Աշխարհի ամենագեղեցիկ լեռը

Առավոտյան, երբ արթնանում եմ, իմ պատուհանից բացվում է հեքիաթային մի տեսարան՝ Մեծ ու Փոքր Մասիսները՝ այնքա՜ն հարազատ, այնքա՜ն թանկագին… Դրանք պապիկս է ինձ կտակել, նրան էլ՝ իր պապիկը, ես էլ կտակելու եմ իմ թոռնիկին… Ա՛յ այդպես:

Հայրիկս ասում է, որ Արարատը աշխարհի ամենագեղեցիկ լեռն է: Եվ դա ճիշտ է, որովհետև ես էլ ամեն առավոտ Սիլվա Կապուտիկյանի բառերով ուզում եմ ասել.

Դու այսօր այնքան մաքու՜ր ես, Մասի՜ս,

Գույներդ այնքան ջի՜նջ են, նրբերա՜նգ,

Ասես չես նյութված քար ու ավազից,

Այլ ջրաներկով գծված ես բարակ:

Այնպես խաղաղ ես աշխարհին նայում

Եվ այնպես մե՜րն ես, մոտի՜կ, մտերի՜մ…

Աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը Էվերեստն է (Ջոմուլունգման): Նրա բարձրությունը ծովի մակերևույթից 8844 մետր է: Բայց ստորոտից մինչև գագաթ Էվերեստի բարձրությունը 3300 մետր է: Իսկ Արարատի բարձրությունը, թեև ծովի մակերևույթից 5165 մետր է, բայց ստորոտից մինչ գագաթ՝ 4365 մետր: Ստացվում է, որ Արարատն իրականում ավելի բարձր է, քան Էվերեստը:

Եվ ես նկատել եմ, որ Մասիսը ամեն օր և ամեն ժամ տարբեր է. մե՛րթ հստակ ու պարզ է, մե՛րթ մշուշի քողի մեջ և թաքնված ամպի տակ: Իսկ ամենագեղեցիկը լուսաբացի Մասիսն է: Վաղ առավոտյան նայե՞լ ես նրան:

Ժամանակի ընթացքում Արարատի մասին բազմաթիվ խորհրդավոր պատմություններ են հյուսվել: Լեգենդներից մեկը պատմում է, որ Մասիսի վիհում շղթայված է հայոց ահեղ թագավոր Արտավազդը, որի հավատարիմ շները ջանում են նրան ազատել կապանքներից:

Գիտե՞ս, Աստվածաշնչում գրված է, որ համաշխարհային ջրհեղեղից փրկված Նոյ նահապետի տապանը հենց Արարատի գագաթին է կայանել:

Այսօր Արարատը գտնվում է Հայաստանի սահմանի վրա՝ Թուրքիայի տարածքում, բայց այն մեզանից յուրաքանչյուրի սրտում է: Ես հավատում եմ, ո՛չ, վստահ եմ, որ մի օր նա մերն է լինելու: Մենք նրան անպայման տուն կբերենք…

Հավանեցի՞ր. տարածիր