Երբ դեռ Ձեր երեխան շատ փոքրիկ էր, Դուք ինքներդ էիք զբաղվում նրա ճակատը մազափնջիկներից ազատելու գործով, սակայն անցավ մեկ-երկու տարի, և ահա նրա սանրվածքն արդեն մասնագիտական խնամք է պահանջում: Սակայն դեռ պարզ չէ` ինչպես երեխան կընդունի այն փաստը, որ ինքը պիտի «խելոք» նստի թիկնաթոռին այն ժամանակ, երբ ինչ-որ անծանոթ իր գլխավերևում մկրատ է պտտեցնում…
Որպեսզի փոքրիկը չսկսի համառել ու լաց լինել օտար միջավայրում, Դուք պետք է նախապես մանրամասն պատմեք նրան այն մասին, թե ինչ է կատարվելու վարսավիրանոցում, և ինչ կպահանջվի իրենից՝ լավ արդյունք ստանալու համար:
Դուք կարող եք վարսավիրանոց բերել երեխայի սիրելի խաղալիքը, պատկերազարդ գիրք, որոնք կօգնեն «կրիտիկական» պահերին հանգստացնել նրան: Որպեսզի վարսավիրանոցում ավելի քիչ ժամանակ անցկացնեք, լվացեք երեխայի մազերը տանը, իսկ հետո մասնագետը միայն կխոնավեցնի դրանք: Եթե երեխային հարմար չէ թիկնաթոռը, կարող եք նրան նստեցնել ձեր ծնկներին. այդպես փոքրին իրեն շատ ավելի ապահով կզգա:
Որոշ երեխաներ խուճապի են մատնվում` հատակին տեսնելով իրենց կտրված մազերը: Փոքրիկների մեջ ամբողջականության զգացումը դեռ շատ փխրուն է. նրանք դժվարությամբ են բաժանվում այն ամենի հետ, ինչ իրենց է պատկանում: Դրա համար երեխային պետք է անպայման նախապես բացատրել, որ մազերը միշտ աճում են, և ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է դրանք կտրել, որպեսզի իրենց ծանրությամբ ու առատությամբ մարդուն անհանգստություն չպատճառեն:
Մի մոռացեք փոքրիկին ասել նաև, որ վարսահարդարումից հետո նա շատ գեղեցիկ տեսք կունենա: Ձեր հիացական արտահայտությունները կուրախացնեն նրան և իհարկե վարսահարդարին:
Սակայն եթե այդուհանդերձ վարսավիրանոց այցելելու փաստարկները հանդիպում են հուսահատ դիմադրության, ապա արժե վարսահարդարին տուն հրավիրել. իր միջավայրում երեխան ավելի արագ կվստահի անծանոթին: Պատվով հաղթահարելով առաջին փորձությունը` փոքրիկը հաջորդ անգամ առավել բարյացակամ կվերաբերվի վարսավիրանոց այցելելու Ձեր առաջարկությանը:
Վարսահարդարման նկատմամբ երեխայի վախը հաղթահարելու մեկ միջոց ևս. թող նա Ձեր կողքին լինի, երբ հարդարում են հենց Ձեր վարսերը: Այդ ժամանակ փոքրիկը կտեսնի, որ վտանգավոր ոչինչ չկա: Ավելին` համակված մեծահասակներին նմանվելու փափագով` նա գուցեև ուրախանա, որ իր մազերը նույնպես կտրելու են:
Մեկ-երկու այցելություն վարսահարդարին, և փոքրիկն արդեն ինքը կպահանջի գեղեցիկ սանրվածք, երբ դրա անհրաժեշտությունը զգա: