա լսել էի իմ ուսուցչուհուց, երբ պատմում էր առակագիր Եզոպոսի մասին, որը ևս ստրուկ է եղել), բայց այստեղ նկարագրվողը ինձ խորապես հուզեց, և սկսեցի առավել շատ գնահատել ազատ կյանքը: Ինձ դուր եկավ հատկապես այն, որ հերոսները, թեև բազում դժվարին փորձությունների միջով անցան, դավաճանվեցին, հայտնվեցին օտարության մեջ, բայց երբեք չկորցրին հոգու արիությունը, միմյանց օգնելու կարողությունը, մարդկային արժանապատվությունը, բարությունն ու մարդասիրությունը: Նրանց համար նշանակություն չուներ հինգ սևամորթների ազգությունը, և ամենայն պատասխանատվությամբ փրկեցին իրենց ընկերներին:

Ես խորհուրդ եմ տալիս իմ ընկերներին անպայման կարդալ այս գիրքը: Ուզում եմ նրանք ևս լինեն ավելի մարդասեր, ներողամիտ, երբեք չդավաճանեն իրենց ընկերներին ու մտերիմներին: Ուզում եմ նրանք իմանան, որ եթե մարդասեր ես, ուրեմն դա վերաբերում է բոլորին, եթե բարի ես, ուրեմն բարի պետք է լինել բոլորի նկատմամբ: Նշանակություն չունի մարդու ազգային պատկանելիությունը. եթե կարող ես, պետք է անպայման օգնես:

Ջեք Լոնդոն «Սպիտակ ժանիք»։ Գրքի գլխավոր կերպարի անունը Սպիտակ ժանիք է: Նա կիսով չափ գայլ է, կիսով չափ՝ շուն: Առհասարակ ես միշտ էլ գայլերին ու շներին նմանեցրել եմ և մտորել՝ գայլը շան պես հավատարիմ կլինի՞, թե՞ ոչ, և ինչպե՞ս են մարդկանց տեսնում շները, ինչպե՞ս են սիրում: Ինձ գրավեցին հատկապես Սպիտակ ժանիքի աշխարհընկալումը, նրա խոհերը, մտածությունները մարդկանց մասին: Այս պատմությունը շատ հետաքրքիր էր և միևնույն ժամանակ հուզիչ ու տխուր: Ցավալի է, երբ գիտես, որ շատ կենդանիներ գոյության կռիվ են տալիս ամեն օր և մեռնում  պայքարում: Տխուր է, երբ այն տարածքում, որտեղ կենդանին ապրում է, չի լինում նրա կեցության համար անհրաժեշտ միջավայր: Մարդը պետք է դառնա բնության պաշտպանը, ոչ թե ոչնչացնողը, որպեսզի յուրաքանչյուր կենդանի ու թռչուն իր միջավայրում կարողանա գոյատևել: Պետք է հոգատար լինել բնության, մեզ շրջապատող աշխարհի, կենդանիների ու նրանց նկատմամբ, ովքեր թույլ են, անօգնական: Սպիտակ ժանիքը մարդկանց համարում էր աստվածներ. երբեմն աստվածները դաժան էին, երբեմն էլ՝ բարի ու հոգատար: Եվ հենց այդ դաժան «աստվածներից» մեկի ձեռքով ծեծվում է, իսկ բարի ու հոգատար «աստվածներից» մեկի շնորհիվ փրկվում բուլդոգի սուր ատամներից: Նրա համար սկսվում է արդեն մի ուրիշ կյանք, որին պետք է նորովի հարմարվեր: Հարմարվեր և անգամ ձագ ունենար, որը նոր՝ շարունակվող կյանքի խորհրդանիշ է:

Գիրքը ինձ սովորեցրեց նորից պայքարել, չընկճվել, ընդունել դժվարությունները և փորձել հաղթահարել դրանք, աշխարհին նայել նաև այլ կողմից, այլ հայացքով: Սպիտակ ժանիքը դեռ մանկությունից շարունակ փորձությունների միջով էր անցնում, բայց կարծես դրանց ընտելանում էր, վարժվում:

Գիրքը սովորեցրեց շատ սիրել, սիրել անմնացորդ, սիրել մեզ շրջապատող աշխարհը, հոգ տանել նրա համար, չվնասել կենդանիներին, նրանց ևս ընդունել մեծագույն սիրով, չէ՞ որ նրանք էլ բնության մի մասնիկն են:

Խորհուրդ կտամ ընկերներիս կարդալ այս գիրքը, սիրել կենդանիներին, հոգ տանել նրանց համար, չսպանել, չոչնչացնել: Ես կցանակնամ, որ ընկերներս երբեք չլինեն սառը, դաժան ու անտարբեր: Այս գիրքը կսովորեցնի լինել հոգատար, գթասիրտ, հանդուրժող, աննկուն, և յուրաքանչյուրը ձեռք կբերի կամքի ուժ:

Հավանեցի՞ր. տարածիր