Առակը ամենահին գրական ժանրերից է։ Բառը ձևավորվել է «առ ակն» կապակցությունից, որ նշանակում է աչքի առջև։ Եվ իրոք, փոքրիկ ու տպավորիչ բարոյախրատական այդ պատմությունները արժանի և հարմար են մշտապես «աչքի առջև ունենալու»։
Առակի ժանրային առանձնահատկությունները խիստ որոշակի են։ Դրանք ներկայացնում են այլաբանական պատմություններ՝ քննադատելով որևէ մարդկային արատ կամ էլ գովերգելով ինչ-որ արժանիք, առաքինություն։ Հաճախ առակի վերջում հեղինակն ուղղակիորեն տալիս է դրա մեկնաբանությունը, այսինքն՝ փոխանցում իր ուղերձը, եզրակացությունը, որ կոչվել է նաև նշանակ։
Առակը նաև չափազանց արդյունավետ մանկավարժական գործիք է։ Այն հեշտ է մտապահվում, երբեմն ունենում է հումորի տարրեր և շատ սիրելի է երեխաներին։ Բացի այդ՝ բոլորն են սիրում սովորել օրինակներով, համեմատություններով, ավելի հեշտ են ընկալում այդպիսի խոսքը, քան վերացական խրատաբանությունը։
Առակում կարող են անձնավորվել կենդանիները, բույսերը և անգամ առարկաները՝ փոխաբերաբար ներկայացնելով մարդկային այս կամ այն հատկանիշը, մարդու այսպիսի կամ այնպիսի տեսակը։
Առակի հայտնի վարպետներ են Եզոպոսը, Ֆեդրոսը, Իվան Կռիլովը, իսկ հայ հեղինակներից՝ Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, Խնկո Ապերը։
Առակներում խրախուսվում են բարությունը, աշխատասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը։
Հնում առակը նշանակում էր նաև խրատ, իմաստնախոսություն։ Այդպիսին են Հին Կտակարանում ամփոփված Սողոմոն Իմաստունի առակները, որոնք մեծ ազդեցություն են թողել գրեթե բոլոր ժողովուրդների ինչպես հոգևոր-բարոյական, այնպես էլ գեղագիտական մտածողության վրա։
Հայոց գրերի գյուտից անմիջապես հետո, բազմաթիվ գրքերի թարգմանությանը զուգահեռ, հայերեն են փոխադրվել նաև շատ ու շատ առակներ։ Ավելի ուշ ձևավորվել է հայ ինքնուրույն առակագրությունը։ Մեծ ժողովրդականություն են վայելել Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու գրվածքները։