Արվեստի ծագումը և զարգացումը

Մարդը նման է իր Արարչին. նա էլ բնությամբ ստեղծագործող է, կառուցող, արարող: Մարդկային հոգին մշտապես ձգտում է ինքնաարտահայտման, իսկ դա հաճախ դրսևորվում է արվեստի միջոցով: Սակայն հնում արվեստի բոլոր ճյուղերը հոգևոր բնույթ ունեին: Բանաստեղծություններն աղոթքներ էին, պատմվածքներն ու հեքիաթները՝ խրատական պատմություններ՝ հիմնված իրական դեպքերի կամ համեմատությունների վրա, նկարները՝ սրբապատկերներ էին և այլն, և այլն: Դավիթ արքան սաղմոսներով փառաբանում էր Աստծուն կամ նրանից ինչ-որ բան խնդրում, Սողոմոն Իմաստունը իր «Երգ երգոց» պոեմում փոխաբերաբար գովերգում էր Եկեղեցու և Աստծու հարաբերությունը, Նարեկացին իր տաղերում՝ Սուրբ Մարիամ Աստվածածնին ու հոգևոր տոները:

Սակայն դարերի ընթացքում արվեստում «ներմուծվեցին» նաև աշխարհիկ տարրեր: Մարդիկ աստիճանաբար սկսեցին խոսել իրենց անձնական ցանկությունների, նյութական ձգտումների մասին, իսկ ավելի ուշ՝ որոշեցին անգամ հակադրվել այն ամենին, ինչից բխել էր արվեստը՝ գովերգելով աշխարհի վայելքներն ու հմայքները:

Այսօր արդեն «արվեստ» ասելով չենք հասկանում միայն աղոթք կամ աստվածապաշտություն: Աշխարհում ամեն տարի միլիոնավոր գեղարվեստական գրքեր, ֆիլմեր, կինոնկարներ ու երգեր են ստեղծվում՝ ամեն-ամեն ինչի մասին: Գիտությունն այժմ արվեստ է անվանում ընդհանրապես այն ամենը, ինչ կապված է մարդու ստեղծագործական տաղանդի արտահայտման հետ: Արվեստում մեր օրերում չափազանց մեծ տեղ է տրվում գեղագիտությանը և, մանավանդ, այդ ամենի վերացական, չորոշակիացված արտահայտությանը, որպեսզի մարդուն միայն ցուցադրվի հեղինակ անձնական աշխարհն ու կարծիքը՝ եզրահանգումը թողնելով ընթերցողին, ունկնդրին կամ դիտողին:

Լա՞վ է դա, թե՞ ոչ: Նախ՝ ճիշտ եզրահագնումներ անելու համար անհրաժեշտ է իմացության և կյանքի փորձառության որոշակի հիմք, ուստի դարձյալ հանգում ենք ուսուցչի առաքելության կարևորությանը: Ինչպիսին էլ որ լինի արվեստը՝ հանճարեղ թե ոչ այնքան, մանկանան թե մեծահասակաների համար, այն պիտի չշեղվի իր նախահիմքից, այն է՝ քարոզել բարություն, մղել արիության, գթասրտության, սեփական երջանկությունը փնտրել ուրիշին երջանկացնելու մեջ, հեռու վանել հուսահատությունը, տագնապը, ինքնամփոփությունը, սիրել ընտանիքը, ընկերներին:

Սիրելի՛ ընթերցող, եթե դու էլ սիրում ես ստեղծագործել, հիշի՛ր այս ամենի մասին: Եթե անգամ տխրությունն է քեզ համակել, կարոտը, ինչ-որ ցավ, և դու ցանկանում որևէ կերպ արտահայտել դա, միշտ հիշիր, որ ոչինչ, ոչինչ չի կարող արդարացնել հուսահատությունը, անգամ ամենացավալի իրադարձությունները: Այսպիսի դեպքերում մենք միշտ պետք է հիշենք, որ աշխարհում կան մարդիկ, որոնք մեր կարինքն են զգում՝ մեր ծնողները, քույրն ու եղբայրը, ընկերները, գուցե մի դողղդոջուն քայլվածքով վախվորած տատիկ, որի համար այդ պահին բանուկ փողոցն անցնելն ամենաբարդ բանն է աշխարհում:

Հավանեցի՞ր. տարածիր