Բարոն Մյունհաուզեն. այս անունը քեզ ծանո՞թ է: Հուսով եմ` այո: Չէ՞ որ նա հանրահայտ գրական հերոս է: Նրա մասին պատմող շա՜տ պատմություններ կան, որոնց հեղինակն է գերմանացի գրող Ռասպեն:
Մյունհաուզենի անհավանական ու զվարճալի արկածները տեղի են ունեցել որսի, ճամփորդության, պատերազմի ժամանակ: Դրանք նման են սուտլիկ պատմությունների, որոնց հավատալը, իհարկե, դժվար է: Բայց այնքա՜ն լավն են, որ հնարավոր չէ անտարբեր մնալ: Երբ կարդաս, դու էլ կհամոզվես: Գիտե՞ս, ես վերջերս իմացա, որ այդ բարոն Մյունհաուզենը հորինված կերպար չէ, նա եղել է իրականում: Չէ, չէ, մի՛ կարծիր, թե մյունհաուզենավարի ստում եմ: Ազնիվ խոսք, Գերմանիայի Բոդենվերդեր քաղաքում ապրել է մի մարդ` Հիրոնիմուս Կարլ Ֆրիդրիխ բարոն ֆոն Մյունհաուզեն անունով, որի կյանքը լի է եղել զարմանալի արկածներով: Երկար տարիներ նա ապրել ու ծառայել է Ռուսաստանում: Իսկ երբ վերադարձել է իր հայրենի քաղաքը, իր կալվածքում կառուցել է մի տաղավար, որտեղ հյուրեր է ընդունել:
Հետագայում այդ տաղավարն անվանել են «ստի տաղավար», որովհետև հենց այդտեղ հյուրընկալ տանտերը բոլորին սիրով պատմում էր իր զարմանահրաշ պատմությունները: Եվ պատմում էր այնպիսի ոգևորությամբ, որ դժվար էր տարբերել` որ մասն է իրական, որը` հորինված: Պատմությունները շուտով հայտնի դարձան ողջ Գերմանիայում: Եվ օրերից մի օր դրանք գրի առավ Ռասպեն: Այդպես մեր սիրելի բարոնը հանրահայտ դարձավ ողջ աշխարհում: Մյունհաուզենին սկսեցին անվանել «բարոն սուտասան», «փչանների թագավոր»: Այդ անուններն անկասկած վիրավորական էին Մյունհաուզենի համար: Բայց նա միշտ մնացել է հումորի մեծ զգացումով ու վառ երևակայությամբ մի մարդ:
Մեծ հորինողի պատվին իր հայրենի Բոդենվերդեր քաղաքում երկու արձան է կանգնեցված:
Մյունհաուզենի մասին տարբեր մուլտեր ու ֆիլմեր կան: Սիրվածներից է «Այն նույն Մյունհաուզենը» ռուսական ֆիլմը, որը քեզ էլ խորհուրդ կտանք դիտել: Լավ կլինի, որ մայրիկդ կամ հայրիկդ էլ քեզ միանան: Նախ որովհետև ծնողների հետ ֆիլմ դիտելը հաճելի է, և հետո` այս ֆիլմը հետաքրքիր է թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար:
Դե իհարկե, արժե նաև կարդալ Մյունհաուզենի մասին պատմող գիրքը: Հաստատ մի լավ կծիծաղես: