- Այլևս երբեք չեմ խղճա և չեմ նվաստացնի ինքս ինձ:
Այժմ ես գիտեմ, որ համբերությունն ու ժամանակը կարող են անել ավելին, քան նույնիսկ ուժն ու եռանդը: Հաջողությունը, որը գալիս է մի գիշերվա ընթացքում, հաճախ հեռանում է լուսաբացի գալուն պես: Անհաջողությունը կամ ձախողումը ինչ-որ իմաստով հաջողության հասնելու ճանապարհն է, ինչպես որ կեղծիքի յուրաքանչյուր բացահայտում, որը մենք անում ենք, մղում է ավելի լրջորեն որոնելու այն, ինչը ճշմարիտ է, իսկ յուրաքանչյուր նոր փորձառություն մատնանշում է սխալի մի նոր տեսակ, որից հետագայում, անշուշտ, զգուշությամբ կխուսափենք: Ճանապարհը, որով ես եմ անցել, հաճախ թրջված է եղել իմ արցունքներով, սակայն անիմաստ անցած ճանապարհ չի եղել:
Հիմա ես գիտեմ մի մեծ ճշմարտություն: Միակ վավերական գնապիտակն այն է, որը մենք ինքներս ենք փակցնում մեզ: Եթե մենք մեզ գնահատում ենք չափազանց ցածր, աշխարհը համաձայնում է դրան: Սակայն երբ մենք մեզ գնահատում ենք ըստ արժանվույն, աշխարհը նույնպես պատրաստակամորեն ընդունում է այդ գնահատականը: - Այլևս երբեք չեմ դիմավորի լուսաբացը առանց օրվա քարտեզի:
Հիմա ես գիտեմ, որ այս կյանքում յուրաքանչյուրի անցած ուղի ունի սրբազան վայրեր, որտեղ մարդը, ուզի թե չուզի, սերտ շփման մեջ է մտնում աստվածայինի հետ, որտեղ Աստծո արքայությունը թվում է մեզ շատ մոտ՝ մեր գլխավերևում, իսկ հրեշտակներն էլ գալիս ու ծառայում են մեզ: Սրանք զոհաբերության վայրերն են, մահկանացուների և անմահների հանդիպման վայրերը, դատավորության վրանները, որտեղ մղվում են յուրաքանչյուր անձի կյանքի մեծ մարտերը:
Երբ մարդն արթնանում է այն վստահությամբ, որ իր նախագծած ճանապարհն իրեն է սպասում, այդ ժամ կյանքը, իմ համոզմամբ, կարող է լինել այնքան կենսուրախ, որքան երեխաների խաղը բակում:
Այսօր արևը նրա համար չի փայլում իմ գլխավերևում, որ տխրությամբ կառչած մնամ երեկվան: Անցյալը թաղված է: Թող արևի ճառագայթները շողշողան վաղվա խոստումների ու ինձ վրա: - Ես միշտ կողողեմ իմ օրերը խանդավառության ոսկյա շողով:
Ես կշրջեմ օրացույցի էջերը և կորդեգրեմ երիտասարդության անդիմադրելի հմայքն իր ողջ խանդավառությամբ, որը լեռնային ջրերի աղբյուրների պես փրփրում է: - Այլևս երբեք կենդանի էակի հանդեպ անկարեկից չեմ լինի:
Մենք ի զորու ենք ազդելու ուրիշների վրա՝ նրանց հանդեպ վարվելով այնպես, ինչպես կցանկանայինք, որ նրանք վարվեն մեր հանդեպ: Մենք բոլորս միմյանց պատկերն ենք՝ նույն զգացմունքներով, նույն հույսերով, նույն վախերով, նույն թերություններով և վերջապես՝ նույն արյունով: Եթե մեկը ժպտում է, ապա նրա ընկերն արձագանքում է հենց նույն կերպ:
Հիմա ես գիտեմ, որ կյանքը կազմված է ոչ միայն մեծ զոհողություններից ու պարտավորություններից, այլև աննկատ բաներից. Ժպիտները, բարությունը և փոքրիկ պարտավորություններն են, որ գուրգուրանքով շահում են ցանկացած սիրտ, իսկ դրանք պիտի սփռես, որտեղ կարող ես և երբ կարող ես:
Կյանքի լավագույն պահերը խելամիտ վարվելակերպի ու հոգատարության փոքրիկ դրսևորումներն են: Բարի խոսքերն իրենց ուրույն հետքն են թողնում մարդկանց հոգիներում, և հենց դա է գեղեցիկը: - Ես հաղթանակի սերմեր կփնտրեմ ցանկացած դժբախտության մեջ:
Չկա ավելի լավ դպրոց, քան դժբախտությունն ու նեղությունը: Հիմա ես գիտեմ, որ կյանքում երբեք հնարավորությունները, լինելու և արարելու հնարավորությունները, այնքան առատորեն չեն ընձեռվում ինձ, որքան մեծ փորձությունների ժամանակ: Այնուհետև ամեն ինչ կախված է մեկ բանից. արդյոք ես կբարձրացնե՞մ իմ գլուխը, թե՞ կկախեմ այն՝ օգնություն փնտրելով: - Այլևս երբեք չեմ կատարի որևէ առաջադրանք, եթե հանձն չառնեմ կատարել այն լավագույնս:
Ես կարող եմ աճել ինձ հանձնարարված ցանկացած առաջադրանքն անելիս, և անելով դա՝ երբեք չեմ մոռանում, որ Աստծո երեխան եմ և ծնվել եմ հաղթանակների համար: Ինչ էլ որ իմ աշխատանքը լինի, թող այն կատարեմ սիրով ու երբեք չձախողեմ: Լավ արված աշխատանքի վարձատրությունը այն ավարտին հասցնելն է: - Ես միշտ ողջ էությամբ կնվիրվեմ իմ առջև դրված առաջադրանքի կատարմանը:
Ես վճռական կլինեմ իմ նպատակի հարցում և այն հավետ կպահեմ մտքումս: Կյանքում նույնիսկ ամենաթույլ արարածը, կենտրոնացնելով իր ուժերը մեկ կոնկրետ օբյեկտի վրա, կարող է լավ արդյունքներ գրանցել, մինչդեռ ամենաուժեղ արարածը, որը կվատնի իր ուժերը մի քանի ուղղությամբ, գուցե ոչ մի բանի էլ չհասնի: Ջրի կաթիլները, որոնք առանց դադարի ներքև են գլորվում, իրենց համար ճանապարհ են բացում նույնիսկ ամենապինդ ժայռերի միջով, մինչդեռ սրընթաց հեղեղը ահավոր աղմուկով ներքև է հոսում՝ իր հետևից ոչ մի հետք չթողնելով։ Ես կթողնեմ իմ հետքն աշխարհում։ Աշխարհը կիմանա, որ ես եղել եմ այստեղ։ - Այլևս երբեք չեմ նստի և հույսով սպասի, թե հնարավորությունը կգա գրկաբաց։
Այժմ ես հասկանում եմ, որ հնարավորությունները երբեք չեն հայտնվում հարստության, հաջողության կամ փառքի խոստման մեջ։ Ցանկացած առաջադրանք, որը ես ձեռնարկեմ, պիտի ավարտին հասցնեմ՝ ներդնելով իմ ողջ ջանքն ու եռանդը, հակառակ դեպքում ռիսկի կդիմեմ և թույլ կտամ, որ այն իմ ձեռքից սահի առանց հնչեցնելու զգուշացման զանգը։
Ես գիտեմ, թե ով եմ։ Ինձ դուր է գալիս իմ ինքնությունը։ Փառք քեզ, Աստված։ Հիմա ես հասկանում եմ, որ հնարավորությունը ոչ մի դուռ չի թակում։ Այն կարձագանքի միայն, երբ ինքս թակեմ։ Իսկ ես կթակեմ հաճախ և բարձր։ - Ամեն երեկո ես կվերանայեմ անցնող օրվա իմ արած գործերը։
Իմ արատներն ու ամենավատ սովորությունները քիչ-քիչ կպակասեն, եթե ամեն օր հաշվետու լինեմ ինքս իմ առաջ։
Օրը կարող է մթնել, սակայն քունը չպիտի իջնի իմ աչքերին, քանի դեռ չեմ վերանայել իմ անցած օրվա իրադարձությունները։ Այս կյանքի չբացահայտված ամենամեծ ուրախություններից մեկն այն է, երբ ցանկացած բան մարդ էակը փորձում է անել լավագույնս՝ իր կարողությունների չափով։ Դա բավարարվածության մի յուրահատուկ զգացողություն է, հպարտություն՝ նման աշխատանքը ավարտին հասցնելու համար։ Այսուհետ իմ օրը չի ավատվի արևի մայր մտնելուն պես։ Հիմա ևս մեկ բան կա այդ ժամին իրականացնելու։ - Ես երդում եմ տալիս, որ երբեք չեմ մոռանա՝ ամենամեծ տաղանդը, որով Աստված ինձ օժտել է, աղոթելու զորությունն է։
Հաղթանակած լինեմ, թե հուսահատության մեջ, սիրված, թե սիրուց դրժված, ցնծության մեջ թե ցավի, ընդունված, թե մերժված, հաջողության, թե անհաջողության մեջ, աղոթքի օգնությամբ ես միշտ կարող եմ իմ սրտում վառել հավատքի լույսը, որն ինձ ապահով կանցկացնի կասկածի մշուշի միջով, տգիտության սև խավարի միջով, հիվանդության և ցավի նեղ ու փշոտ ճանապարհներով, գայթակղութայն նենգ արահետներով։
Առավոտյան աղոթքն այն բանալին է, որն ինձ համար կբացի Աստծո օրհնության գանձարանի դուռը, իսկ երեկոյան աղոթքն ինձ կպահի Աստծո հովանու տակ։ - Ես միշտ կպահպանեմ կապն իմ Արարաչի հետ աղոթքի միջոցով։ Որքան ավելի քիչ են բառերը, այնքան ավելի լավն է աղոթքը:
Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն վաճառականը» գրքից (մաս 2)
Պատրաստեց Հասմիկ Ադամյանը