Հնում թարգմանություն ասելով՝ մեր հայրերը նկատի չեն ունեցել միայն օտար գրքերի փոխադրումը հայերեն։ Թարգման էին կոչվում Եկեղեցու այն վարդապետները, որոնք Սուրբ Գիրքը «թարգմանում», մեկնում էի հավատացյալ ժողովրդի համար կամ իրենց գործունեությամբ նպաստում դրան։
Ամեն տարի Հոգեգալստյան տոնից հետո չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է սուրբ թարգմանիչներ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի տոնը։
Սբ. Սահակ Պարթև Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր` Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որը հայոց Հայրապետն է եղել 387-439 թթ․: Սահակ Պարթևը ամեն բանով օգնել է Մեսրոպ Մաշտոցին գրերի գյուտի և հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադրման հարցում: Հայրապետը երաժշտական արվեստի, ճարտասանության, իմաստասիրության և լեզվագիտության փայլուն գիտակ էր, և մեծ նպաստ է բերել հայ ազգի հոգևոր զարթոնքին։
Սբ. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360 թվականին, մանուկ հասակից սովորել հունարեն և պարսկերեն: Սկզբում պաշտոնավարել է արքունիքում՝ որպես արքունի դպիր: Սակայն հետո թողնելով աշխարհիկ կյանքը՝ դարձել է հոգևորական՝ ապրելով խիստ ճգնությամբ: Հենց իր քարոզչության ընթացքում է սբ. Մեսրոպը զգում հայ գրերի անհրաժեշտությունն ու հայերեն Աստվածաշունչ ունենալու կարևորությունը պարզ ժողովրդին Աստծու Խոսքը հասցնելու և նրան կռապաշտությունից ու զանազան մեղքերից փրկելու հարցում: Նա աշակերտների հետ մեկնում է Եդեսիա, Ամիդ, ստեղծում հայոց տառերը և Սամոսատում Հռոփանոս անունով մի հույն գրչի հետ վերջնական գրաֆիկական տեսքի բերում դրանք: Տառերի գյուտից հետո սբ. Սահակն ու սբ. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և դա կատարում են այնքան հմտորեն, որ Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունը դարեր հետո հռչակվում է «թարգմանությունների թագուհի»:
Եկեղեցու այս սուրբ հայրերն ու նրանց աշակերտները ձեռնամուխ են լինում նաև բազմաթիվ այլ գրքերի թարգմանության, ինչպես նաև լծվում հայոց լեզվի բառապաշարի հարստացմանը՝ մշակելով հրաշալի բառակազմական կաղապարներ, որոնցով մինչ օրս էլ հայերենում շարունակվում են նոր բառեր կազմվել։