Անին Մեծ Հայքի հնամենի մայրաքաղաքներից է՝ կառուցվախ Շիրակում` Ախուրյանի աջ ափին: Բնականից անառիկ այս սարահարթում մարդիկ ապրել են վաղնջական ժամանակներից, ինչի վկայությունը կիկլոպյան շինությունների մնացորդներն են: Այն բլուրը, որի վրա հետագայում կառուցվել է քաղաքի միջնաբերդը, դեռ Կամսարականների օրոք (4-րդ դար) իշխանանիստ ամրոց էր: Կամսարականներն արաբների դեմ ապստամբությունից հետո (773-75 թթ.) հեռանում են Բյուզանդիա, իսկ նրանց տիրույթները անցնում են Բագրատունիներին: 961 թ. Աշոտ Ողորմածը Անիում օծվում է թագավոր, և քաղաքը դարձնում արքայանիստ:
Մայրաքաղաք հռչակվելուց 2-3 տարի անց թագավորը կառուցում է Անիի ներքին պարիսպը: Ենթադրվում է, որ նրա օրոք է անցկացվել ջրմուղը և վերակառուցվել Կամսարականների պալատը: Անին կառուցապատվել է աննախընթաց արագությամբ: Հաջորդ` Սմբատ Երկրորդ թագավորը ընդարձակված քաղաքը պարփակում է պարիսպների նոր շարքով` մոտ 2,5 կմ երկարությամբ և 8-10 մ բարձրությամբ: Արտաքին կողմում փորված էր մոտ 500 մետր երկարությամբ ու 10-12 մետր լայնքով խոր խանդակ, որը լցված էր ջրով և, բացի պաշտպանականից, օգտագործվում էր նաև գյուղատնտեսական նպատակներով: Անիի պաշտպանական համակարգ էին ներառված նաև միջնաբերդը, Աղջկաբերդը, այլ պարսպահատվածներ, արվարձանային ամրություններ: Քաղաքի պարիսպներն ունեին 80-90 բուրգ, որոնցում կային զորանոցներ ու պահականոցներ: Անիի զինանշանը` վազող հովազի բարձրաքանդակը, պատկերված էր Ավագ դռան վրա: Պաշտպանական պակաս կարևորություն չունեին նաև կամուրջները: Միայն Ախուրյանի վրա 10 կամուրջ է եղել` շարժական և երկու կողմից կրկնահարկ պարիսպներով:
Այս ամենից բացի՝ կար նաև ստորերկրյա Անի, որն ուներ ռազմական, պաշտպանական նշանակություն. դրա սրահներն ու գաղտնարանները, խոռոչներն ու խորշերը հիանալի թաքստոցներ ու ծուղակներ էին:
Քաղաքը շատ խիտ էր կառուցապատված. տները, սովորաբար, մեկուկես- կամ երկհարկանի էին, բաղկացած 3-6 բնակելի և օժանդակ սենյակներից: Գլխավոր փողոցի լայնքը 4-5 մետր էր, մայթերին քարե նստարաններ կային: Այստեղով էր անցնում քաղաքի ջրմուղի հիմնական գիծը: Անիի ջրմուղը միջնադարի համար մի խիստ բարդ համակարգ էր` կավե և երկաթե խողովակներով: Դրանք սնուցում էին Անիի 6 բաղնիքները:
Անին եկեղեցաշատ քաղաք էր: Ըստ պատմագիրների` այնտեղ կար հազար ու մեկ եկեղեցի, որոնց գլուխգործոցը Մայր տաճարն էր` Տրդատի ճարտարապետությամբ:
Անին միջազգային առևտրական ուղիների կարևոր հանգույց էր: Քաղաքում կար 10-15 հյուրանոց:
Անին հայտնի էր բազմատեսակ արհեստներով, այդ թվում` ապակեգործությամբ. այստեղ արտադրվում էին գավաթներ, սրվակներ, բաժակներ, ափսեներ, բյուրեղապակյա իրեր: Քաղաքն ունեցել է մի քանի շուկա. պեղումների ընթացքում հայտնաբերվել է նաև քարաշեն խանութների երկու շարք:
Անիում կային նաև մատենադարաններ` արքունիքում, բարձրագույն դպրոցում, կաթողիկոսարանում, վանքերում: Թատրոնին հատուկ շենք էր հատկացված:
Անիի մարդաշատությունն են հաստատում նրա ընդարձակ արվարձանները, հարյուրավոր եկեղեցիները, բավական խիտ կառուցապատումը: Ըստ պատմիչների` քաղաքն ուներ ավելի քան 100 հազար բնակիչ, ինչն այն ժամանակների համար ահռելի թիվ էր։
Բագրատունյաց թագավորության անկումից հետո Անիի փառքն սկսում է աստիճանաբար մարել: Արդեն 16-րդ դարում քաղաքը հիշատակում են որպես գյուղ։
Աղբյուրը՝ Ս․ Վարդանյան, «Հայաստանի մայրաքաղաքները»