Ամենամեծ բանը

Ո՞րն է կյանքի ամենամեծ նպատակը։ Ես կարծում եմ՝ բարու ավելացումը մեր շուրջը։ Իսկ բարին նախ և առաջ բոլոր մարդկանց երջանկությունն է։ Այն շատ բանով է պայմանավորված և ամեն անգամ մարդու առջև նոր առաջադրանք է դնում, որ պետք է կարողանալ լուծել։ Ե՛վ փոքրիկ բարիք կարելի է գործել, և՛ մեծի շուրջ մտածել, սակայն փոքրն ու մեծը հնարավոր չէ առանձնացնել։ Շատ բան, ինչպես արդեն ասել եմ, սկսվում է մանրուքներից, դրսևորովում է մանուկ հասակում՝ մերձավորների հանդեպ։ Երեխան սիրում է իր մայրիկն ու հայրիկին, քույրերին ու եղբայրներին, իր ընտանիքին, իր տունը։ Հետզհետե ընդլայնվելով՝ նրա կապվածությունը տարածվում է դպրոցի նկատմամբ, գյուղի, քաղաքի, ամբողջ երկրի։

Իսկ դա արդեն շատ մեծ և խոր զգացմունք է, թեպետ այս կետում էլ պետք չէ կանգ առնել, այլ սիրել առհասարակ մարդուն՝ մարդու մեջ։ Պետք է լինել հայրենասեր, այլ ոչ թե ազգայնամոլ։ Ինչպես որ հարկ չկա անտարբեր լինելու այլ ընտանիքների հանդեպ, քանի որ սիրում ես քոնը։ Հայրենասիրության և ազգայնամոլության մեջ մեծ տարբերություն կա․ առաջինը սերն է քո երկրի նկատմամբ, երկրորդը՝ ատելությունը բոլոր մյուսների հանդեպ։

Սերը սկսվում է փոքր բանից՝ քո հարազատներին բարին ցանկանալուց, բայց ընդլայնվելով՝ այն ներառում է նորանոր տիրույթներ։ Դա նման է ջրի վրա գոյացող օղակներին։ Սակայն ջրում այդ օղակները մեծանալով հետզհետե մարում են, իսկ սերն ու ընկերությունը, ընդհակառակը, տարածվելով առավել մեծ ուժ են ստանում, իսկ նրանց կենտրոնը՝ մարդը, ավելի է իմաստնանում։

Սերը չպետք է լինի կույր, այլ խմաստուն, այսինքն՝ այն պիտի լինի միաձույլ թերությունները տեսնելու ունակությանը և պայքարի այդ թերությունները շտկելու համար՝ ինչպես սիրելիի մեջ, այնպես էլ շրջապատում։ Սերը պիտի կարողանա զատորոշել կարևորը խաբուսիկից, էականը՝ դատարկ բանից։ Կույր հիացմունքը (դա անգամ սեր չես անվանի) կարող է հանգեցնել սարսափելի հետևանքների։ Մայրը, ով անդադար պարծենում է իր երեխայով և ամեն հարցում նրան խրախուսում, կարող է բարոյական հրեշ դաստիարակել։ Գերմանիայի նկատմամբ կույր հիացմունքը հանգեցրեց նացիզմին, Իտալիայի հանդեպ կույր հիացմունքը՝ ֆաշիզմին։

Իմաստությունը խելքն է՝ միաձուլված բարությանը։ Խելքն առանց բարության խորամանկությունն է։ Իսկ խորամանկությունն աստիճանաբար վատնում է մարդու ուժերը և վաղ թե ուշ կշրջվի նրա դեմ։ Դրա համար խորամանկությունը հարկադրված է թաքնվելու։ Մինչդեռ իմաստությունը բաց է և վստահելի։ Այն չի խաբում մյուսներին, բայց առաջին հերթին՝ չի խաբում հենց իմաստուն մարդուն։ Այն վերջինիս բարի անուն է բերում և հաստատուն երջանկություն։ Բերում է խղճի հուսալի ու հարատև խաղաղություն, որը թանկ է հատկապես ծերության հասակում։

Ի՞նչ բառով արտահայտել այն ընդհանրությունը, որ ունենան իմ առաջին երեք զրույցները։ Այդ բառը կարող է կարգախոս դառնալ․ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ։ Հավատարմություն այն սկզբունքներին, որոնցով մարդը պետք է առաջնորդվի և՛ փոքր, և՛ մեծ գործերում։ Հավատարմություն քո անբիծ երիտասարդությանը, քո հայրենիքին՝ այդ բառի բոլոր իմաստներով․ հատարմություն ընտանիքիդ, ընկերներիդ, քաղաքիդ, երկրիդ, ժողովրդիդ։ Վերջին հաշվով՝ դա հավատարմությունն է ճշմարտությանը, ճշմարտություն-արդարությանը։

Դ․ Լիխաչով, «Զրույցներ բարու և գեղեցիկի մասին»

Հավանեցի՞ր. տարածիր