Բաղադրյալ հատուկ անունների գրությունը

1. Հայերենում կազմակերպությունների (միություններ, կառույցներ, ընկերություններ) բաղադրյալ անուններում մեծատառ է գրվում միայն առաջին բաղադրիչը (եթե մյուս բաղադրիչները հատուկ անուն չեն), օրինակ՝ Միավորված ազգերի կազմակերպություն, Խաղաղության համաշխարհային խորհուրդ, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն և այլն։

2. Վերոնշյալ կանոնն է գործում նաև հին երկրների, տերությունների, բնակավայրերի բազմաբաղադրիչ անունների պարագայում, օրինակ՝ Վանի թագավորություն, Հռոմեական կայսրություն, Վայոց ձոր և այլն։

3. Կան հատուկ անուններ, որոնց երկրորդ բաղադրիչը, թեև հասարակ գոյական է, նույնպես գրվում է մեծատառ, քանի որ գործածված է ոչ թե ուղիղ իմաստով, այլ պայմանական կամ փոխաբերական, օրինակ՝ Ծիր Կաթին, Հայկական Պար, Մեծ Արջ և այլն։

4. Օտար անուններում հանդիպող մասնիկները միջադաս կամ վերջադաս դիրքում գրվում են փոքրատառ, իսկ նախադաս դիրքում՝ արդեն մեծատառ, օրինակ՝ Ժաննա դ’Արկ, բայց՝ Դ’Արկ, կամ՝ Լեոնարդո դա Վինչի, բայց՝ Դա Վինչի։

5. Պետական իշխանության բարձրագույն մարմինների, նաև համաշխարհային կամ համազգային համարում ունեցող կառույցների անվան մյուս բաղադրիչները նույնպես կարող են գրվել մեծատառ, օրինակ՝ ՀՀ Ազգային ժողով, ՀՀ Սահմանադրական դատարան, ՀՀ Կառավարություն, Հայ Առաքելական Եկեղեցի և այլն։

6. Պաշտոնական փաստաթղթերում, քաղաքավարական և մեծարման ոճերում մեծատառի գործածությունն ազատ է՝ ըստ ընդունված կարգի։

Անշուշտ, այս բոլոր կանոններից էլ բացառություններ հնարավոր են՝ պայմանավորված այս կամ այն բաղադրյալ հատուկ անվան զուտ ավանդական գրությամբ։

Կազմեց Ն․ Աբասյանը

Հավանեցի՞ր. տարածիր