Աշխարհի ամենափոքր քաղաքի անունն է Խում։ Այն հնագույն ամրոց է ներկայիս Խորվաթիայի տարածքում՝ Իստրիա թերակղզու կենտրոնական մասում:
Խումում բնակվում է ընդամենը 23 մարդ, բայց այն դարեր ի վեր քաղաքի կարգավիճակ ունի, որը մինչ օրս չի փոփոխվել։
Խումն այսօր շատ հայտնի զբոսաշրջային կենտրոն է։
Քաղաքում գործում է մեկ խանութ (որը բաց է շաբաթը երկու օր՝ մինչև կեսօր), եկեղեցի և մատուռ, մեկ մառան, ավտոբուսային երթուղի, երկու փողոց, գերեզմանատուն և 13 տուն, որոնցից մշտական բնակեցված են միայն 7-ը: Խումը քաղաքապետ էլ ունի, որին, ինչպես կարգն է, ընտրում են բնակիչները։
Հնագույն ժամանակներում քաղաքը հռոմեական բնակավայր է եղել: Փոքրիկ Խումը պատմության մեջ երկու անգամ ասպատակության է ենթարկվել, առաջին անգամ՝ 17-րդ դարի սկզբին, երբ քաղաքն ամբողջությամբ այրեցին, որից հետո ստիպված էին այն վերակառուցել, իսկ երկրորդ անգամ` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:
Խումի քաղաքային դարպասների կողքին կտեսնեք երեք քարե խորանարդներ, որոնք խորհրդանշում են երեք դարաշրջանները՝ հին, միջնադարյան և նոր ժամանակները: Քաղաք-ամրոցն այսօր լիովին պահպանում է իր պատմական տեսքը։