- Հեռվում խուլ մռնչում էր ծովը, մերկ ու ամայի փռված էին ոսկե ձողիկներով եզերված դաշտերը, իսկ Կանաչ Կտուրների ներքևում ընկած հովիտը, ուր առվակն էր խոխոջում, լեցուն էր մանուշակագույն եթերային աստղածաղիկերով: Պսպղուն ջրերի լիճն անասելի կապույտ էր թվում, բայց դա գարնանային փոփոխվող կապույտը չէր, այլ վճիտ, խոր ու անխռով կապույտը, որին նայելիս թվում էր՝ ջուրն իր հետևում է թողել բոլոր քմահաճույքներն ու պոռթկուն զգացմունքները և այժմ հանդարտվել է ու տրվել հանգստի, որը չի կարող խաթարել որևէ սին երազանք:
- Աննան ու Ջիլբերթը հենվել էին հին լճակի վրայի կամրջի բազրիքին և խորապես ըմպում էին հոյակերտ մթնշաղը: Արևմուտքում երկինքը դեռ պատված էր մայրամուտի բոսորագույնով, բայց լուսինն արդեն երևում էր երկնակամարում, և նրա թափանցիկ լույսի ներքո ջուրն արծաթափայլ էր թվում: Վերհուշի քաղցր ու նուրբ կախարդանքը պարուրել էր կամրջին կանգնած երկու երիտասարդ արարածներին:
– Դու չափից ավելի լուռ ես, Աննա՛:
– Ես վախենում եմ խոսել կամ շարժվել, որպեսզի խզված լռությունը չանհետացնի այս հրաշալի գեղեցկությունը: - – Այստեղի լռությունն աղոթքի է նման, չէ՞,- դեմքը շողացող երկնքին հառելով՝ ասաց Աննան:
- Ես ինձ զգում եմ, ինչպես արշալույսի աստղ, որն ուրախությունից երգում է:
- Երբեմն բավականին ջուր պիտի հոսի, մինչև հասկանաս, թե արդյոք կարո՞ղ ես ապրել այդ մարդու կողքին:
- Կյանքը միայն համալսարանում չէ, որ դասեր է տալիս, այն ուսուցանում է ամենուրեք։
- Արեգակը մայր էր մտել, ու քամին էլ դադարել էր։ Արևմուտքում՝ մանուշակագույն ամպերի միջից, ծիկրակեց գունատ ու սառը լուսինը։
- «Մետաքս» ու «ժանյակ» բառերի մեջ մի տեսակ կախարդանք կա, չէ՞։ Այդ բառերն արտասանելիս անգամ ինձ թվում է՝ պարահանդես եմ գնում։
- – Հրաշալի երեկո է, չէ՞։ Գիտե՞ս, ես այսօր, այ այն ծռմռված սոճու տակ ճերմակ մանուշակների մի ամբողջ դաշտ գտա։ Այնպիսի զգացողություն էր, կարծես ոսկու հանք էի հայտնաբերել։
– Դու միշտ ոսկու հանքեր ես հայտնաբերում։ Այլևս չի կարող այսպես շարունակվել, ես պետք է ասեմ։ Աննա, ես սիրում եմ քեզ։ Դու դա գիտես։ Ես… ես չեմ կարող բառերով արտահայտել, թե ինչքան ուժեղ եմ սիրում քեզ… - Աղջկան թվաց, որ իր կյանքից մի անհավատալիորեն անգին բան էր անդարձ հեռացել։ Իհարկե, դա Ջիլբերթի և իր ընկերությունն էր։ Ա՜խ, ինչո՞ւ պետք է ինքը հենց այսկերպ կորցներ այն։
- – Ես մայրիկիս պատկանող որևէ իր չեմ ունեցել, չգիտեմ անգամ, թե ոնց շնորհակալություն հայտնեմ Ձեզ այս նամակների համար։ Սա իմ կյանքի ամենահոյակապ օրն էր, ես ԳՏԱ իմ հայրիկին ու մայրիկին: Այս նամակներով նրանք ԻՐԱԿԱՆ դարձան: Ես այլևս ծնողազուրկ չեմ: Այնպիսի զգացողություն ունեմ, կարծես գիրք եմ բացել, ու նրա էջերում վարդեր գտել, որոնք հենց երեկ են թփից կտրվել, անուշաբույր են ու սրտին դուրեկան:
- Աննայի համար ամենից թանկագինն այն կարճ նամակն էր, որ մայրը հասցեագրել էր հորն իր ծնվելուց քիչ անց. «Ես սիրում եմ նրան, երբ քնած է, և ավելի շատ, երբ արթուն է»։
- – Ո՜նց եմ սոճիներ սիրում: Կարծես նրանք արմատներով մխրճվել են անցած երազային դարերում։ Ժամանակ առ ժամանակ այստեղ գալն ու նրանց հետ զրուցելը մեծագույն սփոփանք է։ Այստեղ ես միշտ ինձ երջանիկ եմ զգում։
- Տարին ոնց որ գիրք լինի, ճի՞շտ է: Գարնանային էջերը գրված են ալոճենիներով ու մանուշակներուվ, ամառային էջերը թխկենու կարմիր տերևներով, իսկ ձմեռայինը՝ ասեղնատերևներով և մշտադալար եղևնիներով ու սոճիներով:
- – Հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլիներ կյանքը, եթե դրսում միայն հունիս ամիսը լիներ:
– Դու կհոգնեիր նման աշխարհից, Աննա:
– Կարծում եմ՝ այո: Բայց այս պահին մտածում եմ, որ հոգնելու համար շատ երկար ժամանակ կպահանջվեր, եթե ամեն ինչ այսօրվա նման հիասքանչ լիներ: Հունիսն ամենուրեք սեր է հորդում: Դեյվի, տղա՞ս, ինչո՞ւ ես այս ծաղկունքի մեջ նման նոյեմբերյան դեմքով նստել:
– Ես մահու չափ հոգնել եմ ապրելուց:
– Տասը տարեկանո՞ւմ: Հապա մի պատկերացրե՜ք: Սարսափելի՜ տխուր է: - Աշխարհում հիանալու և ուրախանալու համար այնքա՜ն շատ բան կա, եթե միայն, իհարկե, մենք ունենք աչքեր՝ տեսնելու, սիրտ՝ սիրելու և ձեռքեր՝ այդ ամենը քաղելու համար. դա կա ամենուրեք՝ տղամարդկանց ու կանանց, արվեստի ու գրականության մեջ:
- «Ճանաչեցի ես աշխարհն ու այդ պահից երազանքի շղարշը վերացավ»,- հառաչելով մտածեց Աննան և խորհելով երազանքներ չընդունող աշխարհի երազկոտության մասին՝ իրեն մի փոքր մխիթարված զգաց:
- – Դու չիրականացած երազանքնե՞ր ունես,- հարցրեց Ջիլբերթը:
– Իհարկե: Բոլորն էլ ունեն նման երազանքներ: Մեզ դուր չէր գա, եթե մեր բոլոր երազանքներն իրականություն դառնային: Եթե ոչ մի երազանք չունենայինք, ապա նույն հաջողությամբ կարող էին մեզ մահացած համարել… Ի՜նչ հրաշալի են բուրում այս աստղածաղիկները, որ թաթախվել են մայր մտնող արևի շողերով: Երանի կարողանայինք տեսնել այս բուրմունքները, ճիշտ այնպես, ինչպես զգում ենք դրանք: - – Ինձ պետք չեն ո՛չ ադամանդյա զարդեր, ո՛չ էլ մարմարե դղյակներ: Ինձ պետք ես դու: Մենք երջանիկ կլինենք՝ մեկս մյուսի համար աշխատելով, իրար սպասելով ու … երազելով: Ինչ քաղցր կլինեն այդ երազանքները հիմա:
Առանձնացրեց Հասմիկ Ադամյանը