Անի

Մեր երկրի սահմանից մոտ 1000 մետր հեռավորության վրա` այժմյան Թուրքիայի տարածքում է գտնվում Անի քաղաքը: Եթե կանգնես սահմանի մոտ, կտեսնես, որ Անիից ընդամենը մի ձոր է բաժանում, որը, սակայն, անցնել չես կարող: Իսկ Անին միայնակ ու հպարտ կանգնած է քո առջև` բարձր սարահարթի վրա՝ իր ավերակներով, կիսաքանդ շինություններով, խոնարհված եկեղեցիներով ու տպավորիչ պարսպով:

Անին շատ հին է. մինչև հայտնի ու զարգացած քաղաք դառնալն այն մի անառիկ ամրոց է եղել, անունն էլ՝ Աղջկաբերդ: Տեսնես ինչո՞ւ են ամրոցին այս գեղեցիկ անունը տվել…

Ժամանակներ անց ամրոցի շուրջը քաղաք է կառուցվել՝ Անին: Մոտ 12 դար առաջ այն օրեցօր ծաղկում էր։ Կառուցվում էին եկեղեցիներ, պալատներ, կամուրջներ, բնակելի տներ և հսկա պարիսպ` ամբողջ քաղաքի շուրջը: Անիում թատերական ներկայացումներ են բեմադրվել, աշխարհի տարբեր կողմերից վաճառականներ են եկել իրենց քարավաններով։ Քաղաքը հմուտ վարպետներ ու տաղանդաշատ ճարտարապետներ է ունեցել…

Անին նաև անվանում են հազար ու մի եկեղեցիների քաղաք: Իսկ եկեղեցիների թագուհին Անիի մայր տաճարն է, որի հեղինակը Տրդատ ճարտարապետն է:

Անին մի ժամանակ Հայաստանի մայրաքաղաքն էր և ամենագրավիչ քաղաքը թշնամիների համար: Մեծ դժվարություններով, երկար կռիվներից հետո նրանք, ցավոք, կարողացել են գրավել քաղաքը:

Անին ավերվել է թշնամիների հարձակումներից և հզոր երկրաշարժից: Այն այսօր բացօթյա թանգարան է դարձել: Ամենը, ինչ կանգուն է մնացել, վնասված է ու կիսաքանդ: Բայց երբեմն վեհաշուք քաղաքը շարունակում է հիացնել, զարմացնել մեզ:

Հավանեցի՞ր. տարածիր