Ո՞վ է ճարտարապետը, գիտե՞ս: Դա այն մարդն է, որը մտածում, գծագրում է շենքերը, փողոցները, այգիները և նույնիսկ ամբողջ քաղաքը: Նա գծագրում է այդ ամենը, իսկ շինարարն այդ գծագրերով կառուցում է: Հետաքրքիր գործ է, չէ՞: Բայց նաև դժվար է: Որովհետև ճարտարապետը պիտի շատ մտածի, ճիշտ հաշվարկի, որ իր հորինած տներն ու փողոցները լինեն հարմարավետ, ամուր և գեղեցիկ:
Իսկ ո՞վ է նախագծել մեր մայրաքաղաքը՝ Երևանը:
Երևանը շա՜տ հին պատմություն ունի, բայց նախկինում այն ավելի շատ գյուղի էր նման: Եվ ահա մի մարդ մտածե՜ց-մտածեց ու կազմեց մեր քաղաքի գլխավոր հատակագիծը: Այդ մարդն Ալեքսանդր Թամանյանն էր:
Թամանյանի երազանքն էր, որ Երևանը լինի փոքրիկ քաղաք՝ ամբողջությամբ այգու մեջ: Նա Երևանն անվանում էր վարդագույն քաղաք, որովհետև ուզում էր, որ քաղաքի մեծ մասը կառուցվի վարդագույն տուֆից: Եթե նրա բոլոր մտահղացումներն իրագործվեին, ապա Երևանն իրոք անկրկնելի գեղեցիկ կլիներ: