Անգլիացի գրող Ալան Ալեքսանդր Միլնը ուներ մի տղա, անունը` Քրիստոֆեր Ռոբին: Միլնը շատ էր սիրում Քրիստոֆեր Ռոբինին և միշտ խաղում էր հետն ու հեքիաթներ հորինում նրա համար: Մի օր էլ նրան մի փափուկ խաղալիք արջուկ նվիրեց: Ռոբինը շատ ուրախացավ և այնպես սիրեց իր արջուկին, որ երբեք չէր բաժանվում նրանից. ուր գնար, հետը տանում էր:
Արջուկի անունը դրեցին Վինի Թուխ: Միլնը և Քրիստոֆեր Ռոբինը պատմություններ էին հորինում ու խաղում այդ պատմությունները: Դրանք հենց Քրիստոֆեր Ռոբինի և նրա խաղալիքների` Վինի Թուխի, Դնչիկի, Իա-Իայի, Բուի, Ճագարի, Վագրի, Կենգուի և Ճստիկ Ռուի մասին էին: Ամեն երեկո այս խաղալիքները «կենդանանում» էին ու սկսում խոսել, շարժվել, ապրել:
Այսպես ստեղծվեց «Վինի-Թուխը և բոլոր-բոլորը» գիրքը: Այն շատ զվարճալի է, կարդա ու ծիծաղիր:
Վինի Թուխը մեղրից բացի մի բան էլ էր շատ սիրում աշխարհում` ոտանավորներ հորինել: Թուխը դրանք անվանում էր երգ-քրթմնջիկներ:
Ահա մի քանի երգ-քրթմնջիկ:
Ես Ամպիկ եմ, Ամպիկ, Ամպիկ,
Ոչ թե փոքրիկ թուխ արջուկ,
Ա՜խ, ինչ լավ է լինել Ամպիկ
Ու սավառնել երկնքում:
Տարա-տարա-տարա-րա՛,
Տրամ-պամ-պամ-տիրամ պամ-պա՛:
Տիրի-տիրի-տիրի-րի՛,
Տրամ-պամ-պամ-տիրիրիմ-պիմ-պի՛:
Քայլում եմ ե՛ս
Տիրլիմ-բոմ-բո՛մ,
Եվ ձյունը ինձ
Տիրլիմ-բոմ-բո՛մ,
Չի վախեցնում.
Ծածկում է նա իմ հետքե՜րը:
Բայց ասացե՛ք
Տիրլիմ-բոմ-բո՛մ,
Բայց ասացե՛ք,
Տիրլիմ-բոմ-բո՛մ,
Ինչի՞ց է, որ
Սառչում են իմ ոտքե՜րը:
Լավ է ապրում Վինի-Թուխը
Աշխարհու՛մ,
Դրա համար էլ միշտ ուրախ է
Նա երգո՛ւմ:
Ո՛չ, նա երբեք չի նեղանա,
Ինչ էլ ուտի, չի հաստանա,
Վինի-Թուխը ուտելուց է
Նի-հա-րո՛ւմ:
Մոտ օրերս ոնց պատահեց,
Հյուր գնացի բարեկամիս,
Ու ոնց եղավ, սիրտս ուզեց,
Ասել, խոսել դեսից-դենից:
Եվ պատմեցի, թե երբ ու ով,
Եվ թե ինչու, նաև ինչից,
Ինչով, որտեղ, ինչ պատճառով
Եվ դեպի ուր ու որտեղից:
Ոնց էր առաջ ու ոնց հետո,
Եվ թե ինչու եղավ այդպես,
Իսկ եթե ոչ, ապա այո,
Ով ում, ինչ ինչ, նաև ինչպես:
Իսկ երբ բառ էր ինձ պակասում,
Ասում էի մեկ «Վա՜խ», մեկ «Վա՜յ»
«Այսպես ասած», «Առողջություն»
Իսկ երբեմն էլ` «Ա՛յ-ա՛յ-ա՛յ-ա՛յ»:
Երբ իմ խոսքը ավարտեցի,
Հարցրին. «Վե՞րջ: Միայն այդքա՞ն:
Մի ամբողջ ժամ դու խոսեցիր,
Չպատմելով ո՛չ այս, ո՛չ այն»: