Վերլուծություն

Նարե Մանուկյան

Խ. Աբովյանի անվան համար 84 հիմնական դպրոց

4-րդ դասարան

Բարև, սիրելի «էդիթ Պրինտ»: Շատ ուրախացա, երբ իմացա Ձեր հայտարարած մրցույթի մասին: Ես հեքիաթներ շատ եմ սիրում: Ինձ թվում է, որ ինքս էլ մի հեքիաթի արքայադուստր եմ, բայց ծնողներս ինձ համոզում են, որ արքայադուստր լինելը այդքան էլ անհոգ բան չէ, և ավելի լավ է՝ սովորական աղջնակ լինել:

Ես կարդացի Ձեր առաջարկած հեքիաթների ժողովածուներից չորսը՝ «Իմաստուն հեքիաթներ», «Անտառային հեքիաթներ», «Ուրախ հեքիաթներ», «Ուսուցանող հեքիաթներ» գրքերը: Այս հեքիաթները ինձ սովորեցրին, որ պետք է լինել ազնիվ, բարի, խելացի: Նաև սովորեցի, որ պետք չէ ստել, լինել նախանձ, ագահ, եսասեր, գոռոզ: Բոլոր հեքիաթներն էլ ինչ-որ բան են սովորեցնում, և այդ պատճառով էլ պետք է ուշադիր կարդալ և հասկանալ, թե ինչ խրատ տվեց մեզ տվյալ պատմությունը: Ամեն հեքիաթ մի առանձին աշխարհ է: Այնտեղ կարելի է հանդիպել կախարդանքի, դժվարությունների, ուրախության, տխրության, արկածների և ուրիշ շատ հրաշքների: Մարդիկ, հեքիաթներ կարդալով, դառնում են ավելի բարի, սկսում են հավատալ արդարությանը: Ամենակարևորը հենց այն է, որ հեքիաթները միշտ բարու հաղթանակով են ավարտվում: 

Ես շատ ուրախ կլինեմ, եթե այս հեքիաթները իմ ընկերներն էլ կարդան: Դրանք այնքան ուրախ, հետաքրքիր և ուսուցանող էին, որ համոզված եմ՝ նրանց էլ դուր կգան: Շատ  լավ կլինի, եթե նրանք էլ մի որոշ ժամանակ կտրվեն իրենց հեռախոսներից և պլանշետներից և ուղևորվեն հեքիաթների զարմանահրաշ աշխարհ: Հավատացե՛ք, դա շատ ավելի հետաքրքիր է:

Մի գաղտնիք էլ բացեմ: Ես ուզում եմ դերասանուհի դառնալ և դպրոցում, երբ հեքիաթներ ենք բեմադրում, մեծ ոգևորությամբ եմ իմ դերը խաղում: Հույս ունեմ, որ մի օր էլ որևէ թատրոնի բեմում կխաղամ և ինձ անպայման արքայադստեր դերը կվստահեն:

Իսկ հիմա գրեմ, թե որ հեքիաթները ինձ հատկապես դուր եկան: Թեև ես արդեն կարդացել էի Ղազարոս Աղայանի «Անահիտը», մեծ հաճույքով ևս մեկ անգամ ընթերցեցի: Այն իմ ամենասիրելի հեքիաթն է: Ինձ շատ է դուր գալիս հերոսուհու իմաստուն պատասխանը խնամախոսներին: Նաև հաճելի էր, որ Վաչագանը, թագավորի որդի լինելով, լսեց Անահիտին ու արհեստ սովորեց: Ա՛յ դա էլ փրկեց նրա կյանքը:

Շատ հավանեցի նաև «Վաճառականն ու թութակը» հեքիաթը: Ես հասկացա, որ կենդանիներն էլ կարող են կարոտել: «Գոռոզ չղջիկ» հեքիաթից սովորեցի, թե ինչքան վատ է գոռոզ լինելը: Մի կուշտ ծիծաղեցի, երբ կարդացի «Խելացի բժիշկը» հեքիաթը: «Թագավորի որդու առաջին դասը» հեքիաթի հերոսը, իմ կարծիքով, հետագայում շատ լավ թագավոր կդառնա: «Ճշմարտախոս Սվենը» հեքիաթը ինձ սովորեցրեց նույնիսկ ամենադժվար պահին չստել:

Հավանեցի՞ր. տարածիր