Աղվեսը, ինչպես հեքիաթներում և առակներում, այնպես էլ իրականում խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանի է: Իր կյանքը փրկելու համար, սնունդ հայթայթելու համար նա ունակ է ամեն մի հնարամտության։ Աղվեսը նաև հետաքրքրասեր է, և հենց դա էլ երբեմն վնասում է նրան․ քիթն ամեն տեղ խոթելու սովորության պատճառով նա կարող է և չնկատել վտանգը։
Ավղեսները սուր լսողություն, տեսողություն և հատկապես հոտառություն ունեն։ Թշնամու հոտը նրանք զգում է շա՜տ հեռվից և հասցնում ժամանակին փախչել ու հրաշալի քողարկվել: Իսկ լսողությունն օգնում է հատկապես ձմռանը․ աղվեսը սրում է ականջներն ու որսում անգամ խոր ձյան տակ թույլ ծվծվացող մկների ձայնը։
Հայտնի է աղվեսի 9 տեսակ, բայց Հայաստանում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը:
Աղվեսի պոչը թավ է ու երկար, մորթին՝ խիտ ու փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրավուն կամ այլ երանգներով:
Աղվեսն ապրում է միայնակ, սնվում է նապաստակներով, գորտերով ու մողեսներով և խոշոր միջատներով, սակայն նրա հիմնական սնունդը մկներն ու մյուս մանր կրծողներն են։ Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար վնասատու կրծող՝ մեծ օգուտ է բերելով գյուղատնտեսությանը:
Թեպետ աղվեսը գիշատիչ է, սակայն ամռանը սնվում է նաև որոշ բույսերով:
Աղվեսն ապրում է գետնափոր բներում, որոնք կառուցում է բլրալանջերին, բայց այդ խորամանկը նաև զբաղեցնում է այլ կենդանիների բները:
Գարնանը կամ ամռան սկզբին աղվեսը ծնում է 3–4 (երբեմն՝ 12) ձագ: Դրանք 17–19 օր անց արդեն կարող են դուրս գալ բնից, խաղալ շրջակայքում, իսկ վտանգի պահին` անմիջապես թաքնվել: Մայր աղվեսը ձագերին կաթով կերակրում է 1,5 ամիս, իսկ 4 ամսականում նրանք դառնում են ինքնուրույն և հեռանում՝ շարունակելով ապրել առանձին: