Աթլետիկա

Աթլետիկան ընդգրկում է վազքը, մարզական քայլքը, ցատկերը, մարզաիրերի նետումները, բազմամարտի մրցումները։ Սպորտաձև դառնալուց առաջ էլ թվարկվածներից շատերը մարդու համար եղել են բնական, անհրաժեշտ գործողությունները կենցաղում, աշխատանքում, պատերազմների ժամանակ։

Վազքի, ցատկերի և նետումների մրցումները տարածված են եղել դեռևս հին հունական օլիմպիական խաղերում։ Սակայն ժամանակակից աթլետիկայի հիմքը դրվել է Անգլիայում։ 1837 թվականին Ռեգբի քաղաքում տեղի ունեցան վազքի մրցումներ քոլեջի սաների միջև։ Խաղերը մեծ ոգևորություն առաջացրին, և շուտով նման մրցումներ կազմակերպվեցին նաև Լոնդոնում, Քեմբրիջում, Օքսֆորդում և այլուր։ Աստիճանաբար ծրագրերը համալրվեցին կարճ վազքերով, արգելավազքով, ծանրության նետումով, ապա նաև հեռացատկով ու բարձրացատկով։

1868 թվականին Նյու Յորքում է հիմնվում աթլետիկայի ակումբ, և դարձյալ՝ այս մարզաձևի զարգացման կենտրոն են դառնում համալսարանները։ 1870-ականներից Ֆրանսիայում նույնպես սկսում է զարգանալ աթլետիկան՝ նախ զինվորական լիցեյներում, ապա մյուս կրթօջախների շրջանում։

Այսպիսով՝ կարող ենք ասել, որ ժամանակակից աթլետիկան ձևավորվել և տարածում է ստացել ուսանողների շրջանում և նրանց համար։

Նոր օլիմպիական խաղերում հետզհետե ավելացան ինչպես աթլետիկայում մրցող երկրների քանակը, այնպես էլ աթլետիկական մարզաձևերը։ 1956 թվականին Մելբուռնում անցկացված խաղերում արդեն տեղ էր գտել տղամարդկանց 24 և կանանց 9 մարզաձև։

Մեծահռչակ աթլետներ շատ են եղել։ Նրանցից է աֆրոամերիկացի Ջեսի Օուենսը՝ արագավազքի և հեռացատկի վարպետը, ում իր ցուցաբերած անգերազանցելի արդյունքների համար անվանում էին Սև նետ։ 20-րդ դարի լավագույն աթլետներից էր նաև Կարլ Լյուիսը։ Մարզական երկարակեցության և կամային բարձր ցուցանիշներով հռչակված էին սկավառականետորդ Արթուր Օրտերը՝ 4 օլիմպիական խաղերի անընդմեջ չեմպիոն, ռուս եռացատկորդ Վիկտոր Սանեևը, չեխ վազորդ Էմիլ Զատոպեկը և այլք։

Հայաստանում առաջին աթլետիկական ակումբը հիմնվել է 1917 թվականին Ալեքսանդրապոլում (այժմյան Գյումրին)։ Խմբի հիմնադիրն էր Առևտրի վարժարանի ուսուցիչ Մարտին Մարգարյանը։ Մարզումներն ընթանում էին կանոնավոր, և շատերը՝ Հարություն Յաղջյանը, Իգոր Պուխլովիցկին, Հարություն Գարգալոյանը, ունեցան նկատելի հաջողություններ, սակայն նյութական և բարոյական աջակցություն պակասի հետևանքով ակումբի գործունեությունը շուտով դադարեցվեց։

1951 թվականին ԽՍՀՄ երիտասարդական չեմպիոն դարձավ Վարդան Հովսեփյանը։ Հետագայում նա իրեն հավասարը չուներ ողջ Եվրոպայում։

1970-ականների վերջերից բարձր արդյունքներով աչքի ընկավ Արտաշես Միկոյանը։ Նա դարձավ մի շարք միջազգային խոշոր մրցումների հաղթող 3000 մ խոչընդոտավազքում։

Խորհրդային տարիներին բարձր էին հատկապես հայ հեռացատկորդների նվաճումները։ Իգոր Տեր-Հովհաննիսյանը երկու անգամ աշխարհի ռեկորդ սահմանեց (1962-1967 թթ․)։ 1983 թվականին գյումրեցի Հովհաննես Ստեփանյանը դարձավ ԽՍՀՄ չեմպիոն։ Մեկ ուրիշ գյումրեցի՝ Ռոբերտ Էմմիյանը, նույնպես բազմաթիվ ռեկորդներ սահմանեց, իսկ 1987 թվականին ցույց տվեց շշմեցուցիչ արդյունք՝ 8 մ 86 սմ։

1992 թվականին ստեղծվեց անկախ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան։ Երեք տարի անց եռացատկորդ Ա. Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության մրցանակակիր։

Ativador Windows 11

Հավանեցի՞ր. տարածիր