Հայկական Կիլիկիայի Լևոն Մեծագործ թագավորը կանչեց մի ագահ մարդու և ասաց.
– Քեզ հիմա կտանեն արքունի սեղանատուն. այնտեղ ամեն տեսակի ուտելիք կա. կեր, ինչքան սիրտդ տալիս է, ինչքան մնա, վաղը ես ու դու միասին կուտենք:
Ագահին տարան սեղանատուն և դուռը փակեցին հետևից:
Այստեղ խորոված մի եղնիկ էր, հաց և մի սափոր օշարակ:
«Ասում է՝ ամեն ինչ կա, բայց եղնիկից բացի՝ ուրիշ բան չեմ տեսնում,- փնթփնթաց ագահը։- Ոչի՜նչ, կեսը ես կուտեմ, մյուս կեսը վաղը անուշ կանեմ թագավորի հետ»:
Ասաց ու գործի անցավ: Կերավ, օշարակն էլ վրայից անուշ արեց ու ինքն իրեն ասաց․ «Չէ՛, ավելի լավ է՝ կեսի կեսն էլ ուտեմ»։
Կերավ դժվարությամբ: Զգում էր, որ շնչահեղձ է լինում, բայց շարունակում էր կրծել ոսկորները:
Հաջորդ առավոտ սպասավորները բացեցին սեղանատան դուռը: Ագահն անշունչ փռվել էր հատակին՝ խորոված եղնիկի ոսկորի վերջին կտորը ձեռքին: Եկան ու զեկուցեցին արքային: Եվ Լևոն Մեծագործն ասաց.
– Ագահությունն աղի ջրի նման է. ինչքան խմես, այնքան ավելի կծարավես:
Ըստ Հայկ Խաչատրյանի