Աստղագիտությունն ուսումնասիրում է տիեզերական մարմինները՝ մոլորակները, աստղերը և գալակտիկաները: Աստղագետները պարզում են աստղերի տարիքը և դրանց հեռավորությունը Երկրից:
Դեռևս հնագույն ժամանակներում մարդիկ նկատել էին, որ Արեգակը, Լուսինը, մոլորակները և աստղերը երկնքում տեղաշարժվում են որոշակի օրինաչափությամբ: Եվ դրանց դիրքով մեր նախնիները կողմնորոշվում էին տեղանքում, ինչպես նաև որոշում ժամանակը: Այսօր էլ աստղագիտական տվյալները նույն նպատակով օգտագործում են օդաչուները, նավաստիները և պարզապես ճամփորդել սիրող արկածախնդիր արշավականներն ու լեռնագնացները: Աստղագիտության օգնությամբ հաճախ նաև կանխատեսվում են եղանակի և գեոմագնիսական դաշտի փոփոխությունները:
Աստղագետներն օգնում են նաև պատմաբաններին: Եվ ահա թե ինչպես: Օրինակ՝ պատմաբաններին հայտնի է եղել, որ շատ վաղուց՝ միդիացիների և լիդիացիների միջև մի ճակատամարտերի ժամանակ, տեղի է ունեցել Արեգակի լրիվ խավարում։ Նրանք դիմել են ատղագետներին, որպեսզի վերջիններս հաշվեն, թե ե՛րբ այն կարող էր երևալ այդ վայրում։ Այդպես ճշտվել է այդ պատմական ճակատամարտի տարեթիվը։
Կզարմանաք, բայց դեռևս չորս դար առաջ գրեթե բոլորը համոզված էին, թե մեր մոլորակն անշարժ է և գտնվում է Տիեզերքի հենց կենտրոնում, իսկ երկնային մարմինները պտտվում են նրա շուրջը: 1540-ական թվականներին լեհ գիտնական Նիկոլայ Կոպեռնիկոսը մի փոքր զարգացրեց աստղագիտությունը՝ պարզելով, որ Երկիրը և մյուս մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը և կազմում են Արեգակնային համակարգը:
Իսկ գրեթե 70 տարի անց՝ 1608 թ, Հանս Լիպերսգեյը հնարեց աստղադիտակը, և պարզվեց՝ Արեգակն ավելի քան միլիոն անգամ մեծ է Երկրից, իսկ աստղերը նույնպիսի ջերմ, ինքնալուսարձակող գազային հսկա գնդեր են, ինչպես և Արեգակը:
Այսօր գիտնականներն արդեն գիտեն, որ աստղերն ու գալակտիկաներն արձակում են ոչ միայն լույս, այլև, օրինակ, ռենտգենյան ճառագայթներ ու ռադիոալիքներ:
Տիեզերքում մարմինների հեռավորություններն այնքան մեծ են, որ դրանց չափման համար օգտագործում են հատուկ միավոր՝ լուսային տարի: Դա այն հեռավորությունն է, որ լույսն անցնում է 1 տարում: Եթե այդ տարածությունը չափենք մետրով, կունենանք մի թիվ, որն անգամ ընթերցել չենք կարողանա. 9 460 730 472 580 820. սա մոտ 9,5 պետամետրն է:
Աստղագիտությունը Հայաստանում ձևավորվել է 7-րդ դարում՝ Անանիա Շիրակացու ուսունասիրրությունների հիման վրա։ Արդեն այդ ժամանակ Շիրակացին հասկացել է, որ Երկիրը ոչ թե հարթ է, ինչպես դրանից դեռ երկար դարեր անց էլ կարծում էին մարդիկ, այլ գնդաձև: Մեր իմաստուն նախնին ճիշտ բացատրել է նաև Արեգակի և Լուսնի խավարումները։
Միջին դարերում Հայաստանի վանական բարձրագույն դպրոցներում (Գլաձոր, Տաթև) դասավանդվել են «Տիեզերագիտություն» և «Տոմարագիտություն» առարկաները։
Գիտական նշանակության հայտնագործություններից բացի, սակայն, աստղային երկնքի ուսումնասիրությունը պարզապես հրապուրիչ է և խաղաղեցնող: Քիշերային չքնաղ երկինքը մեզ խաղաղություն է ներշնչում, ստիպում կտրվել կենցաղի հոգսերից, վեր կանգնել մարդկային նեղ ձգտումներից, խորհել կյանքի ու հավերժական արժեքների մասին: