Ամբերդ ամրոց-բերդաքաղաքը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Բյուրականից 7 կմ հյուսիս: Անունը բացատրվում է այսպես. ամպերին հասնող, այսինքն՝ բարձրադիր: Ամբերդը կառուցել են Կամսարական իշխանները՝ 7-րդ դարում։ Այն եղել է Բագրատունյաց թագավորության պաշտպանական հենակետերից: Այստեղ գործել են արհեստագործական կենտրոններ, որոնք ապահովել են հայոց զորքի սպառազինությունն ու հանդերձանքը: Տեղանքի պեղումների ժամանակ հայտնաբերվել են զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ՝ մեծարժեք գտածոներ Հայոց պատմության ուսումնասիրության համար։
Թուրք-սելջուկները 11-րդ դարում կարողացել են գրավել ամրոցը: Սակայն դարավերջին Զաքարե Երկրորդ հզոր արքան, ջախջախելով թշնամուն, ազատագրել է Ամբերդը և այն հանձնել իր զորավարներից մեկին՝ Վաչե Վաչուտյանին՝ իբրև իշխանանիստ քաղաք: Ցավոք, 1236 թվականին ամրոցը դարձյալ գրավվել է՝ այս անգամ թաթար-մոնղոլների կողմից. այդ քոչվորներն ավելվել են բերդաքաղաքը։ Ի՜նչ գիտեն նրանք ճարտարապետական արժեքների մասին:
Ներկայումս բերդաքաղաքից պահպանվել են դղյակի և պատերի ավերակները, ինչպես նաև այլ շինությունների մնացորդներ: Սակայն ասես նախախնամությամբ՝ դղյակի հարավային մասում լավ պահպանվել և գործում է բերդաքաղաքի հինավուրց աղոթատեղին՝ Սուրբ Կաթողիկե գողտրիկ եկեղեցին: