Աշոտ Երկաթի ամրոցը եղել է ռազմական կառույց: Այն պատկանում է Բագրատունիների ժամանակաշրջանին. կառուցվել է հավանաբար 10-րդ դարի առաջին քառորդում: Բերդը գտնվում է ներկայիս Իջևան քաղաքից 7 կմ հարավ՝ Աղստև գետի աջ ափին՝ անտառախիտ մի լեռանագագաթի վրա:
Բերդի երկու մուտքերի համար որպես դուռ են ծառայել ամբողջական մեծ քարեր։ Կառույցը պաշտպանելու համար լեռան անցանելի հատվածներում անխորտակ պարսպապատեր են կանգնեցվել՝ բրգաձև աշտարակներով։ Դրանք եղել են սև քարից, և այդ պատճառով օտար նվաճողները ամրոցը կոչել են Ղարա ղալա, այսինքն Սև բերդ, իսկ հետագայում ռուսերենի ազդեցությամբ անունը հնչյունափոխվել և դարձել է Կարա-Կալա:
Ամրոցը եղել է կրկնահարկ՝ սանդղավանդի ձևով: Իսկ միջնաբերդը գտնվել է հյուսիսում՝ մի այլ ժայռի վրա:
Ցավոք, այսօր բերդից ավերակներ են մնացել, որոնք դարձյալ հիշեցնում են, թե ինչպիսի մաքառումների միջով է անցել հայ ժողովուրդը: