Գիտե՞ք, որ հասուն արու առյուծը կարող է միանգամից ուտել մինչև 40 կիլոգրամ միս և ապա մի քանի օր անընդմեջ չսնվել: Ի դեպ, առյուծները շատ են սիրում հանգստանալ։ Նրանք կարող են գտնել որևէ զով անկյուն և օրական մինչև 20 ժամ թմրել:
Հնում կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանիները սփռված են եղել Աֆրիկայում և Հարավարևմտյան Ասիայում: Սակայն այժմ այդ վայրերում նրանք գրեթե ամբողջությամբ ոչնչացված են: Պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի որոշ շրջաններում և արգելոցներում, շատ քիչ քանակությամբ էլ՝ Հնդկաստանում: Առյուծներն ապրում են սավաննաներում, կիսաանապատներում և անապատներում:
Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ 2 մետր է, քաշը՝ մինչև 250 կիլոգրամ: Արուներն էգերից, ինչպես գիտեք, տարբերվում են պարանոցի թավ բաշով:
Գիշերային կյանք է վարում առյուծը: Գիշերը նա 6 անգամ ավելի սուր տեսողություն ունի, քան մարդը: Այս կենդանին գազանների արքա է համարվել թերևս նաև այն բանի համար, որ երբեք չի թաքնվում, զոհին չի դարանակալում և գաղտագողի չի հարձակվում նրա վրա: Առյուծը հաղթում է ուժով, ճարպկությամբ, համարձակությամբ, և այդ հատկանիշների համադրությամբ դժվար թե որևէ կենդանի համեմատվի նրա հետ: Ասում են միայն, որ նրան կհաղթեր սպիտակ արջը, սակայն այս երկու կենդանիները բնության մեջ երբեք չեն կարող հանդիպել միմյանց, քանի որ սպիտակ արջն ապրում է Հյուսիսային կիսագնդի բևեռային շրջաններում:
Երկար ժամանակ առյուծներն աֆրիկյան սավաննաների տիրակալներն էին: Բայց մարդիկ կարծում էին, թե առյուծների ոչնչացումով կճղակավոր կենդանիների քանակը կավելանա: Իսկ ստացվել է հակառակը. հիվանդությունների տարածման հետևանքով ավելի շատ կենդանիներ են ոչնչացել: Եվ պարզվել է, որ առյուծներն առաջին հերթին որսում են հիվանդ, թույլ կենդանիներին:
Այժմ առյուծներին սպանելն արգելված է: Հատուկ թույլտվությամբ կարելի է որսալ միայն կենդանաբանական այգիների համար:
Առյուծներն ապրում են խմբերով` պրայդներով, որտեղ լինում են 2-ից ավելի արուներ և էգեր: Նրանք ամբողջ կյանքն ապրում են միմյանցից անբաժան և միասին են մեծացնում իրենց ձագերին:
Նյութի հիմն. աղբյուրը` այստեղ