Առաջին ինտերնետային կայքը

Առաջին համակարգչային ցանցը սկսել է գործել դեռևս 1960-ականներին՝ այն ժամանակ ԱՄՆ-ում գործող մալուխային կապի և ռազմական ու պետական ռադիոկապի միջոցով։ Ինտերնետը, այնպիսին, ինչպիսին այսօր է, դեռ գոյություն չուներ, բայց նրա նախատիպը դարձավ ARPAnet-ը, որից օգտվում էին միայն պետական ծառայողներն ու զինվորականները։

1970-ականներին, երբ ARPAnet-ն ուներ արդեն 15 հանգույց, գործարկվեց առաջին էլեկտրոնային փոստը՝ դարձյալ միայն հատուկ պաշտոնյաների համար։

Բուն ինտերնետը՝ որպես համաշխարհային ցանց, «ծնվեց» 1983 թ., երբ ընդունվեց տվյալների փոխանցման TCP/IP համընդհանուր հաղորդակարգը։

Իսկ աշխարհի առաջին կայքը ստեղծվեց 1990 թ․ մայիսին՝ Ատոմային հետազոտությունների եվրոպական կենտրոնի աշխատակից Թիմոթի Ջոն Բերենս-Լիի և նրա գործընկեր Ռոբերտ Կայոյի կողմից։ Դոմենի անունն էր info.cern.ch։ Այս հասցեն այսօր էլ ակտիվ է, սակայն կայքը, պատմության համար, պահպանվել է իր հին տեսքով և չի թարմացվում։

Առաջին կայքը զուտ տեքստային էր․ չկար համակարգչային գրաֆիկա, առավել ևս՝ մուլտիմեդիա։ Հարթակում 45 ակտիվ հղում կար, որոնցով անցնելու համար հարկավոր էր ստեղնաշարով մուտքագրել համապատասխան թիվը։ Իսկ ամենաներքևում հուշումների և հրամաններ գրելու տողն էր։

Սերվերը, որի վրա տեղակայված էր կայքը, «NeXT» համակարգիչ էր՝ առավելագույնը 64 Մբ օպերատիվ հիշողությամբ և 660 Մբ տարողություն ունեցող կոշտ սկավառակով։

Հավանեցի՞ր. տարածիր