Ֆլորա Պողոսյան
Ուսում հանրակրթական դպրոց
5-րդ դասարան
«Էդիթ Պրինտն» ինձ տվեց հնարավորություն ճամփորդելու հեքիաթներով, և ես սկսեցի այն:
«Զարմանահրաշ հեքիաթներ»: Այս շարքը ինձ համար ամենահետաքրքիրն էր, թեկուզ նրա համար, որ չար մարդկանց վատ երազներ են բաժին հասնում, իսկ բարիներին՝ անուշ: Ընկերոջս խորհուրդ կտայի այս գրքով ճամփորդել «Անտեսանելի թագավորությունում», որովհետև տղային թագավորությունը հասել էր բարության շնորհիվ:
«Իմաստուն հեքիաթներ»: Այս հեքիաթաշարում ես սովորեցի, որ պետք է լինել բարի և հոգատար, նույնիսկ այնքան, որ աղքատ ընտանիքներին մեր ունեցվածքը տանք: Այս գրքից ես խորհուրդ կտայի կարդալ «Թե ինչպես հայրը խելք սովորեցրեց որդուն» հեքիաթը: Հուսով եմ, որ այս հեքիաթը կարդալուց հետո, ընթերցողը կզբաղվի ինքնակրթությամբ:
«Զվարճալի հեքիաթներ»: Հեքիաթների միջով անցնող ճամփորդության ընթացքում ինձ համար ամենազվարճալին վանահոր ու սպասավորի պատմությունն էր և հենց այս հեքիաթն էլ խորհուրդ եմ տալիս կարդալ ընկերոջս: Նախ՝ վերնագրից հասկացա, որ ինչ-որ լուրջ պատմություն է լինելու, հետո, երբ հեքիաթն ընթերցեցի, պարզեցի, որ փաստորեն այն իրականում ամենազավեշտալի հեքիաթն էր: Ամենածիծաղելի պահն այն է, երբ սպասավորը հասկանում է, որ վանահայրը ժլատ է, և նրան դաս տալու համար վերջինիս հնարած ծիծաղելի պատճառաբանությունները պատմում է այլ մարդկանց՝ ամոթալի դրության մեջ դնելով նրան:
«Ժողովրդական հեքիաթներ»:Այն հեքիաթների շարքից, որոնք կոչվում են ժողովրդական, ամենաշատը հավանեցի «Յոթ կղզիները», որ ինձ սովորեցրեց լինել աշխատասեր և ամենակարևորը՝ հարգել ու լավ վերաբերմունք ցուցաբերել այն մարդկանց, ովքեր քեզ մեծացրել են և այնպես են հոգ տանում քո նկատմամբ, ինչպես արքայադստերը կխնամեին նրա աղախինները: Այդ մարդկանց կոչում են ծնողներ:
«Կախարդական հեքիաթներ»: Իմ ճամփորդությունը դեռ չի ավարտվել. հասել եմ «կախարդական» աշխարհ: Այստեղ ես իմացա շատ պատմություններ, որոնց վերնագրերը դրել էին կախարդական արարածները: Դրանցից ամենահետաքրքիրն ինձ համար «Մա-Լյանը և կախարդական վրձինը» հեքիաթն էր: Այս պատմությանը ծանոթանալուց հետո ես կփորձեմ ձեռք մեկնել աղքատ մարդկանց և ընկերներիս էլ խորհուրդ կտամ ընթերցել այն:
«Ուրախ հեքիաթներ»: Այստեղ ոչ միայն ուրախ է, այլ նաև արդար, որովհետև, օրինակ, «Ճշմարտախոս Սվենը» ընթերցելուց հետո պարզապես այլևս չես կարող ստել: Խորհուրդ եմ տալիս կարդալ բոլոր սուտլիկներին:
«Ուսուցողական հեքիաթներ»: Այս գրքից իմ ընտրած հեքիաթը կոչվում է «Ծերունիների իմաստությունը», որն ինձ սովորեցրեց այս բանը. որքան էլ դիմացինը չի փորձում քեզ օգնել, չի նշանակում, որ պետք է նրա հետ դաժան վարվել:
«Անտառային հեքիաթներ»: Այս ճամփորդության ընթացքում հանկարծ կողքովս անցավ Ճերմակ օձը և իր ֆշշոոցով մի պատմություն պատմեց, որը վերնագրված էր հենց իր անունով: Այս հեքիաթն ինձ սովորեցրեց հետևյալ ասացվածքը. «Ինչ ցանես, այն էլ կհնձես»:
«Խելացի հեքիաթներ»: Մինչ այս գիրքը կարդալը ես շատ էի տեսակցում ընկերուհիներիս և չէի շփվում ընտանիքիս հետ, բայց երբ կարդացի «Ում գանձն է ավելի լավը» հեքիաթը, սկսեցի ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս:
«Հեքիաթային ճամփորդություն»: Այս ժողովածուում «Կարմրատամ Աինը» կարդալուց հետո հասկացա մայրական օրհնանքի զորությունը:
Դեպի «Գիշերային թռիչք» ուղևորվելիս հանկարծ հիշեցի, որ Տիեզերք չեմ բարձրացել, և հրապուրանքով շարունակեցի ճանապարհս: Մայրիկիս խորհուրդով հայտնվեցի Անտուան դե Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչքում», որն ինձ համար դեռ չի ավարտվել:
Սակայն ես հպարտ եմ, որ այս ընթացքում հասցրի այցելել «Էդիթ Պրինտի» բոլոր հեքիաթներին, որոնց մեծ մասը մինչ այդ չէի կարդացել:
Շնորհակալություն ինձ տրված այդ հնարավորության համար: Շնորհակալ եմ նաև նրա համար, որ ստողծեց մի մրցույթ, որն իրականում իմ ամենասիրելի զբաղմունքին է վերաբերում՝ ընթերցելուն, շարադրելուն ու ստեղծագործելուն: