Այն հռչակավոր գյուտարարը

Ասատուր Սարաֆյանը ծնվել է 1895 թ. Արևմտյան Հայաստանում:

Սարաֆյան ընտանիքը մազապուրծ էր եղել համիդյան կոտորածներից (1894-1896 թթ․), որոնք Հայոց ցեղասպանության նախերգանքն էին։

Շուտով, սակայն, մանուկ Ասատուրը փրկվելու էր ևս մի պատուհասից։ Կոտորածներից սարսափած՝ հոգեկան հավասարակշռությունը կորցրել էր փոքրիկի մայրը՝ այլևս ի զորու չլինելով նրան խնամելու։ Եվ երբ մի անգամ երեխան ծանր հիվանդանում է, հայրը փրկում է զավակին՝ այծի կրծքի միջոցով սնելով խաղողի հյութով։

Ավելի ուշ հայտնվելով օվկիանոսից այն կողմ՝ հեռավոր Չիկագոյում, Ասատուրը հարկադրած փոխում է անունը ՝ փորձելով աշխատանքի անցնել աշխատանքային գործիքների խանութում, որտեղ ավելի ուշ նախագծում է սղոցների սրման գործիքը:

Իր առաջին հայտնագործություններից հետո Բենքերը կյանքը նվիրում է գյուտարարությանը: Տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում՝ 1940 թ. նրա հայտնագործած տեխնիկայի հիման վրա ստեղծվում է «General Motors»-ի հայտնի «Oldsmobile Hydramatik» փոխանցման տուփը՝ ավելի անվտանգ և դիմացկուն, քան մինչ այդ եղածները։

Բենքերին են պատկանում նաև բենզինային պոմպի ու ավտոյուղի չափիչի գյուտերը:

Սակայն Սարաֆյան-Բենքերի ամենաարժեքավոր հայտնագործություններն են ճանաչվել ուղղաթիռի տրանսմիսիայի՝ հռչակավոր ինժեներ Իգոր Սիկորսկու շարժիչի փոխանցման տուփը և գունավոր տպագրության սարքը։

Սիկորսկու և Բենքերի համատեղ հայտնագործությունը հնարավոր դարձրեց ուղղաթիռների մասսայական արտադրությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

1968 թ. Օսկար Բենքերը ստեղծում և արտոնագրում է նաև առաջին պնևմատիկ ներարկիչը՝ առանց ասեղի։ Այսօր այն ամբողջ աշխարհում օգտագործվում է պատվաստումների համար:

Երբ Գրենադա կղզում համաճարակ է տարածվում, Բենքերի ներարկիչներն արտադրող «Med-E-Jet»-ը ներարկիչներ է նվիրաբերում կղզուն, ինչի շնորհիվ համաճարակը հաղթահարվում է: Եվ 1979 թ.՝ Օսկար Բենքերի մահվան տարում, Գրենադայում հրապարակվում են փոստային դրոշմանիշներ՝ նվիրված գյուտարարին, ում շնորհիվ փրկել էին շատ ու շատ մարդկային կյանքեր:

Հավանեցի՞ր. տարածիր