Ապագայի դպրոցը

Միլենա Հովհաննիսյան

Գանձակի համար 1 միջնակարգ դպրոց

8-րդ դասարան

Ապագան պատկանում է նրան,

 ով հավատում է իր երազանքների գեղեցկությանը

Մեր մեքենան ընթանում է երկար ասֆալտապատ ճանապարհով…

Մայրամուտ է… Արևի ոսկեզօծ ճառագայթները ներթափանցել են լճի ջինջ ջրերի մեջ։ Հեռվում զմրուխտե անտառներն են․ շուրջն ամեն ինչ այնքան ներդաշնակ է, որ թվում է` ուր որ է շունչդ կկտրվի այդ գեղեցկությունից…

Մեքենայի ընթացքը, բնության գեղեցկությունն ու հնչող երաժշտության ձայնն ասես տեղափոխում են քեզ մեկ այլ աշխարհ․ դու այստեղ ես հիմա, բայց միևնույն ժամանակ՝ շատ հեռու…

Հետաքրքիր բան է ճանապարհը։ Այն քեզ կապում է այնքան հայտնիի և անհայտի հետ…

Առաջին անգամ իմ մտքով անցավ, որ «ճանապարհ» և «ժամանակ» հասկացություններն ինչ-որ տեղ հատվում են…

Դու իսկապես շարժվում ես առաջ, դեպի անհայտը, դեպի խորհրդավոր անսահմանությունը, որում երերվում են մարդիկ, նրանց կյանքը, հույսերը, երազանքները, սերը… Անտեսանելի այդ հորիզոնում նշմարվում են ստվերներ` այնքան նման, բայցև այնքան տարբեր…

Այդ անհասանելին գնալով դառնում է կլանող և գրավիչ, աստիճանաբար մարդ էակին ներքաշում իր՝ թերևս անհայտ, բայց երազանքներով լի ու քաղցր հեքիաթի մեջ:

Այնպիսի տպավորություն է, թե մարդն իր կյանքի մեծ մասը պատրաստվում է ապագային…

Այո՛, յուրօրինակ կերպով ամեն մեկս ստեղծում ենք մեր ապագայի դպրոցը՝ նրանում ներդնելով այն ամենը, ինչը հոգեհարազատ է մեր հոգուն և մեծ հաշվով պատրաստելու է մեզ ապագային…

 «Ապագայի դպրոց». այս արտահայտությունը լսելիս առաջինն ասոցիացիացվում է այն դպրոցի շենքը, որտեղ սովորում ես, պարզապես շատ տարիներ անց, գերժամանակակից տեխնոլոգիաներով, առցանց դասերով, անգամ ռոբոտ-ուսուցիչներով։

Բայց թույլ տվեք ասել, որ այս արտահայտությունն իր մեջ թաքցնում է մի ամբողջ աշխարհ…

Մեր աշխարհում ամեն ինչ արագընթաց է, և ամեն ակնթարթ անհրաժեշտ են նոր գիտելիքներ, նոր հմտություններ, նոր փորձ։

Ապագայի դպրոցն այն հենասյունն է, որն ի վիճակի է կառուցելու անձի հոգևոր, բարոյական, մասնագիտական կերպարը։ Հենց այստեղից է սկսվում նրա ձևավորումն ու զարգացումը։ Մարդը ծնվում է որպես անհատ, իսկ անձ դառնում է: Այդ կերպարին հատուկ են կյանքի արագաշարժ ռիթմի հետ համընթաց քայլելու, արագ կողմնորոշվելու և շրջապատին որպես լավագույն օրինակ ծառայելու հատկությունները։

Մեծ հաշվով՝ ապագայի դպրոցն առաջին հերթին հոգևոր կառույց է, որտեղ դու լցնում ես այն ամբողջ լավը, որն ուզում ես տեսնել քեզ համարր՝ հոգևոր, բարոյական արժեքներ, նյութական, սոցիալական ապահովվածության որոշակի մակարդակ, մասնագիտություն, սիրելի զբաղմունքներ, ընտանիք, ընկերներ….

Այս ամենն անշուշտ ունես նաև հիմա՝ ներկայում, բայց ժամանակի ընթացքում այդ ամենը փոփոխվելու է… Որովհետև փոխվելու ես դու ինքդ. քեզ փոխելու են մարդիկ, իրավիճակները, ճանապարհները, գրքերը, ֆիլմերը։ Անգամ քեզ շատ ծանոթ իրերը և երևույթները ժամանակի հետ նոր զգացողություններ ու տպավորություններ են հաղորդելու:

Քայլ առ քայլ բարձրանում ես աստիճաններով՝ ընկնելով, կրկին բարձրանալով, և ամեն քայլի հետ մի նոր բան վերցնելով այս աշխարհի գիտելիքների շտեմարանից:

Յուրաքանչյուր աստիճան բարձրանալիս մենք փորձում ենք ամեն նոր հարթակ լցնել մեր էմոցիաներով, զգացմունքներով և ներկել համապատասխան գույներով, որ երբ հուսահատությունը մեզ տիրի, նայենք անցած ճանապարհին և այդ զգացմունքները մեզ ուժ տան նորից առաջանալու, իսկ գույները` օգնեն հիշել, թե ինչի համար ենք սկսել այդ ուղին…

Փոքր-ինչ մեծանալով՝ արդեն հասկանում ես, որ վերցրել ես այն ամենն, ինչը հասանելի էր: Բայց աստիճանները քեզ ավելին են խոստանում՝ նոր հույսեր, նոր երազանքներ, նոր նպատակներ, նոր զգացողություններ…

Կյանքը շարժուն երևույթ է, և այն հենց այդ շարժի մեջ է գեղեցիկ։ Յուրահատուկ այդ ընթացքն է, որ ստիպում է մեզ օգտվել տրված հնարավորություններից և ձգտել ավելիին:

Դու հստակ գիտես, թե ինչ ես ուզում կյանքի այդ ժամանակաշրջանում, ինչի ես ունակ, որքան կարող ես և ինչի կարիք ունես․ ամեն մի քայլդ քեզ տալիս է հնարավորություն և պայքարելու լավագույն դասերը…

Նշանավոր մի փիլիսոփա մի առիթով ասել է. «Մարդու բախտը բերում է երեք անգամ: Առաջին` ումից է ծնվել: Երկրորդ` ում մոտ է սովորել, և երրորդ` ում հետ է ամուսնացել…»:

Ինչո՞ւ հիշեցի այս խոսքերը. Զուտ այն պատճառով, որ թեև մեր կյանքում որոշ բաներ կանխորոշված են, բայց և այնպես, ապագայի հետ կապված շատ հանգամանքների նպաստում ենք մենք ինքներս. Ինչպե՞ս ենք սովորել, ի՞նչ ենք նախընտրել, որքա՞ն ենք աշխատել ինքներս մեզ վրա, որքա՞ն ենք փորձել լինել ավելի լավը…

Մարդիկ առհասարակ սիրում են երևալ ուժեղ, կարևորված, գեղեցիկ, մի խոսքով սիրում են, որ շրջապատը նրանց տեսնի այնպես, ինչպես իրենք են ուզում:

Իհարկե «հայելային էֆեկտի» այդ տարբերակը հասարակական կյանքում քիչ է դրսևորվում, քանի որ ոչ միշտ է, որ իրենց երազանքների կերպարը և իրականությունը համընկնում են:

Որպեսզի երազանքը դառնա իրականություն, անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ: Չէ՞ որ եթե կարող ես երազել, կարող ես նաև ի կատար ածել այն: Պարզապես պետք է միշտ փորձել լինել ոչ թե մյուսներից լավը, այլ ինքդ քեզնից լավը, ավելի լավը քան երեկ էիր…

Երբ մեքենան կանգ առավ մեր բակում, ես կտրվեցի երկար մտորումներից այն հստակ գիտակցությամբ, թե որն է ապագայի դպրոցի իմ ճանապարհը, ինչ շինանյութերով եմ այն կառուցելու…

Հավանեցի՞ր. տարածիր