Անտառները Երկրի՝ ծառերով, թփերով ու ամենատարբեր խոտաբույսերով պատված ընդարձակ տարածքներն են։
Կեչուց կազմված անտառները կոչվում են կեչուտ, այն անտառները, ուր միայն կաղնի է աճում, անվանում են կաղնուտ, և այսպես շարունակ։ Բայց կան նաև խառնանտառներ, որտեղ աճում են տարատեսակ ծառեր։ Թեպետ պետք է ասել, որ այդպիսի անտառներում որոշակի «հիերարխա» է գործում․ կան հիմնական ծառատեսակներ և ավելի փոքր՝ ստվերասեր ծառեր, որոնք խթանում են «գլխավորների» վերխոյացումը՝ աճն ու զարգացումը։
Մոլորակի բարեխառն կլիմայական գոտիներում, որտեղ տաք է և խոնավ, տարածված են փարթամ բուսականությամբ խառը և լայնատերև անտառները։ Լայնատերև են, օրինակ, հաճարենին, ընկուզենին, կաղնին, հացենին և այլն:
Մերձարևադարձային գոտիներում կան ավելի «չոր» անտառներ։ Այսպես՝ Աֆրիկայի հարավում ծառերը կոշտ են և ավելի քիչ ջուր են պահանջում։ Սակայն մերձարևադարձային այլ հատվածներում՝ Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում և այլուր, կան նաև խոնավ անտառները՝ բաղկացած ասեղնատերև փայլուն ծառերից:
Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում նոսրանտառներ էլ են հանդիպում՝ ցածրիկ ծառերով և թփերով։ Հակառակ իրենց հասակին, սակայն, այս ծառերի բնափայտն առավել ամուր է։
Անտառները մեր մոլորակը հարստացնում են թթվածնով, ապաստան են կենդանական աշխարհի շատ ներկայացուցիչների համար, ունեն նաև հողապաշտպան և ջրակարգավորիչ նշանակություն, որոշակիորեն նպաստում են կլիմայի մեղմացմանը:
Բայց անտառները ներշնչանքի աղբյուր էլ են մարդկանց համար, չէ՞ որ դրանք գեղեցիկ են, վեհ ու խորհրդավոր։