Աշխարհում միլիոնավոր կամուրջներ կան: Դրանք ճանապարհներ են կապում իրար:
Մարդիկ կամուրջներ կառուցել են անհիշելի ժամանակներից: Կամուրջը չափազանց կարևոր է եղել հատկապես հնում, երբ մարդիկ տեղաշարժվել են ոտքով, ձիերով կամ կառքով: Բայց կամուրջը կարևոր է նաև այսօր, թեև մարդն արդեն օդով էլ է տեղից տեղ գնում:
Կամուրջները պատմում են իրենց ժամանակաշրջանի և մարդու երևակայության թռիչքի մասին: Աշխարհում կան կամուրջներ, որոնք ճարտարապետական գլուխգործոցներ են:
Աշխարհի ամենաբարձր և ամենաերկար կամուրջը գտնվում է Ֆրանսիայում: Նրա ամենաբարձր կետը հասնում է 341 մետրի: Այն իր բարձրությամբ անցել է նույնիսկ Էյֆելյան աշտարակին: Կամրջի երկարությունը 2500 մետր է:
Իսկ Չինաստանում կառուցվել է աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը: Այն ձգվում է 36 կիլոմետր:
Իսկ աշխարհի ամենաթանկարժեք կամուրջը գտնվում է Ճապոնիայում: Այն ավելի քան 13 կիլոմետր երկարություն ունի: Կառուցելու համար ծախսվել է ութ ու կես միլիարդ դոլար:
Ամերիկայի ամենաերկար կամուրջը նաև ամբարտակի դեր է կատարում. «սանձում է» լճի ջրերը:
Կինտայի կոչվող կամարաձև կամուրջը Ճապոնիայում է: Այն շատ հին է, մոտ 400 տարեկան: Այն դիմակայել է բազում փոթորիկների ու երկրաշարժների:
Հետաքրքիրն այն է, որ թեև կամուրջը կառուցվել է փայտից, բայց ոչ մի հատիկ մեխ չի օգտագործվել:
Թաուերյան կամուրջը կառուցված է Անգլիայում՝ Թեմզա գետի վրա: Այն 11 հազար տոննա է կշռում: Կառուցվել է այն ժամանակ, երբ տեխնիկան զարգացած չէր: Բայց կամուրջն այնքան կատարյալ է, որ մինչև հիմա աշխատում է իր հին մեխանիզմով:
Գերմանիայում կա ջրային կամուրջ: Երբևէ տեսե՞լ ես, որ հսկա նավերն անցնեն կամրջի տակով ու կամրջի վրայով: Այս կամուրջն իրար է կապում Բեռլին և Ռեյն քաղաքների նավահանգիստները:
«Ոսկե դարպասներ» գեղեցիկ անվանումով կամուրջն սկիզբ է առնում ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքից: Ամեն առավոտ հազարավոր ավտոմեքենաներ 4 շարքով անցնում են այս կամրջով: Ծովի աղի ջուրն ու խոնավ օդն շարունակ քայքայում են կամուրջը: Քառասուն վարպետներ մշտապես հետևում են կամրջի արտաքին տեսքին և ամրությանը, նորոգում ու ներկում այն:
Կան նաև բնական կամուրջներ, որոնք ոչ թե մարդն է կառուցել, այլ բնությունը:
Ամենամեծ բնական կամուրջը Ծիածանի կամուրջն է: Գտնվում է Ամերիկայի Յուտա նահանգում: Կամրջի հիմքից մինչև կամարի ամենաբարձր մասը մոտ 90 մետր է, իսկ երկարությունը՝ 84 մետր: