Ժամանակակից ցանկացած գրական լեզվի հիմքում որևէ ժողովրդախոսակցական տարբերակ է՝ բարբառ, որը հատուկ ընտրվում է մասնագետների կողմից և տարիների ընթացքում մշակվում ու նորմավորվում է։ Պատմական հանգամանքների բերումով՝ հայերենն ունի երկու գրական տարբերակ՝ արևելահայերենը և արևմտահայերենը։ Առաջինի հիմքում առավելապես Արարատյան բարբառն է՝ «ում» ճյուղից։ Իսկ արևմտահայերենը ձևավորվել է Պոլսի բարբառի հիման վրա՝ «կը» ճյուղից։ Նշենք արևմտահայերենի առաձնահատկություններից որոշները։
Արտասանությունը։ Թեպետ մեր լեզվի երկու տարբերում էլ գրերը նույնն են, սակայն արտասանության ժամանակ արևմտահայերենում բ, գ, դ, ձ, ջ ձայնեղները դառնում են շնչեղ խուլեր և հնչում փ, ք, թ, ց, չ, իսկ պարզ խուլերը` պ, կ, տ, ծ, ճ, ընդհակատակը, գրեթե միշտ արտասանվում են որպես ձայնեղներ` բ, գ, դ, ձ, ջ, օրինակ՝ ծաղիկ – ձաղիգ, գարուն – քարուն, բարի – փարի, գեղեցիկ – քեղեցիգ և այլն:
Բառերը։ Հայերենի բառապաշարի մեծ մասը ընդհանուր է երկու տարբերակների համար։ Բայց կան և տարբերություններ, օրինակ՝ միայն արևմտահայերենում են հանդիպում ակաղձուն (լեցուն), զակատել (բաղձալ), լմննալ (վերջանալ), կայլակ (կաթիլ), համբուն (համակ), պատարուն (զեղուն), պարտասուն (հոգնաբեկ) բառերը, կապերից՝ ասդին, անդին, ետք, քով, շաղկապներից՝ ալ, զի և այլն: Բացի այդ՝ կան նաև որոշակի ուղղագրական տարբերություններ (դասական ուղղագրության կանոններից զատ, օրինակ՝ ճամփա – ճամբայ)։
Քերականությունը։ Արևելահայերենի և արևմտահայերենի հիմնական տարբերությունները նկատվում են արդեն քերականության մեջ՝ բառերի թեքման և կապակցման ժամանակ։ Օրինակ՝ բոլորին հայտնի է ներկա անկատար և անցյալ անկատար ժամանակաձևերի տարբերությունը մեր լեզվի այս երկու տարբերակներում․ կը գրէ – գրում է, կ’անցնիմ – անցնում եմ․ արևմտահայերենում այս ժամանակաձևերը պարզապես կոչվում է սահմանական եղանակի ներկա ժամանակ և անցյալ ժամանակ: (Հենց այս տարբերությունը նկատի ունենալով ենք ասում, որ արևելահայերենի հիմքում «ում» ճյուղի բարբառ է, իսկ արևմտահայերենի հիմքում՝ «կը»)։ Փոխարենը՝ պայմանական եղանակի ժամանակաձևերն արևմտահայերենում կազմվում են «պիտի» մասնիկով, այսպես՝ պիտի անցնիմ արևելահայերեննշանակում է կանցնեմ (արևմտահայերենում այն կոչվում է ստորադասական եղանակ և հանդես է գալիս երկրորդական նախադասություններում․ «եթե․․․ ապա․․․»)։
Ինչպես գիտենք, արևելահայերենում բառերի գերակշիռ մասը ենթարկվում են Ի հոլովման, մինչդեռ արևմտահայերենում շատ ավելի տարածված է ՈՒ հոլովումը․ ճամբու, դիտորդներու։ Բացառականի վերջավորությունը առավելաբար -են-ն է՝ սրտեն (սրտից), տնեն (տնից), դաշտերեն (դաշտերից)։ Հայցական հոլովը երբեք չի լինում տրականաձև․ «Կը սիրեմ սաներս», ոչ թե սաներիս։ Գիտենք նաև, որ ներգոյական հոլով արևմտահայերենը չունի, և նրա իմաստն արտահայտվում է «մէջ» կապով։
Հայերենի այս տարբերակում որոշիչ հոդ կարող է ստանալ նաև սեռական հոլովը, օրինակ՝ Արամին գիրքը, դաշտերուն ծաղիկը։
Արևմտահայերենում անորոշ առումն արտահայտվում է «մը» («մըն») հետադաս մասնիկով․ գիրք մը, բան մը, խօսք մըն ալ։
Նաև՝ արևմտահայերենը չունի կրկնակի ժխտում․ ոչ ոք չասաց – ոչ ոք ըրաւ։
Ուղղագրությունը։ Արևմտահայերենը պահպանել է մեսրոպյան՝ դասական ուղղագրությունը։ Արևելահայերենի ներկայիս ուղղագրությունը, որ հաճախ կոչվում է նաև նոր, վերափոխված, ժամանակակից և այլն, գործում է 1940 թվականից։ Նոր ուղղագրությունը պաշտոնապես գործածական է Հայաստանում, Արցախում, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ երկրներում, իսկ, օրինակ, իրանահայերը, թեպետ խոսում են արևելահայերեն, բայց նույնպես գրում են դասական ուղղագրությամբ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Աստվածաշնչի արևելահայերեն թարգմանություններն էլ հիմնականում դասական ուղղագրությամբ են։
Պետք է նկատել, որ շատ բառերի ստուգաբանության, ասենք՝ արմատը մասնիկից տարանջատելու համար, կատարյալ է մնում դասական ուղղագրությունը։ Այսինքն՝ լեզվական միավորները պատմական մոտեցմամբ քննելիս դասական ուղղագրության իմացությունը կարևոր է, ինչպես առհասարակ գրաբարի իմացությունը, որից սերել են և՛ արևմտահայերենը, և՛ արևելահայերենը, և՛ շատուշատ բարբառներ։