Անիվի գյուտը

Անիվի և սայլի գյուտը մարդը կատարել է հազարավոր տարիներ առաջ՝ շրջադարձորեն փոխելով նախ իր կենցաղային կյանքի ռիթմը, ապա և քաղաքակրթությունների հասարակական, տնտեսական և ռազմական հարաբերությունների որակը։

Գիտնականները ենթադրում են, որ կարևոր այս հայտնագործության համար հիմք են ծառայել կոճերը, որոնք տեղադրում էին մեծ քարերի կամ գերանների տակ՝ դրանք գլորելով տեղաշարժելու համար։ Երևի այդ ժամանակ շրջահայաց ինչ-որ մեկն ուշադրությամբ զննել է պտտվող առարկայի ֆիզիկական առանձնահատկությունները։ Օրինակ՝ նկատել է, որ երբ գերանի կենտրոնական մասն ավելի հաստ է, քան կողային հատվածները, այն ավելի ուղիղ է պտտվում՝ չգլորվելով այսուայն կողմ։ Այդպես ստեղծվել է անվի նախատիպը, որն այն ժամանակ կոչել են գլորակ։

Ժամանակի ընթացքում նրա կառուցվածքը փոխվեց․ ամբողջական գերանից մնացին միայն երկու ծայրերի գլանիկները՝ իրար միացված սռնիով։ Հենց այդպես էլ առաջացավ անիվը, որը նույն պահից սկսեց կիրառվել առաջին հեռու փոխադրումների նպատակով։

Հաջորդող դարերում ու հազարամյակներում մարդիկ շատ են տքնել այս կարևոր գյուտի կատարելագործման համար։

Սկզբում ամբողջությամբ փակ փայտե շրջանակներն անշարժ կցված էին սռնիին, որը պտտվում էր նրանց հետ միասին, սակայն այդպես շրջադարձներին ծանր փոխադրամիջոցը կարող էր կոտրվել։ Բացի այդ՝ անիվներն իրենք էլ կատարյալ չէին․ դրանք պատրաստվում էին փայտի մեկ ամբողջական կտորից։ Դրա համար էլ այս առաջին փոխադրամիջոցները շատ ծանր էին և ճանապարհը թեքելու հարցում՝ ոչ այնքան շարժունակ։

Հաջորդ մեծ առաջընթացը անվակունդի գյուտն էր, որին ագուցվում էին առանցքը և ճաղերը։ Այսպես արդեն սռնին կամ լիսեռը ընթացքի ժամանակ անշարժ էր մնում։ 

Իսկ արդեն մետաղյա անիվները պտտվում էին տասնյակ անգամ ավելի արագ՝ չվնասվելով ճանապարհի քարերից և այլևս չմաշվելով։ Այժմ կարելի էր նաև սայլը կցել արագընթաց ձիերին։

Այսպես անիվի գյուտը դարձավ թերևս ամենահզոր խթանը ամբողջ տեխնիկայի զարգացման գործում։

Հավանեցի՞ր. տարածիր