Հայոց հնագույն պատմության առաջին շրջանի հաղթական դրվագներից է Արածանու ճակատամարտը: Ուշագրավ է, որ այն տեղի է ունեցել Ք.ա. 68 թ.՝ Տիգրանակերտի ճակատամարտից ընդամենը մեկ տարի անց, երբ հայոց զորքը ցավալի պարտություն էր կրել հռոմեական բանակից՝ Լուկուլլոսի գլխավորությամբ: Հռոմեացի զորավարը հաղթանակից հետո մնացել էր հայոց հողում՝ ձմեռելով Տիգրան Մեծի դեմ ապստամբած Կորդուք գավառում:
Առանց ընկճվելու և շտապելու՝ հայոց զորքը պատրաստվում էր պատասխան ճակատամարտին:
Տիգրանակերտի անկումից հետո հայոց արքան, օգտվելով զինադադարից, ձմռանը նոր զորակոչ էր իրականացրել և վերակազմավորել բանակը՝ հարձակման հիմնական պարտականությունը թողնելով հեծելազորին` շուրջ 20 հազար մարտիկի:
Նախ հայերն ամիսներ շարունակ անսպասելի գիշերային հարձակումներ էին կատարում հռոմեական զորքերի վրա՝ աստիճանաբար ջլատելով նրանց ուժերը և հակառակորդին պահելով մշտական լարվածության մեջ: Իսկ վճռական ճակատամարտի անցան աշնանը՝ Արածանու գետանցի մոտ:
Մարտը սկսվում է հայոց թեթևազեն հեծյալ գնդերի սրընթաց գրոհով թշնամու առաջին գծի լեգեոնների և նրա հեծելազորի վրա: Մարտավարական տեսանկյունից սա «տարօրինակ» և խիստ վտանգավոր գործողություն էր, բայց և հնարավորություն՝ հակառակորդին անակնկալի բերելու: Այնուհետև հայոց գնդերն ընտրում են նահանջի հնարքը: Ոգևորված հռոմեական հեծելազորը հետապնդում է հայոց զորքին, իսկ վերջինս արագընթաց ցրվում է տարբեր ուղղություններով` բացելով հետապնդողների ճակատը: Եվ հենց այդ բաց ճակատից նրանց դիմաց խոյանում է արդեն հայոց ծանրազենը՝ Տիգրան Մեծի գլխավորությամբ, և հիմնովին ջախջախում հռոմեական զորքը: Այնուհետ հայկական հեծելազորը գրոհում է լեգեոնների վրա՝ տեղալով նետերի ահեղ տարափ: Այդ նետաձգությունից հետո հակառակորդը վերջնականապես հետ է քաշվում:
Այս պատմությունը ևս մեկ վկայություն է այն մասին, որ պատերազմում վճռորոշ են խիզախությունն ու իմաստուն մարտավարությունը, իսկ դրանք շնորհներ են, որ տրվում են չընկճվող, հայրենասեր, ազնվ ու նվիրյալ ժողովուրդներին: