Միլենա Հովհաննիսյան
Գանձակի համար 1 միջնակարգ դպրոց
8-րդ դասարան
…Սա թղթե քաղաք է: Նայի՛ր այս բոլոր փակուղիներին, իրենք իրենց մեջ ներփակված փողոցներին, էս կարճ կյանք ունեցող տներին, իրենց թղթե տներում ապրող այս բոլոր թղթե մարդկանց, որ տաքանալու համար այրում են իրենց ապագան…
Մարգո Ռոթ Սպիգելմեն
Երեկո է: Արևի վարդագույն ճառագայթները մխրճվել են կապտամոխրագույն երկնքի մեջ։ Վերջալույսը մեղմորեն վերափոխվում էր գիշերվա…
Այսօր սովորականից շուտ եմ ավարտել տնային հանձնարարությունները, և մտքովս անցավ թերթել էլեկտրոնային գրադարանները՝ որևէ նոր և ինքատիպ ստեղծագործություն գտնելու համար: Էկրանին գունագեղ ու հետաքրքիր, տարատեսակ կազմեր են, վերնագրեր…
Եվ հանկարծ․․․ Ի՞նչ է սա. «Թղթե քաղաքներ»… Մեխանիկորեն սեղմեցի հղումը: Հեղինակի անունն ինձ ծանոթ էր, սակայն, անկեղծ ասած, ավելի շատ գրավիչ էր վերնագիրը. մի տեսակ տարբերվող, խորհրդավոր, յուրօրինակ: Ներբեռնեցի գիրքը և ինքս էլ ինձնից անկախ ընկղմվեցի թղթե քաղաքների առեղծվածի մեջ…
Ամբողջ երեք օր բացահայտում էի գրքի կերպարներին, փորձում հասկանալ նրանց արարքների դրդապատճառները և ինքնուրույն գլուխ հանել հերոսներին պատահած փորձություններից:
Գրքում նկարագրված է սովորական մի քաղաք՝ մեկն այն հազարավոր քաղաքներից, որտեղ մարդիկ զբաղվում են այն ամենով, ինչով տարված են շատ ու շատ այլ բնակավայրերում ապրողներ… Այստեղ բոլորն ունեն նույն հոգսերը, խնդիրները, աշխարհընկալումը… Թեև մարդիկ իրենց խառնվածքով տարբեր են, և հաճախ տարբեր են նաև իրավիճակները:
Գրքում նկարագրված են մարդկային փոխհարաբերություններ, և հեղինակը կարծես ուզում է վեր հանել այն բոլոր նրբությունները, որ կան մարդկային շփումներում, և որոնք մենք շատ հաճախ չենք նկատում։
Ինձ համար յուրօրինակ էր Մարգո Ռոթ Սպիգելմենի կերպարը՝ աղջիկ, որը փորձում էր սովորական ու իր կյանքի հունը չփոխող շրջապատում կայանալ, գտնել իրեն, սակայն ընտանիքը, ընկերները, շրջապատը անընդհատ այլ փորձություններ էին ստեղծում վերջինիս համար:
Նա քաջ գիտակցում էր, որ իր էությամբ չի կարող ձուլվել ընդհանուրին, լինել ինչպես բոլորը, դառնալ այդ զանգվածի մի մասնիկը: Բոլորի համար սովորականն ու ճիշտը իր համար ձանձրալի էր, անհետաքրքիր, և ամենևին էլ չէր արտահայտում կյանքի համը:
Մյուս կողմից՝ նա չէր կարող փախչել ինքն իրենից, վերափոխել սեփական անձը, և այս երկընտրանքի մեջ Մարգոն ընտրում է իր անհատականությունը պահելու ճանապարհը…
Քվենթին Ջեյքոբսենը մեկն է այն երիտասարդներից, ով ուներ հստակ պատկերացումներ, թե ինչ է ուզում, երբ և ինչպես կարող է ձեռք բերել այդ ամենը: Հավասարակշռված էր, ուշադիր, ընկերասեր: Կյանքի, ապագայի նրա ընկալումները նման էին շատ-շատերի պատկերացումներին և ծրագրերին, և կարծում էր, որ այդպես էլ պիտի լինի:
Նա ընտրել էր նախապես կանխորոշված և բոլորին նման կյանք, ապագա:
Այս միապաղաղության մեջ միակ եզակիությունն իր կյանքում Մարգոն էր, որ հայտնվելու օրվանից ի վեր փորձել էր Քյուին փոխել, դարձնել անվախ, մի քիչ խենթ և մյուսներից տարբեր, սակայն Քյուն ուրիշ էր, և այդ հանգամանքը ոչ միշտ էր թույլ տալիս հասկանալու Մարգոյի արարքներն ու նպատակները։
Մարդն նաև սոցիալական էակ է: Շրջապատի դերը մարդու կյանքում անչափ կարևոր է: Այն, թե ինչ հարաբերություններ մենք ունենք մեր ընտանիքի, ընկերների, շրջապատի հետ, մեծավ մասամբ ազդում է մեր հոգեբանության, աշխարհընկալման վրա, կանխոոշում մեր գործողությունների ընթացքը և վեջիվերջո կանխորոշում մեր ապագան։
Սովորաբար մենք հակված ենք իդեալականացնելու այն մարդկանց կերպարները, ում սիրում ենք և վստահում, բայց երբ «իդեալականի» այդ պատրանքը հօդս է ցնդում, և իրականությունը դադարում է համապատասխանել մեր պատկերացումներին, դա ստիպում է դիմել քայլերի, որոնք գուցե ոչ միշտ են հասկանալի մյուսներին:
Կյանքում հաճախ ենք հիասթափվում շրջապատից, սակայն փակվում ենք ընտանիքի ջերմության մթնոլորտում, որպեսզի հաղթահարենք ճգնաժամը:
«Երբևէ՞ կհասկանան ինձ». այս միտքը կարող է մարդուն ներսից կրծել: Մարգոն հասկանում էր, որ իր բոլոր կապերը շրջապատի հետ կտրված են: Իսկ կտրատված այդ թելերը հեշտ չէ վերականգնել, կամ առնվազն ժամանակ է հարկավոր:
Միգուցե միայնությունը, այլ քաղաքը, նոր մարդիկ, նոր իրավիճակները վերափոխեն մեր ունեցած պատկերացումները, ստիպեն գտնել նոր արժեքներ, վերաիմաստավորեն հները և ի վերջո նպաստեն ինքներս մեզ վերագտնելուն…
Չէ՞ որ եթե անգամ քաղաքներն ու մարդիկ թղթից են պատրաստված, մեր հիշողություննե՛րը թղթյա չեն, և շատ հաճախ դրանք են մեզ առաջ մղող ուժը…
Սեփական ինքնատիպության արժևորումը, ընտանիքի, ընկերության կարևորումը, ժամանակի գնահատումը անհրաժեշտ են յուրաքանչյուրիս։
Դեռևս վաղուց ինձ հետաքրքրում էր զինվորների կյանքը, նրանց առօրյան, հատկապես այն, թե ինչպես են նրանք ապրում պատերազմի ժամանակ: Մի փոքրիկ աղջնակ ամեն օր մտածում էր սահմանը պահողների, պատերազմողների մասին: Ինչպե՞ս են սնվում, ինչո՞վ, ո՞վ է պատրաստում, ո՞վ է կարում նրանց հագուստը, ո՞վ է լվանում, մի՞թե այդ պայմաններում ապրելը դժվար չէ, ի՞նչ են զգում, երբ թշնամին մոտենում է․ հարցե՜ր, հարցե՜ր, հարցեր․․․
Մեծանալով ես սկսեցի ավելին հասկանալ այդ ամենի մասին: Որոշակի չափով ստացա այդ հարցերի պատասխանները, բայց ոչ լիարժեքորեն: Ես սկսեցի փնտրել միջոցներ՝ ծանոթանալու նրանց կյանքին: Երբ իմացա Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» գրքի մասին, մտածեցի, որ գուցե ճանաչողության մի եղանակ էլ այդ գրքի ընթերցումը կարող է լինել: Եվ իսկապես, այնտեղ գտա շատ հարցերի պատասխաններ:
Տասնութ տարեկան երիտասարդներ, որ դեռ նոր պետք է մտնեն մեծ կյանք՝ լցված հույսերով, երազանքներով, դրական էմոցիաներով… Եվ հանկարծ ամեն բան գլխիվայր շուռ է գալիս և ահա բոլորովին այլ միջավայր, այլ ապրելակերպ և ի վերջո՝ այլ նպատակակետ: Այստեղ արդեն նրանք չեն որոշում ինչի համար պայքարել․ կա մի կոնկրետ կետ՝ պաշտպանել հայրենիքը:
Հետևում այն ամենն է, ինչը քոնն էր, հարազատ ու թանկ, իսկ առջևում ամեն ինչ անհայտ է, խրթին, անհասկանալի, բայց հաղթահարումը՝ խիստ անհրաժեշտ…
Այդպիսի պայմաններում գրքի հերոսները կորցնում են ապագայի երազանքները, գեղեցիկի, բարության զգացողությունը և սկսում են ինքնամոռաց կռվել, կռվել սառնասրտորեն, առանց երկմտելու: Բայց գալիս է մի պահ, երբ նրանց մեջ էլ ծագում է հարցը՝ ինչո՞ւ են պատերազմ մղում, ո՞ւմ դեմ: Եվ չստանալով պատասխանը, չտեսնելով շրջապատը՝ շարունակում են մոլեգնած կռվել՝ անձամբ չճանաչելով հակառակ ժամբարում կանգնած զինվորներին և պատկերացում չունենալով, թե ինչու են կռվում նրանց դեմ… Գուցե այդ ամենն ընդամենը պետք է ինչ- որ մեկի՞ն…
Նրանք հետզհետե դառնում են ավելի ու ավելի սառնասիրտ: Միայն այն միտքը, որ ամեն վայրկյան կարող են կորցնել իրենց ընկերներին և իրենք իրենց, կարող է տագնապեցնել անգամ ամենաամուր հոգեկան համակարգն ունեցող մարդուն: ․․․Սակայն պատերազմի արհավիրքում այդքան գարշանք տեսնելուց հետո անգամ նրանք փորձում են որևէ գեղեցիկ, ուրախացնող, հաճելի բան գտնել:
Օրեցօր կորցնում են իրենց ընկերներին: Հետզհետե նոսրանում են շարքերը: Նրանք իրենց կյանքի ծաղկուն շրջանը «նվիրում» են կռվին, արկերի ձայներին, զենքերի կրակոցներին…
Եվ ահա գալիս է մի կարճ ժամանակով տուն այցելելու պահը: Անբացատրելի զգացում է սիրտդ պատում․ չես ուզում գնալ, թեև շատ երկար ես սպասել դրան, վախենում ես այն մտքից, որ գուցե մի քանի օր հեռանալով` ընկերության մի ամուր շղթա կտրես: Ընկեր կորցնելու միտքը պատերազմի ժամանակ ամենասարսափելին է…
Զինվորների կյանքում հաճախ են հանդիպում Հիմելշոթսի նման կերպարներ: Այդքան սարսափներ, գարշելի դիակներ տեսնելուց, առնետների հետ խրամատներում ամիսներով ապրելուց հետո կարող են մի փոքր էլ չարանալ: Նրանց պարզապես պետք է հիշեցնել հասարակ մարդկային արժեքները…
Զինվորը նույնպես մարդ է: Նրան ևս բնորոշ է գեղեցիկը, բարին, ազնիվը, վսեմը զգալու և գնահատելու կարողությունները:
Նրանք բոլորն էլ ուզում են կառուցել իրենց կյանքը, հասնել իրենց նպատակներին և պարզապես լինել երջանիկ։
Սակայն պատերազմը, քաղաքական շահերը հեռացնում են զինվոր մարդուն ինքն իրենից և ստիպում ծառայել պարտքին; Պատերազմը այնպիսի արհավիրք է, որը երբեմն սպանում է մարդու մեջ մարդուն՝ վերածելով նրան ավերիչ մեխանիզմի, որին ցավոք արդեն խորթ է հոգևորը…
Սակայն գտնվում են և կամքով զորեղ այնպիսիները, ովքեր անգամ այդ համատարած չարիքի մեջ կարողանւմ են պահել կարևորագույն մարդկային արժեքները…
Զինվորը կարող է լինել պաշտպան կամ զավթիչ: Զավթիչն անողոք է, տմարդի, բիրտ ու չար, մինչդեռ պաշտպանը իր ժողովրդի, հայրենիքի նվիրյալն է, անվտանգության երաշխավորը և, որպես կանոն, օժտված է լավագույն մարդկային արժանիքներով:
Ընդհանրացնելով կարելի է ասել, որ զինվորը մարմնացումն է ուժի, զորության, որը, սակայն, պետք է շարժվի ճիշտ ուղղությամբ. դառնա միայն խաղաղության երաշխավոր և համընդհանուրի պաշտպանը:
Կարծում եմ՝ այս գրքի ընթերցումը թույլ կտա նորովի ըմբռնելու «զինվոր», «պատերազմ», «խաղաղություն» հասկացությունները…
Գիշեր՝ խորհրդավորի, յուրօրինակի, կախարդանքի սկիզբ…
Ուրիշ է շուրջն ամեն ինչ՝ ուրիշ բնություն, ուրիշ քաղաքներ, գյուղեր։ Ուրիշ են անգամ մարդիկ ու նույնիսկ նրանց մտքերն ու զգացմունքները…
Երբեմն այնպիսի տպավորություն է, թե գիշերն ամեն ինչ դառնում է ավելի բնական, թվում հասանելի…
«Գիշերային թռիչք». որքա՜ն յուրահատուկ է, այդ հեքիաթային գիշերը և այդ թռիչք ասվածը՝ ի՜նչ առանձնահատուկ, որքա՜ն ազատություն, հնարավորություններ ու արկածներ են խոստանում….
Գիշերային թանձր խավարում և լռության մեջ միախառված աստղերի, տների և փողոցների լուսերն ասես փոքրիկ երազանքներ լինեն՝ այս ու այն կողմ ցրված… Մնում է միայն պարզել ձեռքդ, ու հերթական հրաշքն արդեն ափիս մեջ է․․․
Այսպես գիշերվան էին սիրահարված նաև վեպի հերոսները՝ օդաչուները։ Հետաքրքիր է օդաչուի մասնագիտությունը: Նրանում կա և՛ ազատություն, և՛ անսահմանություն, և՛ռիսկ, և՛ արկածներ…
Անշուշտ, ճիշտ է այն միտքը, որ յուրաքանչյուր մարդ իր մասնագիտության մեջ պետք է ձգտի լավագույնին: Օդաչուն ևս բացառություն չէ: Այս առումով օդաչուն պետք կարողանա արագ կողմնորոշվել, գնահատել ռիսկերն, արագ և ճիշտ որոշումներ կայացնել։
Առաջին հայացքից, թվում է, թե Սենտ-Էքզյուպերի այս ստեղծագործւթյունը սովորական մի պատմություն է օդաչուների, նրանց առօրյայի մասին։ Սակայն միայն առաջին հայացքից․․․
Թերթելով գրքի էջերը՝ հասկանում ես, որ ստեղծագործության առանցքը բոլորովին այլ է․ հեղինակը օդաչուների կերպարների միջոցով փորձել է մարդկությանը թողնել ավելի կարևոր գաղափարներ…
Այսպես՝ մի անգամ կառուցվող կամուրջի մոտ զրուցում էին հերոսներից երկուսը․ ինժեները հարցնում է Ռիվերին, թե արդյո՞ք այն արժե մեկ մարդու խեղված կյանք: Ի պատասխան Ռիվերը ասում է, որ թեև մարդկային կյանքը բարձրագույն արժեք է, բայց միշտ գործում ենք այնպես, ասես նրանից վեր ավելի կարևոր բան կա։
Գրքի հերոսների կյանքը ասես մի մեծ փորձություն է: Օրինակ օդաչու Ֆաբիենը ուժեղ փոթորիկի ժամանակ փորձում է ամեն կերպ փրկել ոչ միայն իր կյանքը, այլև՝ ինքնաթիռը:
Վտանգը օդաչուի մասնագիտւթյան բնորոշ մասն է, սակայն գլխավորն այստեղ պատասխանատվությունն է, պատասխանատվությունը ոչ միայն սեփական անձի նկատմամբ, այլև այն ամենի, ինչ վստահված է քեզ։
Սեր, նվիրում, խիզախություն ու պատասխանատվություն. ահա և գրքի հերոսների հիմնական բնութագրիչները:
Նրանց հանդիպող դժվարություններն, անհայտն և անտեսանելին ամենևին էլ արգելք չեն գիշերային թռիչքներ իրականացնելու համար:
Այդ թռիչքները հնարավորութուն են ինքնազարգացման, ինքնակազմակերպման, գեղեցիկը զգալու, այն գնահատելու համար։ Սա յուրատեսակ միջոց է անհայտի մեջ սեփականը արարելու, ձուլվելու տիեզերական անսահմանությանը…
Այս գիրքը կարդալով՝ կարելի է արժևորել մարդ, կյանքի ժամանակ, տարածություն հասկացությունները, նոր խոհերով լցնել սեփական ներաշխարհը…