Այս տաճարը նվիրված էր Արտեմիս աստվածուհուն և գտնվում էր Հունաստանի Եփեսոս քաղաքում: Ողջ Հունաստանից հեթանոս մարդիկ գալիս էին այստեղ՝ երկրպագելու Արտեմիս կուռքին:
Արտեմիսը հին հույների մայրության և որսորդության աստվածուհին էր: Հնում մարդիկ հավատում էին, թե աշխարհը կառավարում են տարբեր աստվածներ:
Եփեսոսում ապրում էր մի մարդ՝ Հերոստրատոս անունով: Նա երազում էր հայտնի դառնալ ու երբեք չմոռացվել: Հերոստրատոսի փառասիրությունն այնքան մեծ էր, որ նա պատրաստ էր ամեն ինչի: Եվ գիտե՞ս, թե ինչ արեց նա. հրկիզեց Արտեմիսի տաճարը: Այս արարքը ցնցեց մարդկանց: Հերոստրատոսին մահապատժի ենթարկեցին: Դա դեռ բավական չէր, ավելի մեծ պատիժ սահմանեցին. որոշեցին մոռանալ նրան… Այնպես անել, որ ոչ ոք երբեք չարտասանի նրա անունը: Բայց, հակառակ դրան, Հերոստրատոսի անունն այդուհանդերձ մտավ պատմության մեջ, թեպետ իբրև չարագործի կերպար: Իսկ գիտե՞ս ինչպես:
– Լսե՞լ եք,- ասում էր մեկը մյուսին,- եփեսոսցիները որոշել են մոռանալ նրան: Ի դեպ, ի՞նչ էր նրա անունը: Հերոստրատո՞ս. կարծես թե…
Հենց այդպես էլ Հերոստրատոսի անունն ընդմիշտ մնաց որպես անմիտ չարագործության խորհրդանիշ: Այրված տաճարի տեղում կառուցեցին նորը: Այն երկար ժամանակ կանգուն էր, մինչև որ ավերվեց երկրաշարժից: