Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» հին հայերենի ամենաբարձր արտահայտություններից է, եթե ոչ ամենաբարձրը։ Պատմահայրը փայլում է ոչ միայն որպես մեծ գիտնական ու վարդապետ, այլև որպես լեզվի հանճարեղ վարպետ՝ իր բառապաշարի հարստությամբ և խոսքի առինքնող ու ճկուն շարահյուսությամբ։
Այսօր շատերի մտքով անգամ չի անցնի, թե որքան մեծ նպաստ է բերել Մովսես Խորենացին հայոց լեզվի հարստացմանն ու զարգացմանը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ նա ավելի քան 800 բառ է «կտակել» հայերենին, որոնցից շատերը կա՛մ կենսունակ են մինչ օրս, կա՛մ ծառայել են իբրև նախատիպ բառակազմական զանազան կաղապարների համար։ Թվենք դրանցից մի քանիսը․ արտասանութիւն, արտափայլել, առարկութիւն, բաղդատել, գերազանցել, գերազանցորեն, գերապայծառ, գերապանծ, հակամիտել. մակագրութիւն, ներբողական, շարագիր, շարագրել, շարագրութիւն, շարադասել, շարադասութիւն, շարայարել, պարականոն, պարունակել, ստորագիր, ստորագրութիւն, վերածնութիւն։ Կան և մոռացված բառեր․ բացափայլել (պարզ դարձնել), յարահետևել, պարածածկել, վերահայեցող և այլն, և այլն։
Պետք է նկատել, որ Մովսես Խորենացին հիացել է գրական հունարենի ճոխությամբ և այդ լեզվի բարերար ազդեցությամբ ստեղծել է ինչպես շարահյուսական կապակցման ինքնօրինակ ձևեր, այնպես էլ նոր բառեր․ արեգակնատես, արքայորեն, բարեգեղ, բարեգնաց [գետ], բարեզարդութիւն, բարեհամ, բարեկարգութիւն, բարեյարմար, բարեվայելչութիւն, բոցակնագոյն, գեղապատշաճ, հավասարասէր [կշեռք], վարսագեղ [ծառ]։
Խորենացին կազմել է նաև մարդու բնավորությունը, հոգեկան աշխարհն ու ապրումներն արտահայտող բացառիկ դիպուկ ձևեր, օրինակ՝ այրասիրտ, անժուժկալ, անկասկածաբար, անվրդով, աշխատասիրութիւն, աշխատասիրել, արդարաբար, արժանահաւատ, արիաբար, արդարադատութիւն, բանական, բարերախտ, բարերախտութիւն, դեռահաւատ, եղբայրաբար, ընթերցասէր և այլն։
Պատմահայրը մեր լեզուն հարստացրել է պետական ու հասարակական հարաբերություններ արտահայտող մի շարք հասակցություններով, ինչպես՝ աթոռակալ, աթոռակալութիւն, աղքատանոց, աննշանակ, անբանութիւն, աշխարհակալութիւն. արքայանիստ, բազէակիր, բազմարձակ, բազմամարդացնել, բազմամարդութիւն, դիվանագիր, զրահազգեստ, թագադիր, թագակից։
Քիչ չեն նաև Խորենացու ստեղծած այն բառեր, որոնք վերաբերում են գիտությանը, արհեստներին, արվեստին, գյուղատնտեսությանը և այլն․ անբերութիւն, աշխարհագրութիւն, աշտարակաշինութիւն, առասպելաբանել, առասպելաբար, ասիական, արգասաւոր. արգաւանդահող, արձանագրութիւն, աւարտաբանութիւն, բազկակալ, բազմաբարբառ, բեմբասացութիւն, գծագրութիւն, գործակցել, գործառնութիւն, գրչութիւն, եղանակ, եղեգնապուրակ, ժամանակագիր, մանակագրութիւն, իրագործել, իրագործութիւն, իրական, իրակութիւն, ծննդաբանութիւն, ծովագնաց, կրկնագրել և ուրիշ շատ բառեր։
Այսպիսով՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» ոչ միայն պատագիտական անփոխարինելի գանձ է, այլև շքեղ հայերենի մեծագույն գանձարան։